Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով ի վիճակի չի լինելու մրցել թուրքականի հետ, ինչպես այսօր, օրինակ, այլեւս մրցունակ չէ վրացականի համեմատ». Վահե Դավթյան. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 12,2022 11:17
hosanq

ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը վերջերս առիթով նշել էր, թե 2008 թ. Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է 1,5 մլրդ կվտժ էլէներգիա արտահանել Թուրքիա։ Եվ հիմա Թուրքիային, Ա. Մարջանյանի խոսքով, պետք է առաջարկել անմիջապես վերագործարկել Կարս-Գյումրի բարձրավոլտ գիծը, ինչի համար «պետք չեն ոչ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ոչ էլ որեւիցե այլ ծանր իրագործելի գործառույթներ, իսկ այդ վերագործարկումը եւ էլներգիայի արտահանումը թույլ կտան ենթակառուցվածքային կմախք տրամադրել, որը կկայունացնի այս գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի եւ ընդհանրապես տարածաշրջանում ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ»։

Որքանո՞վ է հնարավոր այս գծի վերաթողարկումը, կամ որ ավելի ստույգ՝ ի՞նչ կտա այն մեզ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է նախ պատասխանենք մի շարք այլ հարցերի. նախ՝ Թուրքիան բավական ակտիվ տեմպերով էլէլներգիա գեներացնող օբյեկտներ է կառուցում, եւ այս պայմաններում արդյո՞ք այդ պետությունն ունի մեր էլեկտրաէներգիայի կարիքը, եւ հետո՝ այս տարվա փետրվարից մեր էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվել է, ինչը ենթադրում է, որ ընկերությունները կարող են էլէներգիա ներկրել Հայաստան եւ ներկրել՝ նույն Թուրքիայից, հաշվի առնվա՞ծ են ռիսկերը։ Պարզաբանումներ ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին, ով նաեւ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ-ի նախագահն է։

«ՀՀ»-ի դիտարկումներին ի պատասխան՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը շեշտեց, թե դիտարկել 2008-2010 թթ. ու այսօրվա ժամանակահատվածը մի հարթության վրա, առնվազն սխալ է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: «Դրանցից, թերեւս, ամենակարեւորն այն է,- ասաց նա,- որ երբ կնքվում էր համապատասխան փաստաթուղթը, Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի պակաս, որը գնահատվում էր տարեկան մինչեւ 80 մլրդ կՎտ.ժ: Բայց այս տարիների ընթացքում թուրքական էներգետիկ համակարգը էական զարգացում է ապրել՝ հատկապես նոր հզորությունների ձեւավորման մասով: Բավական է նշել Աքքույու ԱԷԿ-ի նախագիծը՝ 4800 ՄՎտ հզորությամբ, եւս 2 կառուցվող ատոմակայաններ Ֆրակիայում ու Սինոպում, շուրջ 600 փոքր ՀԷԿ-երի վերազինումը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում հավակնոտ ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի կշիռը Թուրքիայում այսօր կազմում է մոտ 15 տոկոս, իսկ հիդրոէներգետիկայի զարգացման մասով երկիրն այսօր մտնում է աշխարհի առաջին տասնյակի մեջ: Առաջիկա 2 տարվա ընթացքում Թուրքիայում նախատեսվում է իրականացնել շուրջ 240 նոր նախագիծ վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ ապահովելով մոտ 9200 ՄՎտ էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թ. ավարտը ամբողջությամբ հաղթահարել էլեկտրաէներգիայի պակասորդը ու, ինչն ամենակարեւորն է, 2025-ից ի վեր սկսել ակտիվորեն զարգացնել արտահանման ռազմավարությունը: Դա առավել քան հստակ նշված է Թուրքիայի՝ էներգետիկ ոլորտում հաստատված մի շարք ռազմավարական փաստաթղթերում»:

Մենք խնդրո առարկան պետք է դիտարկենք նաեւ մեկ այլ համապատկերում. ինչպես արդեն ասացինք՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ու լիցենզավորված ընկերությունները հնարավորություն ունեն էլեկտրաէներգիա ներկրելու։ Վահե Դավթյանը չի բացառում, որ ունենանք ճիշտ հակառակ պատկերը, այսինքն՝ հանդես գանք ոչ թե որպես էլեկտրաէներգիա արտահանող, այլ ներկրող երկիր: Ու դա՝ երկրում առկա էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելցուկի պայմաններում: «Այս սցենարը կարող է կյանքի կոչվել՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով ի վիճակի չի լինելու մրցել թուրքականի հետ, ինչպես այսօր, օրինակ, այլեւս մրցունակ չէ վրացականի համեմատ»,- ասաց մեր զրուցակիցը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930