Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրավերով՝ այսօր ՔՊ-ական պատգամավորների 19 հոգուց բաղկացած խումբն այցելեց Գյումրի՝ լինելով ինչպես ավտոկայանի տնակային թաղամասում, այնպես էլ օր օրի փլուզվող վթարային մի քանի շենքերում՝ Տիգրան Մեծ, Իսահակյան 9ա, Անտառավան 26, որտեղ բնակվելը դարձել է կյանքի ու մահվան պայքար։


Կարդացեք նաև







«Մեր այցի նպատակն այն է, որ լսենք քաղաքացիներին, խնդիրները գույքագրենք։ Լսում ենք, թե ինչպես են պատկերացնում հենց քաղաքացիներն այդ խնդրի լուծումը, որովհետև վերջիվերջո լուծումը պիտի բխի հենց մեր քաղաքացիների ցանկություններից», -ասաց Արթուր Հովհաննիսյանը։

«Ընտրություններից 5-6 ամիս է անցել, 4,5 տարի կա, և մենք մեր գործով պիտի ապացուցենք, որ քաղաքացու կողքին ենք, խնդիրների լուծումն էլ՝ առանց քաղաքացու հետ խոսակցության, հնարավոր չէ պատկերացնել։
Այսինքն՝ Երևանում կառավարության շենքում կամ Ազգային ժողովի շենքում նստած հնարավոր չէ խորապես արձանագրել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն իրական կյանքում, հետևաբար և դրանց լուծումներն էլ հնարավոր չէ արդյունավետ մշակել, հենց դրա համար էլ մենք այստեղ ենք։ Այցերը ոչ միայն սահմանափակվելու են Շիրակի մարզով, մենք Վայոց Ձորում էինք, շարունակաբար Հայաստանի բոլոր անկյուններում, բոլոր մարզերում, բոլոր համայնքներում լինելու ենք՝ համապատասխան խնդիրները վեր հանելով, լուծումներ փնտրելով։
Մեր նպատակը տնակում ապրող մարդիկ չունենալն է, կոյուղի չունեցող ընտանիք չունենալն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց․ «Մենք նախորդ շաբաթվանից մեկնարկել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այցերի շարք հանրապետության բոլոր մարզերում, առաջինը եղանք Վայոց Ձորի մարզում, երկօրյա այց ունեցանք։ Եվ 2-դ կանգառը, ըստ էության սկսել ենք Շիրակի մարզում Գյումրի քաղաքով, ծանոթանալու ենք մի քանի խնդիրների՝ թե՛ քաղաքաշինական, աղետի գոտու հետևանքների վերացման տեսանկյունից, կրթական, տնտեսական։
Նպատակը հետևյալն է՝ խմբակցությունը, ինչպես որ հանձն է առել ընտրություններից առաջ մեր քաղաքացիներին, ժողովրդին հետ մեր կապը պահելու, անելու ենք մշտական և ամենօրյա ռեժիմով։ Այսօրվա այցը մեր խոստման առհավատչյան է, որովհետև մենք ասել ենք՝ մեր ժողովրդին չենք այցելելու միայն ընտրությունից ընտրություն։
Ընտրություններն անցել են, դեռ 4,5 տարի կա նոր ընտրություններին, բայց մենք շարունակելու ենք մեր հանրապետության բոլոր քաղաքներով, բոլոր բնակավայրերով, գյուղերով շրջել, լսել մեր հայրենակիցներին, նրանց դիտարկումները և բողոքները, արձանագրել, գույքագրել բոլոր խնդիրները»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Շիրակի մարզպետը մի քանի օր առաջ իր մամլո ասուլիսում տեղեկացրել էր պատգամավորների խմբի այցելության մասին։
«Եթե անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների, պետք է տեսնել խնդիրը, ոչ թե լսել, որ Գյումրիում կան տնակային թաղամասեր։ Իմ շատ գործընկերներ, ամենայն հարգանքով եմ, որոնք Երևանում են աշխատում, չեն պատկերացնում՝ ինչ ասել է տնակային թաղամաս, ինչ ասել է մինուս 25 աստիճանի տակ տնակում ապրել և ինչ ասել է գոյատևել»,- ասել էր Նազելի Բաղդասարյանը։
Պատգամավորների խումբը եղավ նաև Շիրակի պետական համալսարանում, այնուհետ մեկնեց Աշոցք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































