Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդը հայրենիքն է պաշտպանել, հաշմանդամ դարձել ու հիմնադրամից հատուցում ստացել, աշխատանքային թոշակ չի ստանա

Ապրիլ 05,2022 16:18 Share

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական կենսաթոշակների» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթը: Գործող օրենքներով, եթե մարդը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման Զինծառայողների հատուցման հիմնադրամից ստանում է հատուցում, չի կարող զինծառայողի կենսաթոշակ ստանալ: Նման կարգավորում կա նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով պարգեւավճարների համար: Այս դեպքում մարդը չի կարող զինհաշմանդամության թոշակ ստանալ. «Զոհված զինծառայողի ընտանիքի անդամը, որը հիմնադրամից հատուցում է ստանում, չի կարող ստանալ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, սակայն կարող է ստանալ աշխատանքային կենսաթոշակ կամ նպաստ:

Առաջարկվում է սահմանել հավասար պայմաններ ինչպես զինվորական թոշակ, այնպես էլ աշխատանքային թոշակ ստանալու համար:

Դավիթ Խաչատրյան

Ըստ կառավարության ներկայացուցչի, խնդիրը պետք է այնպես կարգավորել, որ անձը կարողանա հիմնադրամից ստանալ հատուցում եւ միաժամանակ տարիքային, երկարամյա ծառայության, մասնակի, արտոնյալ աշխատանքային կենսաթոշակներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ծերության նպաստ: Իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք անձը կունենա, եթե այդ կենսաթոշակը կամ նպաստը չի նշանակվում մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողի գծով:

Թադեւոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց՝ եթե անձը գնացել է հայրենիքը պաշտպանելու ու ստացել է հաշմանդամություն ու հիմնադրամից հատուցում, եթե այս օրենքը ընդունվի, իրեն չե՞ք տալու աշխատանքային կենսաթոշակ: Դավիթ Խաչատրյանը պատասխանեց, որ եթե հաշմանդամությունը ժամկետով է, հիմնադրամից կստանա այնքան ժամանակ, մինչեւ ժամկետը կլրանա, որն առավելագույնը 20 տարի է:

Թադեւոս Ավետիսյանը զարմացած էր, թե ինչու է այս հարցը կառավարության նիստում որպես «չզեկուցվող» գնահատվել: Բացի այդ, նա ընդգծեց, որ հիմնադրամի միջոցները աշխատավարձից մասհանումներով են գոյանում, բյուջեով չի, փոխհատուցման նպատակն էլ է տարբեր. «Երբ մարդը աշխատել է, ձեռք է բերել այդ թոշակի իրավունքը, նա սոցվճարներ է վճարել, ստաժ է առաջացել, գոյություն ունի կենսաթոշակային բաշխողական համակարգը, որով գոյացել է իր կենսաթոշակը: Հիմա այդ մարդը նաեւ հայրենիքն է պաշտպանել, ստացել վիրավորում, կամ Աստված չանի, իր կյանքն է կորցրել ու իր երեխաները պետք է ստանան կերակրողին կորցնելու նպաստ, դուք ասում եք՝ գիտեք, այս մեկը որ տալիս ենք, եկեք այս մեկը չտանք: Ի՞նչ կապ ունի պետությունը հիմնադրամի հետ: Մեկը իրավունքի համար կենսաթոշակ է, մյուսը՝ վարքագծի համար հատուցում: Ո՞ւմ մտքով են անցել այս լուծումները»:

Փոխնախարարը պատասխանեց, որ եթե իրենք են բերել նախագիծը, ուրեմն իրենց մտքով է անցել:

Թադեւոս Ավետիսյանն առաջարկեց հակառակ լուծումը տալ՝ ոչ թե մարդուն զրկել աշխատանքային թոշակից, այլ այդ երկու վճարումները չկապել իրար հետ. «Մարդը իր արյամբ վաստակել է հատուցումը հիմնադրամից, իսկ թոշակ ստանալու իրավունքն էլ ձեռք է բերել՝ աշխատելով:

Առաջարկի մասին հանձնաժողովականներն ասացին, որ աշխատանքային քննարկում կանեն, դիրքորոշում կհայտնեն: Նախագիծը նախնական տեսքով դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930