Լրահոս
Օրվա լրահոսը

Զրահաբաճկոն եւ սաղավարտ. ինչո՞ւ պահանջարկը չի բավարարվել այն ժամանակ, երբ սկսվել է պատերազմը

Ապրիլ 25,2022 14:00

«1-ին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ապրիլի 13-ին՝ ԱԺ ամբիոնից, ինչին հետեւեցին ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պարզաբանումները։ Նախ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով այժմ կալանավորի կարգավիճակում է, հայտարարություն տարածեց. «ՀՀ ԶՈՒ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»։

Այնուհետեւ Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գլխավոր ռազմական տեսուչ աշխատած Մովսես Հակոբյանը Hraparak.am-ին ասաց, որ ե՛ւ Նիկոլ Փաշինյանն է ստում, ե՛ւ Դավիթ Տոնոյանը. «Տոնոյանը պիտի, որպես պաշտպանության նախարար, հասկանա, որ զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ։ Երկրորդ. զինված ուժերը, առկա ուժերը եւ այն անձնակազմը, ովքեր կցագրված են, պատերազմի ժամանակ՝ բոլորի համար սաղավարտ եւ զրահաբաճկոն եղել է, չի եղել կամավորականների համար, որն ապօրինի է։ Կամավորական ջոկատներն ապօրինի կառույցներ են, չի նախատեսվում ոչ մի օրենքով, ոչ մի հրամանագրով։ Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ եւ զրահաբաճկոն չի տրամադրվել։ Բանակի քանդման, մեր պարտության հիմքն է դրել կամավորական ջոկատների գնալը, շատ վատ բան եմ, չէ՞, ասում… դա մեծ վնաս էր»։

Նախ վերհիշենք, թե սաղավարտների եւ զրահաբաճկոնի խնդիրն առաջին անգամ ինչ համատեքստում դարձավ քննարկման առարկա։ Դեռեւս պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով այսպես դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված եւ քաղաքացիական կյանքում գտնվող զինվորներին. «Խնդիրն այն է, որ վերջին տարում զորացրված մեր տղաները գործնականում մեր ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են։ Խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը։ Ով ունի պատահաբար սաղավարտ, զրահաբաճկոն, որովհետեւ ասում եմ` սա մոբ ռեսուրսի մեջ չի մտնում եւ ընդհանրապես նախատեսված էլ չի, կամ եթե ուրիշ մարդիկ ունեն տաք բուշլատներ, եթե կան սաղավարտներ ու զրահաբաճկոններ, իրենք էլ ուղղակի տանեն, թողնեն դրանք կենտրոնական հավաքակայանում»։

Մատնանշենք նաեւ մի քանի հարցազրույցներ եւ հայտարարություններ, որոնք փաստում են խնդրի հետեւանքների մասին։

-Այսպես, փաստաբան Վարազդատ Հարությունյանը դեռեւս 2021թ. փետրվարին հետեւյալ գրառումն էր արել. «Չգիտեմ ինչքանով են նոր զրահաբաճկոն ձեռք բերել, բայց մեզ անգամ հին զրահաբաճկոն ու սաղավարտ էլ չհասավ: Շատերը, որոնք կռվել են, հաստատ լսել են «տղե՛րք, բռոնին ու կասկեն վիզ դնելու վրայա» արտահայտությունը: Երեւի հասկանում եք պատերազմի դաշտում «վիզ դնելը» ինչ է նշանակում»։

-2020թ. դեկտեմբերին Էջմիածնի զորամասի տարածքում անհետ կորածների հարազատներն ուշագրավ երկխոսություն ունեցան հրամանատար Արսեն Աբգարյանի հետ։ Ծնողները բորբոքվեցին, թե ինչպե՞ս կարող են զինվորներին տանել պատերազմ առանց զրահաբաճկոնի եւ սաղավարտի։ «Ես ասում եմ, ես իմացել եմ, որ չեմ ունեցել դա։ Պարզ ասում եմ, դա եղել է»,-ասաց Արսեն Աբգարյանը։ «Բա ո՞ւր եք տանում զինվորին առաջնագիծ»,-պատասխանեց անհետ կորածի հարազատը։ «Ես ասում եմ՝ հրաման են տվել, կատարել եմ»,-ասաց Արսեն Աբգարյանը։

-2020 դեկտեմբերին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն Armnews-ի հետ զրույցում ասել էր. «Կամավորականները սաղավարտ ու զրահաբաճկոն չունեին, մեր հրետանին քողարկված չէր, խրամատները ողբալի վիճակում էին»։

-Վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ով պատերազմի օրերին բուժօգնություն էր ցույց տալիս վիրավորներին, 2021թ.-ին 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Պատերազմի առաջին օրերին, երբ դեռ մարտական գործողություններին կամավորները չէին մասնակցում, մեր վիրավորները հիմնականում գալիս էին ստորին եւ վերին վերջույթների վնասվածքներով, այսինքն՝ որոնք պաշտպանված չէին զրահաբաճկոնով եւ սաղավարտներով: Երբ սկսեցին կամավորները գալ ու առանց ադապտացիայի մտնել կռվի մեջ, այդ ժամանակ մենք սկսեցինք ունենալ մեծ քանակի կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի վնասվածքներով վիրավորներ»։

«Առավոտ»-ն օրերս կարծիք հարցրեց «Սեւ հովազ» ջոկատի անդամ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանից, ով եւս իր ջոկատով պատերազմի մասնակից է։ Նա նշեց. «Եթե մի երկրի վարչապետ, ով ասում էր՝ թող չկասկածեն իմ գերագույն գլխավոր հրամանատար լինելու վրա, որպես հրամանատար տեղյակ չէ, թե բանակում ինչ է կատարվել, ապա դա թյուրիմացություն է, որը մեզ տարավ պարտության։ Մենք կհաղթեինք, եթե նման թյուրիմացությունն ու նրա կարգած հրամանատարները չլինեին։ Երեւի ավելի ճիշտ կլիներ, եթե մենք ֆիդայական կռիվ տայինք։ Բացի այդ, հենց պատերազմի ժամանակ ուղարկված սաղավարտներն ու զրահաբաճկոնները երեւի պահեստներում «պայթում» են։ Պատերազմի ժամանակ Ավստրիայից «Սեւ հովազ» ջոկատին ուղարկվեցին վրաններ, փչովի ներքնակներ, որ ցեխերի մեջ չպառկեինք, եւ մինչեւ այսօր դրանք տեղ չեն հասել։ Դիմեցինք տարբեր ատյանների։ Ուղարկողին պատասխանել են, թե ռազմական գաղտնիք է, չեն կարող ասել»։

-Նկատի ունեք, որ մաքսային ընթացակարգերն անցել է, սակայն գույքը Ձեզ չի՞ հասել։

-Այո, մինչեւ այսօր ճակատագիրը հայտնի չի, թե ո՞ւր է, ո՞ւմ ձեռքով է վաճառվել, որտե՞ղ է հայտնվել։ Ի դեպ, վերջերս Եվրոպայում էի։ Սալոնիկում հանդիպեցի հայ համայնքի ղեկավարի հետ։ Այնքա՜ն հիասթափված էին։ Ասացին, որ մի ռազմական ինքնաթիռ օգնություն են ուղարկել ՀՀ պատերազմի ժամանակ, այդ թվում՝ դեղորայք, եւ կառավարությունից Ավինյան ազգանունով փոխվարչապետը զանգում է Սալոնիկ եւ ասում՝ 15 000 եվրո փող ուղարկեք, որ մաքսազերծենք։ Հիասթափված են…անգամ սփյուռքը կտրվեց հայրենիքից ու միտումնավոր։ Պատերազմից որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ամեն ինչ ձեռք են բերել, որ ամեն ինչ ունեն, ասում էին, թե քսան տարում այդքան բան ձեռք չի բերվել, բա այդ ամենն ի՞նչ եղավ։ Երեսուն տարի փուչիկը փչեցին, սա էլ եկավ ծակեց ու այդ թույնը թափեց ժողովրդի վրա։

-Որքանո՞վ կարող ենք փաստել, որ կապի միջոցներ, սաղավարտ եւ զրահաբաճկոն մոբիլիզացիոն խնդիրների պատճառով չեն հասել զինվորին եւ կամավորին։

-Մեր փորձով ասեմ։ Երկրորդ օրը տեղում էինք։ Մեզ կապի միջոց չեն տրամադրել, մենք դիրքից դիրք, կրակոցների տակ մարդ պետք է ուղարկեինք, որ ինչ-որ բան փոխանցեին։ Մինչեւ հոկտեմբերի 11-ը չենք ունեցել կապի միջոց։ Ամսի 11-ին տեղափոխվում էինք Հադրութ։ Մտել ենք Ջալալի մոտ, ասաց՝ զենք չունենք, ոչ մի բան չեմ կարող տրամադրել, երեք կապի միջոց ունեմ՝ վերցրեք ձեզ… Ես այս ամենում միտում եմ տեսնում։ Զրահաբաճկոն ունեինք, իսկ սաղավարտը երեւի 49թ.-ի պատերազմի սաղավարտ էր։

-Պաշտպանական գերատեսչությա՞ն տրամադրած սաղավարտ էր։

-Այո։

Զրուցեցինք նաեւ «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանի հետ։ Նա նույնպես, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե պատերազմից օրեր անց է իմացել սաղավարտի-զրահաբաճկոնի խնդրի մասին, ասաց. «Դա սուտ է, ինքը պետք է իմանար, դա հանցավոր անգործություն է։ Խնդիրը նրանում է, որ նա պատրաստ է խորտակել բոլորին՝ հանուն ինքն իրեն։ Նրա խնդիրն էր ստեղծել նոյեմբերի իննը, որովհետեւ դա միակ միջոցն էր իշխանության մնալու։ Հիշո՞ւմ եք, որ ասում էր, թե դա արել է 25 000 զինվորի կյանք փրկելու համար։ Այն դեպքում, երբ մի քանի հազար մոբիլիզացված մարդիկ անգամ կազարմաներից դուրս չէին եկել, իսկ ինքը կամավորներին կոչ էր անում խմբեր կազմել, իրենց ունեցած սաղավարտն ու զրահաբաճկոնը վերցնել, գնալ մահվան»։

-Կամավորների եւ զինծառայողների հետ զրույցներում մենք՝ լրագրողներս, փաստել ենք, որ սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր իսկապես եղել է։

-Պատերազմի սկզբում սաղավարտ եւ զրահաբաճկոն չի եղել, բայց ինձ հայտնի է, որ միայն մեկ կազմակերպությունից տասը հազար զրահաբաճկոն է ուղարկվել։ Իսկ սկզբում չի եղել, ինչպես եւ հիմա չկա։ Առհասարակ, երբ անընդհատ պատերազմական վիճակում ես գտնվում, պետք է պատրաստ լինել, արդարացումներ չեն կարող լինել։

«Առավոտ»-ը զրուցել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ապրիլի 22-ին Ազատության հրապարակում դուք MediaHub-ի հարցին ի պատասխան ասել եք, որ ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Մովսես Հակոբյանը, ե՛ւ Դավիթ Տոնոյանը սխալ էին։ Պարզաբանեք խնդրեմ, ի՞նչ նկատի ունեիք։

-Ում կողմից է հաստատվում՝ Դավիթ Տոնոյանի կողմից ճիշտ չի ներկայացվել։ Մովսես Հակոբյանը ճիշտ չի ներկայացրել, որ զորահավաքային ռեսուրսն ապահովված է եղել զրահաբաճկոններով եւ սաղավարտներով, իսկ Նիկոլ Փաշինյանն առհասարակ ստում է, թե տեղյակ չի եղել։

-Երբ Մովսես Հակոբյանն ասում է, որ կամավորները համարվում են «ապօրինի խմբեր», եւ, ենթադրաբար, դրա պատճառով իրենց չի տրամադրվում սաղավարտ եւ զրահաբաճկոն, ի՞նչ նկատի ունի, ինչո՞ւ նշյալ խմբերին դրանք չեն տրվում։

-Նման բան չկա, որ չի տրվում։ Հակոբյանը նկատի ունի, որ նրանց համար նախատեսված չի եղել, ոչ թե չի տրվում։ Համապատասխան սպառազինություն հատկացվում է՝ կախված նրանից, թե ինչ մարտական խնդրի մասին է խոսքը։

-Ի՞նչ կարող ենք եզրակացնել, բանակում սաղավարտ-զրահաբաճկոնի խնդիր եղե՞լ է, թե ոչ արդյունավետ մոբիլիզացիայի խնդիր է եղել։
-Չէ, մենք ունեցել ենք զրահաբաճկոնի եւ սաղավարտի խնդիր՝ մեր պահանջարկը չի բավարարվել այն ժամանակ, երբ սկսվել է պատերազմը։ Այսինքն, ոչ թե զորահավաքն է սխալ կազմակերպվել, այլ քանակը չի բավարարել զորահավաքային ռեսուրսին։

-Այս ընթացքում որոշ գործիչներ հիշեցրին «Լյուբավա Արմենիա» հայ-լեհական գործարանի մասին, որը փակվեց 2018թ.-ից հետո։ Գործարանի հետ զրահաբաճոնների եւ սաղավարտների արտադրության առումով ինչպիսի՞ համագործակցություն է եղել մինչեւ պատերազմը։

-Որոշակի հարցերում եղել է, բայց չէի ասի, թե «Լյուբավա Արմենիա»-ի հետ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Այնպես չէ, որ իրենք պետք է դա ապահովեին։ Ինչ-որ բան իրենք պետք է ապահովեին, այլ կազմակերպություն էլ կար։ Վերջիվերջո, գոյություն ունի գնումների ծրագիր, որով նախատեսվում է մատակարարներից ձեռքբերում»։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանից էլ «Առավոտ»-ը հետաքրքրվեց.
-Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշյալ հայտարարությունները համադրելով՝ ի՞նչ եզրահանգում է հնարավոր անել, ո՞րն է խնդրի խորքային պատճառը։

-Նախ շեշտենք՝ շատ տարօրինակ է, որ նման կարեւոր հարցի մասին երկրի ղեկավարը պատերազմից մի քանի օր անց է իմանում։ Գիտենք, որ տարբեր ձեւաչափերում հանդիպումներ են լինում, եւ անգամ եթե նման խնդիր եղել է, եթե ինչ-որ քանակության պակաս եղել է, ապա չիմանալը մեղմ ասած արդարացում չի։ Եթե կոմպետենտ ստորաբաժանումների եւ գերատեսչությունների ղեկավարները պետք է զեկուցեին ու չեն զեկուցել, ապա դրանից մեղքի բաժինը բոլորովին չի նվազում, որովհետեւ ղեկավարի կողմից նշանակված մարդիկ են զեկուցողներն ու տեղեկատվությունը փոխանցողները։ Եթե թվաքանակի խնդիր է եղել, միեւնույնն է՝ արդարացում չկա։ Մյուս կողմից, եթե հղում անենք Մովսես Հակոբյանի մեկնաբանությանը, ապա նա ասում է, որ հիմնական, գործող բանակային ստորաբաժանումները խնդիրներ չեն ունեցել եւ հաշվարկը եղել է նաեւ մոբիլիզացիոն ռեսուրսի ներառմամբ, իսկ խնդիրն առաջացել է կամավորական անկանոն ստորաբաժանումների ստեղծման արդյունքում, երբ նրանց համակարգումը, բաշխումը տեղի չի ունեցել զինկոմիսարիատների կողմից, որպեսզի դրանից բխող բոլոր հետեւանքները հնարավոր լիներ հաշվի առնել։ Կհիշեք, որ պատերազմի օրերին հայտարարվում էր, որ 15-20 հոգանոց խմբեր ստեղծվեն, հրամանատար ընտրեն ու գնան մարտի դաշտ։ Իսկ ո՞վ պետք է համակարգեր այդ ամենը, եթե այդ մարդիկ չէին հաշվառվում զինկոմիսարիատներում։ Ի՞նչ սկզբունքով էին կամավորական ջոկատների հրամանատարները նշանակվելու։ Նման իրավիճակում, բնականաբար, ոչ միայն սաղավարտի, այլեւ ինչ խնդիր ասես՝ կարող էր լինել։ Ուստի ինստիտուցիոնալ առումով այդ ամենը պետք էր հաշվի առնել, որպեսզի խնդիրներից խուսափեինք։ Որպեսզի հստակ լիներ, թե կոնկրետ որ օղակում էր նման խնդիր առաջացել, այդ ամենն ի սկզբանե պետք է համակարգված լիներ։ Ռազմական դրության ժամանակ ԶՈՒ կիրառման պլանին զուհագեռ մոբիլիզացիա իրականացնող գերատեսչությունների պատասխանատվության գոտում գտնվող հարցերը պետք է հստակ կարգավորված լինեին։

-Պատերազմից հետո որոշ զոհված զինծառայողների, կամավորների ծնողներ ԶԼՄ-ների հետ զրույցներում փաստում էին, որ թե զինծառայողի դեպքում էր եղել սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր, թե կամավորի։ Ձեր վերլուծությամբ՝ այս դեպքերը եզակի՞ են, թե ավելի մեծ խնդրի մասին են խոսում։

-Նման տեղեկություններ շրջանառվել են. խնդիրներ, մանավանդ կամավորական միավորումները, ունեցել են։ Սակայն պետք է հասկանալ, որ եթե անգամ ինչ-որ փուլում, օրինակ՝ պատերազմի մեկնարկից ժամեր անց նման խնդիր է ի հայտ եկել, ապա պատերազմն ընթացել է տեւական ժամանակ։ Այդ օրերի ընթացքում խնդիրը լուծելը, արագ կարգավորումներ տալը չպետք է ծանր հարց լիներ։ Կազմակերպչական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, որոնց արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Պատերազմի ժամանակ ընկերներս տարբեր տեղերից հարյուր հատով հայթայթում էին ու ուղարկում, այսինքն՝ անհատներն ի վիճակի էին խնդիրներ լուծել, իսկ պետությունը՝ ո՞չ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930