Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ոգին չի կոտրվի

Մարտ 22,2022 20:45

Մարտի 22-ը ժողովրդական դերասան ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ հիշատակի օրն է:

-Պարոն Ջանիբեկյան, Դուք հայ թատերարվեստի երախտավոր Գուրգեն Ջանիբեկյանի որդին եք։ Ես ուզում եմ օգտվենք պատեհ առիթից ու այս զրույցի շրջանակում հիշենք նաեւ Գուրգեն Ջանիբեկյանին։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր նա կենցաղային հարաբերություններում, ընտանիքում, բարեկամների, ընկերների հետ շփվելիս։

-Գուրգեն Ջանիբեկյանը արտիստ էր։ Նա անկեղծ էր ինչպես բեմի վրա, այնպես էլ կյանքում, մանկան նման պարզ էր, անխարդախ, պայծառ։ Միեւնույն ժամանակ շատ հզոր էր ու համարձակ։

…Գուրգեն Ջանիբեկյանը երբեմն հակասական էր. գիտեք՝ հայրս ինչպես է ամուսնացել մորս հետ. մայրս՝ Սաթենիկը, գեղեցկուհի էր, խելացի կին էր, զարգացած, ինքնիշխան։ Չարենցն ու հայրս պայքարել են մորս սիրտը նվաճելու համար, իսկ մայրս ամուսնացած է եղել այդ ժամանակ։ Մի օր հայրս որոշել է ու ամուսնու տնից փախցրել է մորս ու նրա երեխային։

-Ո՞վ էր զբաղվում Ձեր դաստիարակությամբ։

-Ոչ ոք։ Ոչ ոք ժամանակ չուներ ինձնով զբաղվելու։ Հայրս զբաղված էր թատրոնով, իսկ մայրս աչալուրջ հսկում էր հորս. չլինի թե սիրուհի ունենա։ Իմ կյանքը բաղկացած էր երկու միանգամայն տարբեր աշխարհներից՝ փողոցը եւ թատրոնը։ Ես առավոտից մինչեւ մթնելը փողոցում էի. կեղտոտ, մրոտ, ոտաբոբիկ, քերծած ծնկներով ու արմունկներով, պլոկված երեսով։ Վեճ, տուրուդմփոց, խուլիգանություն՝ ինչ ասես, որ չեմ արել։ Մի անգամ պատահմամբ փողոցում մորս հանդիպեցի։ Անցնում էր մայթով՝ իր ողջ շքեղությամբ, նորաձեւ հագնված, հովանոցով, գեղեցիկ։ Մեկ էլ ես անջատվեցի «հրոսակախմբից» ու վազեցի դեպի մայթ։ Մամ՝ կանչեցի, մի ռուբլի տուր, մարոժնի առնեմ։ Մայրս առանց բառ ծպտալու արագ ինձ մեկնեց փողը ու վախեցած զննեց շուրջը. հո մարդ չտեսա՞վ, որ այդ մուրացկանի տեսքով երեխան իրեն մամա է ասում։ Երեկոյան ես գալիս էի տուն, դառնում մաքուր, կոկիկ, օրինավոր երեխա ու միանգամից հայտնվում այնպիսի մարդկանց շրջանում, որոնց անունները միայն պատկառանք են ներշնչում՝ Վարդեն Աճեմյան, Ավետ Ավետյան, Հրաչյա Ներսիսյան, լսում էի նրանց զրույցները։ Ժամերով հետեւում էի, թե հայրս ինչպես է պատրաստում հերթական դերը։ Հետո հայրս ձեռքս բռնած տանում էր ներկայացումներ դիտելու։

-Դպրոցում ինչպե՞ս եք սովորել, ի՞նչ նախասիրություններ եք ունեցել։

-Դպրոցի մասին մի խոսիր։ Շատ վատ եմ սովորել։ Շատ, շատ էի անկարգ։ Վատ վարքի համար հինգ դպրոց եմ փոխել։ Դուրս ընկած ծնոտիս պատճառով ինչքան եմ ծեծել ու ծեծվել, ինձ ասում էին՝ չան (ծնոտ), ես էլ տուրուդմփոց էի սարքում… Դե, ինչ նախասիրություն պիտի ունենար Գուրգեն Ջանիբեկյանի որդին՝ խաղում էի, մեր պատշգամբում վարագույր էի կապել ու թատրոն էի խաղում։

-Պարոն Ջանիբեկյան, Դուք այն մտավորականներից եք…

-Ես մտավորական չեմ, ես դերասան եմ, ռանչպար մարդ եմ։ Մտավորականը Գուրգեն Ջանիբեկյանն էր, Հրաչյա Ներսիսյանը… Մտավորականը առաջնորդ է՝ ուրիշների ցավով ապրող, աշխարհը փոխող։ Մտավորականը նվիրյալ է… Պետք չէ վերն ու վարը շփոթել։ Հիմա, ով գրիչ բռնել գիտի, իրեն մտավորական է կոչում։

-Որտե՞ղ էիք 5-6 տարի։ Ասում են՝ Ձեր շանն առել, փակվել էիք Գառնիում՝ մայրաքաղաքից հեռու, թատրոնից հեռու, թշնամի-բարեկամներից հեռու…

-Խռովել էի աշխարհից… թատրոնից էի խռովել, ընկերներիցս, իշխանավորներից էի խռովել։ Փախել էի։ Նյութապաշտությունից էի փախել, քաղքենիությունից, սիրո, բարության, արժանապատվության ու վեհության պակասից, սառնությունից, գորշությունից, արվեստի արժեզրկումից, թատրոնի նվաստացումից։ Քաոսից։ Ինձ մտավորական եք ասում. գիտե՞ք, եղավ մի պահ, երբ ցանկանում էի գետնանցումներում շրթհարմոն նվագելով փող աշխատել։ Իմ կարծիքով՝ ավելի լավ էր շրթհարմոն նվագել, քան սողալ իշխանավորների ոտքերի տակ, կամ իջնել անարվեստ, անճաշակ ներկայացումներում խաղալու աստիճանի։ Փողոցում շրթհարմոն նվագող մտավորական կլինի՞… Ես այսպիսին եմ ու չեմ ուզում ուրիշ լինել։

-Վերջերս Դուք հինգերորդ անգամ ամուսնացաք եւ վերադարձաք «ինքնաքսորից»։

-Ես սիրել եմ իմ բոլոր կանանց։ Իմ բոլոր երեխաները մեծ սիրո պտուղ են։ Բոլորը գիտեն, որ ես շատ լավ հայր եմ, երբեք չեմ անտեսում, չեմ լքում երեխաներիս։ Ձեր աչքերի մեջ կարդում եմ, որ Դուք ուզում եք հարցնել, թե ի՞նչ եմ փնտրում կանանց մեջ։ Ընկեր եմ փնտրում, սեր եմ փնտրում, մտերմություն եմ փնտրում։ Կանայք առեղծված են, կանայք ուժեղ են։ Կանայք կարող են իրենց սիրող տղամարդուն արքա դարձնել եւ… կարող են ոչնչացնել։

-Դուք վերադարձաք «Սարերում կյանք կա» ներկայացումով, որտեղ գլխավոր հերոսի դերակատարն եք։ Ձեզ սրտամո՞տ է պիեսի ասելիքը, Ձեր կերպարը։

– Ամեն ինչ սիրուց է ծնվում։ Ծառը, ծաղիկը, մողեսը, մարդը սիրո ծնունդ են։ Մարդուն մարդ պահող ամենաօրհնված, ամենավեհացնող զգացումը ցավն է։ Երբ տեսնում ես կողքիդ տառապող մարդ կա, պիտի ցավ զգաս։

-Գո՞հ եք այսօրվա թատրոնից։

-Ինչի՞ց գոհ լինեմ։ Ես ազգային թատրոն եմ ուզում, ուզում եմ բեմի վրա տեսնել հայ մարդու արվեստը, մտահոգությունները։ Համլետն ու Դոն Կիխոտը հանճարեղ են, բայց մեր Սասունցի Դավիթը, Քաջ Նազարը, Արցախում հաղթած քաջազունն ու մեր իրականության կերպարները ոչնչով չեն զիջում։ Ես ցանկանում եմ բեմի վրա տեսնել այսօրվա հային՝ իր պատմական խնդիրներով, ներկայով, ավուր հոգսերով, մտածողությամբ, իր լավուվատով։ Մենք մեզ, մեր իրականությունը հասկանալու խնդիր ունենք։ «Սարերում կյանք կա» ներկայացումը մեծ հաջողություն ունի, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ դահլիճը լեփ լեցուն է, որովհետեւ հանդիսատեսը գալիս է բեմի վրա տեսնելու ինքն իրեն, իր խոհերը, ապրումները, ցավերը, ուրախությունները, երազանքները…

Ինչի՞ նման է, հաղթած զինվորին, Արցախյան պատերազմին նվիրված մի կարգին ներկայացում, մի կարգին ֆիլմ չունենք։ Ինչո՞ւ հայ արվեստագետին՝ դրամատուրգին, բեմադրիչին չեն հուզում, ոգեշնչում, խանդավառում մեր համազգային հաղթանակները։ 600 տարվա ընդմիջումից հետո անկախություն ունեցանք, հարյուրամյակների կորուստներից հետո հաղթեցինք, հող ազատագրեցինք։

-Ի՞նչ կարծիք ունեք Ձեր որդու՝ Սոս Ջանիբեկյանի դերասանական վարպետության մասին։ Ձեր փառքը օգնո՞ւմ է նրան, թե՞ խանգարում։

-Խանգարում է։ Ինչպես ինձ է խանգարել Գուրգեն Ջանիբեկյանի փառքը։ Երբ լավ էի խաղում, ասում էին՝ հոր շնորհքն է, հայրն է օգնել։ Երբ վատ էի խաղում, ասում էին՝ նույնիսկ հայրը չի կարողացել շտկել… Ինձ անընդհատ համեմատում էին հորս հետ։ Ես մեծ ջանքերի գնով «ազատվեցի» հորս կերպարից, հասկացրի մարդկանց, որ ես Գուրգեն Ջանիբեկյանը չեմ, Կարենն եմ, ես ուրիշ մարդ եմ… Սոս Ջանիբեկյանն օժտված դերասան է։ Նա ավարտել է թատրոնի եւ կինոյի ինստիտուտի օպերատորական բաժինը։ Նույնիսկ լավ է, որ դերասանական բաժնում չի սովորել. ո՞վ գիտի՝ օգո՞ւտը շատ կլիներ, թե՞ վնասը։ Ես կարծում եմ, որ ճաշակը, կերպարի զգացողությունը, ներքին կուլտուրան, դիտողունակությունը ոչ մի բուհում չեն սովորեցնում, այդ ամենը բնատուր է։

-Ի՞նչ խորհուրդներ, վարպետության ի՞նչ դասեր եք տվել Ձեր որդուն՝ որպես ավելի փորձառու, ավելի հմուտ դերասան։

-Գուցե զարմանաք, ես նրան մարդ լինելու դասեր եմ տվել։ Ասել եմ՝ երբեք գլուխդ չկորցնես հաջողությունից, երբեք որեւէ մեկին վերեւից չնայես։ Մի շատ լավ դերասան կար՝ Արթուր անունով, տաղանդավոր տղա էր։ Կյանքը կոտրեց նրան, չկարողացավ պայքարել, ի վերջո թափառաշրջիկ դարձավ։ Եթե ճակատագիրը քո հանդեպ բարեհաճ է եղել, դա չի նշանակում, որ դու ուրիշներից լավն ես։

-Նիցշեն ասում էր՝ մի վիրավորիր մարդուն։ Գուցե նա Մոցարտ է…

-Մի վիրավորիր մարդուն, եթե անգամ նա Մոցարտ չէ… Ուշադիր նայիր շուրջդ, մի՛ նայիր, այլ տե՛ս… զգա՛… ապրի՛ր։ Դերասանական վարպետության դասե՞ր են… Եվ այո՛, եւ ո՛չ։

-Մի խորհուրդ էլ սահման պահող զինվորին տվեք։

-Ես ի՞նչ ասեմ զինվորին, զինվո՛րը պիտի ինձ ասի։ Զինվորն ավելի լավ գիտի հայրենիքի արժեքը։ Ես շատ դժվար օրեր եմ ապրել, սոված եմ եղել, անփող, հուսահատ, բայց Հայաստանից չեմ հեռացել, թեեւ արտերկրում ապրելու եւ աշխատելու հնարավորություն միշտ էլ ունեցել եմ։ Ես պիտի ոտքիս տակ ի՛մ հողը զգամ, ի՛մ երկրի օդը շնչեմ, մարդկանց՝ իմ հայրենակիցներին (լավ ու վատ) բարի լույս ասեմ ի՛մ լեզվով։

Ինձ շատ է հուզում արտագաղթը։ Հայրենիքի մասին չէ մտահոգությունս (հայրենիքը հզոր է, հայրենիքը կապրի), ես այն մարդկանց մասին եմ մտածում, որոնք քամու բերանն ընկած տերեւի նման բախտ են որոնում օտարության մեջ։ Ես պատկերում եմ նրանց՝ խեղճ, շփոթված, վախվորած, տարագիր, ու սիրտս ցավում է։

Հայրենիքը… Ո՞վ է հայրենիքը, որտե՞ղ է հայրենիքը։ Բանակը հայրենիք է, զինվորը հայրենիք է։ Հայրենիքը հեշտ է «սիրել», երբ չգիտես ի՞նչ կամ ո՞ւմ ես սիրում։ Բանակը սիրենք, զինվորին սիրենք։ Օգնենք։ Օգնենք, որ երկիրը ոտքի կանգնի, որ բանակն ուժեղ լինի, որ զինվորը հպարտ լինի, որ հայը իր երկրում ապրի։ Ես հավատով եմ նայում ապագային։ Ես վստահ եմ, որ թուրքերը, կարիճի պես իրենք իրենց թունավորելով, ի վերջո հեռանալու են պատմության թատերաբեմից, որովհետեւ սուտը, չարությունը չեն կարող հավերժական լինել։ Ես վստահ եմ, որ մեր պատմական հողերը միավորվելու են։ Վստահ եմ, որ մեր ոգին չի կոտրվի։

Գայանե Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031