Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. «Օրվա իշխանությունը Արցախը հանձնում է, եւ կասկած չունեմ, որ պատրաստ է լինելու հանձնել նաեւ Սյունիքը՝ այդ ամենը քողարկելով հայրենասիրական կոչերով ու ելույթներով»

Ապրիլ 04,2022 12:21

«Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի տարածքային անվտանգությանն ու արցախցիների օրհասական վիճակին՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց. «Տեղի է ունենում կանխատեսելի գործընթաց: Օրվա իշխանությունը Արցախը հանձնում է: Կասկած անգամ չունեմ, որ պատրաստ է լինելու հանձնել նաեւ Սյունիքը: Եվ այդ ամենը քողարկված է լինելու հայրենասիրական կոչերով ու ելույթներով:

Հռետորական մի հարց եմ ուզում տալ, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ինքնուրույն հետեւություն անել: Գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն չեն թաքցնում, որ նոր պատերազմի վտանգը մեծ է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարված հասցնել: Իրենք ընդունում են, որ առկա է պատերազմի վտանգ: Ինչպիսի՞ն պետք է լինի պետականակենտրոն, ադեկվատ, նորմալ իշխանության ռեակցիան ակտուալ արտաքին վտանգի հանդեպ: Այսինքն, ի՞նչ պետք է անի պատասխանատու իշխանությունը: Պետք է երկիրը արագ պատրաստի պաշտպանության, իհարկե, նաեւ դիվանագիտական ողջ ռեսուրսը օգտագործելով պատերազմը կանխելու համար:

Ցանկացած դիվանագիտություն արդյունավետ է, եթե ինքդ քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, եթե ուժեղ ես, կարող ես ուժ հակադրել ագրեսորին: Գործող իշխանությունը ընդունում է, որ կա պատերազմի վտանգ, բայց ՀՀ զինված ուժերը չունեն գլխավոր շտաբի պետ: Կա պաշտոնակատար:

Անձերը դնում եմ մի կողմ եւ հետեւյալ հարցադրումն եմ անում. ակտուալ արտաքին վտանգի պայմաններում հնարավո՞ր է կազմակերպել արդյունավետ պաշտպանություն, երբ ԳՇ-ն չունի ղեկավար: Հատկապես ճգնաժամային իրավիճակում պաշտոնակատար լինելու հանգամանքը անպայման ազդելու է կառավարման արդյունավետության վրա: Ես հիմնավոր կասկած ունեմ առ այն, որ սա արվել է միտումնավոր, որպեսզի հնարավոր լայնամասշտաբ ռազմագործողությունների պարագայում ի թիվս այլ գործոնների, ի հայտ գա նաեւ կառավարման ճգնաժամ, ինչը Ադրբեջանի համար ավելի դյուրին, հեշտ կդարձնի տարածքներ զավթելը: Թիրախում Սյունիքն է: Իսկ հետագայում Նիկոլ Փաշինյանը մեղքը կբարդի բանակի վրա եւ ճգնաժամի, աղետի ֆոնին ավելի հեշտ կստորագրի այն ամենը, ինչ դժվար է ստորագրել անգամ այսօրվա վիրավոր Հայաստանի համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930