Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տաթեւ-Լծեն հատվածը, որ Սիսիանի մոտակայքում պետք է միանա Մ2 ճանապարհին, եւ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, որի արդյունքում Կապանից Երեւան կունենանք եւս մի նոր ճանապարհ, որը Տաթեւի ոլորանները կշրջանցի: Ե՛ւ ժամանակի ե՛ւ կիլոմետրի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ կլինի»,-ասաց նա՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվելով՝ այս տարի ավարտին կհասցվի՞ այդ ճանապարհը:

Նախարարն ասաց, որ այդտեղ կան ճանապարհներ, որոնք եռաշերտ ասֆալտով են եւ պետք է հասկանան՝ անհրաժեշտություն կա՞ երրորդ շերտի տեղադրումն այս տարի, թե՞ թողնեն հաջորդ տարի:
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ ճանապարհի որակն այն չէ, ապա հավելեց, որ ճանապարհը դեռ պատրաստ չէ, շինարարությունն ավարտված չէ եւ անհարմարությունները դրանով են պայմանավորված:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































