Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Մենք նրանց կերակրում ենք, թեև մեզ իսկ մթերքները չեն բավականացնում». Խոջալու, ինչ է այստեղ եղել. հատված Թաթուլ Հակոբյանի գրքից. JAMnews

Փետրվար 28,2022 10:52

JAMnews. Փետրվարի 26-ին Ադրբեջանում նշում են Խոջալուի դեպքերի 30-ամյակը։ Այս կապակցությամբ վերահրապարակում ենք Արցախյան հակամարտության փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքից հատվածներ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ։

Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994թ. հունվարին «Ճշմարտության պահը» հաղորդաշարի հյուրին`  Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին, հարցնում է Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երևի գերազանցի Խոջալուինը: Դա և Սումգայիթն է, և՛ Բաքվի ջարդերը, հայկական 28 գյուղերի հայաթափումը, դա և՛ հայկական Մարաղա գյուղի ողբերգությունն է»: «Խոջալուն հայտնվել էր մարտական գործողությունների կիզակետում, ընդ որում, ինչպես ինձ պատկերանում է, մարտնչող կողմերը պետք է զգուշավորությամբ մոտենան բնակավայրերի`  ռազմական նպատակներով օգտագործմանը. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Խոջալուում: Բուն բնակավայրում տեղակայված էր չորս հրանոթ և «Գրադ» կայանք, որոնցից անդադար ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Եվ եթե ինչ-որ ուժ վերածվում է դիրքի`  հրետանու, «Գրադի» հարվածի համար, ապա, բնականաբար, այդ կայանքներն իրենց վրա կրակ են հրավիրում: Դրա համար էլ, իսկապես, Խոջալուում ստեղծվեց մի իրավիճակ, որ ընթանում էին ծանր մարտեր բնակավայրի համար, և այդ մարտերի ընթացքում, իսկապես, տուժել է խաղաղ բնակչությունը»:

Երբ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանին խնդրել է պատմել Խոջալուի մասին, ստացել է այսպիսի պատասխան.

«Մենք այդ մասին բարձրաձայն չենք խոսում»: Զոհերի թվի մասով Սարգսյանը պնդել է, որ շատ բան չափազանցվել է, իսկ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել. «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կատակ են անում, նրանք կարծում էին, որ հայերը երբեք ձեռք չեն բարձրացնի քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը): Ահա թե ինչ կատարվեց: Նաև պետք է հաշվի առնել, որ այդ տղաների մեջ կային մարդիկ, որոնք փախել էին Բաքվից և Սումգայիթից»:

Պատերազմի տարիների ամենաերիտասարդ հրամանատարներից Սամվել Բաբայանը բոլորովին այլ բան է պատմում. «Խոջալուի գործողության ժամանակ ես պետք է և՛ Աղդամը պահեի, և՛ ապահովեի գետի հոսանքով անվտանգության միջանցք, որ ժողովուրդը կարողանար դուրս գալ, ինչն էլ կատարել եմ: Միջանցքը տրվել էր, բայց մի անհասկանալի բան տեղի ունեցավ: Աղդամի կողմից մեզ վրա հարձակվեցին: Բնակչությունը պետք է մեր դիրքերի արանքով անցներ և Աղդամ մտներ: Աղդամի ադրբեջանական ուժերի շրջանում տպավորություն է ստեղծվում, թե հայերն են անցնում: Բռնությունները կատարել են ադրբեջանական ուժերը` գիտակցաբար, թե ոչ, չգիտեմ: Մենք Խոջալուում բնաջնջում չենք իրականացրել: Ընդհանրապես, պատերազմի տարիներին մենք խաղաղ բնակչությանը թույլ ենք տվել, որ հեռանա: Քելբաջարում կարող էինք ճանապարհները փակել և 60 հազար մարդու կոտորել, բայց հատուկ մի քանի օր ռազմական գործողությունը հետաձգել, ճանապարհ ենք տվել»:

Խոջալուի բնակիչներից Սալման Աբասովը հետագայում բողոքել է. «Այդ ողբերգական իրադարձություններից մի քանի օր առաջ հայերը մեզ մի քանի անգամ ռադիոյով նախազգուշացնում էին, որ գրավելու են քաղաքը և պահանջում էին հեռանալ: Երկար ժամանակ Խոջալու էին թռչում ուղղաթիռներ, և պարզ չէր`  որևէ մեկը մտահոգվա՞ծ էր մեր ճակատագրով, հետաքրքրվո՞ւմ էր մեզանով: Գործնականում որևէ օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավորություն կար դուրս բերել կանանց, երեխաներին, ծերերին, մեզ համոզում էին դա չանել»:

Նախագահ Մութալիբովը Խոջալուի ողբերգությունից մեկ ամիս անց հարցազրույց է տալիս չեխ լրագրող Դանա Մազալովային:

Հարց. —Ինչ եք մտածում Խոջալուի դեպքերի մասին, որից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Ինչ—որ մեկը նախապես կրակել էր մարդկանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու փախչել: Հետո նրանց կացնահարել էին: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Մարտի 2-ին, նոր նկարահանումների ժամանակ այդ դիակների գանգամաշկերը հանված էին: Սա ինչ—որ տարօրինակ խաղ է:

Մութալիբով— Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այս ամենը կազմակերպված էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ—որ ուժ գործում էր հանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թե նման իրավիճակին հստակ և բանիմաց մոտեցում ցուցաբերող հայերը թույլ տային, որպեսզի ադրբեջանցիներն իրենց ֆաշիստական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերեին: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր պատկերն այսպիսին է`  հայերը, այնուամենայնիվ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է կրակեին: Հենց որ Խոջալուն շրջապատվեց տեխնիկայով, անմիջապես հարկավոր էր դուրս բերել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենքներից. մարդկանց պետք է փրկել: Իմ վարքագիծն օբյեկտիվ էր և միանշանակ. ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, սակայն ինչու դրանք Խոջալուում չկատարվեցին, ինձ համար պարզ չէ:

Հետագայում ևս, որոշ սրբագրումներով, Մութալիբովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչության հեռանալու համար միջանցք թողել են.

«Փետրվարի 25-ի երեկոյան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց առանց մանրամասների, հանգուցյալ ներքգործնախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարյուր մարդ գնդակահարվել են հենց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախոսը և զանգահարեցի Ղարաբաղի ղեկավար ոմն (Արթուր) Մկրտչյանի: Ես նրա հետ ծանոթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտեի: Ես նրան զայրացած հարցրեցի, թե ինչպե՞ս է հնարավոր Խոջալուում գնդակահարել գրեթե հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիորեն հետևյալը. «Ինչ հիմարություններ, մենք Խոջալուում ոչ մեկին չենք գնդակահարել: Մինչև Խոջալուն վերցնելն այնտեղ ոչ ոք արդեն չկար, քանի որ մենք միջանցք էինք տվել, և բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մոտ: Նրանք պրոֆտեխուսումնարանի շենքում են: Մենք նրանց կերակրում ենք, թեև մեզ իսկ մթերքները չեն բավականացնում»:

«Ես չհավատացի նրան: Հեռախոսի մոտ խնդրեցի Արմեն Իսագուլովին, ով ոստիկանության վարչության պետն էր: Նա էլ հայտնեց, որ մարդկանց միջանցք են տվել: Ահա թե ինչու, ես այն ժամանակ հարցազրույցում ասացի, որ ինձ հաղորդել են խաղաղ բնակչությանը միջանցք տրամադրելու մասին: Բայց ես չեմ պնդել, որ իրականում այդ միջանցքը եղել է, թե՝ ոչ: Ես ուղղակի վկայակոչել էի վերոնշյալ հեռախոսային խոսակցությունը… Ի դեպ, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկույցում սեւը սպիտակի վրա գրված է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Էլման Մամեդովը»,- ասել է Մութալիբովը:

Փետրվարի 27-ին Բաքվի թերթերը գրում են երկու, և միայն «Սեհերն» է հաղորդում հարյուրավոր սպանվածների մասին:

Լրագրող Շամիլ Ալեքպերլին հիշում է. «Փետրվարի 22-ին Աղդամում էի, դրությունը ծայրահեղ ծանր էր: Մի քանի անգամ անհաջող փորձեցի հասնել Խոջալու, հետո որոշեցի դիմել ինքնապաշտպանական գումարտակների հրամանատարներ Շիրին Միրզոևին ու Ալլահվերդի Բաղիրովին: Ասացին, որ Խոջալուից պատրաստվում են դուրս բերել խաղաղ բնակչությանը, և դրա համար Ասկերանի շրջանի ուղղությամբ բացված է միջանցք: Ինձ խորհուրդ տվեցին մի քանի օր սպասել: Բայց Խոջալուն ապաշրջափակելու սպասվող գործողությունը, չգիտես ինչու, այդպես էլ չկայացավ, մինչև այսօր ինձ հայտնի չէ`  ինչը խանգարեց: Ես ուղևորվեցի Աղդամի քաղխորհրդի շենք, որտեղ ունկնդիր եղա Ադրբեջանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Թամերլան Ղարաևի և Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովի միջևհեռախոսազրույցին: Ղարաևը շատ վստահ տոնով ասում էր, որ «անհանգստանալու հիմքեր չկան», այսօր կամ վաղը «մենք միասին Խոջալուում թեյելու ենք»։

Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը ողբերգությունից մի քանի օր անց խոստովանել է.

«Մենք գիտեինք, որ այդ միջանցքը խաղաղ բնակչության հեռանալու համար էր»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28