Այսօր ԱԺ-ում լրագրողները ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ ձեզ համար հարցեր չե՞ն առաջանում, երբ Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանի նախաձեռնած բողոքի ցույցին մասնակցում են մարդիկ, որոնք ձեր իշխանության ժամանակ պաշտոն են զբաղեցրել, մասնավորապես, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ձեր նշած անձինք պաշտոնից ազատվելուց կամ հեռացվելուց հետո անմիջապես անցել են ընդդիմադիր դաշտ ու փորձել են որոշակի գործողություններ այնտեղ ծավալել: Իմ ունեցած տեղեկություններով, նրանցից ոչ ոք, իշխանության մաս կազմելու ժամանակ, երբ հարմարավետորեն տեղավորված էին իրենց պաշտոնական աթոռներին, որեւէ անհամաձայնություն չեն հայտնել քաղաքական գործընթացների հետ ու միայն հեռացվելուց ու այդ պաշտոնից ազատվելուց հետո են …Խոսքը չի վերաբերվում միայն այն անձանց, ում նշեցիք: Այդ գործողությունները զուտ տեղավորվում են իշխանությունից ընդդիմություն անցնելու քաղաքական ենթատեքստի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































