Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտակայքում գտնվող Բարեկամության զբոսայգին, որտեղ ներդրումներ է կատարում ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, 2023 թվականը աշնանը կբացի իր դռները։ 7,2 հա տարածք զբաղեցնող զբոսայգին շահագործման կհանձնվի իր բոլոր օբյեկտներով։
Այս պահին այգում ակտիվ շինարարություն է ընթանում, զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանի տեղեկացմամբ՝ այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի և էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաև էլեկտրական ենթակայանի շինարարությունը և բոլոր ճեմուղիների կառուցումը: Առաջին փուլի աշխատանքները կավարտեն սեպտեմբերի կեսին, հենց այդ ժամանակ էլ ավարտին կհասցվի այգու որոշ օբյեկտների շինարարությունը։
Կարդացեք նաև
Aravot.am-ը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե կհաջողվի՞ Բարեկամության զբոսայգին դարձնել այն գայթակղիչ վայրը, ուր այցելելու համար զբոսաշրջիկները հատուկ հասնեն Գյումրի։
«Դու պատկերացնում ես, փորձում ես, երազում ես, որ դա այդպես լինի, ի վերջո կյանքն է ցույց տալիս։ Օրինակ՝ երբ մենք Տաթևի ճոպանուղին էինք կառուցում, ոչ մի մասնագետ չէր հավատում, որ 20 հազարից ավելի մարդ կգա Տաթև՝ ճոպանուղու համար, կգնա վանք նայելու, որովհետև 4 ժամ ճանապարհ էր։
Բայց երբ 2019 թվականին 200 հազար հոգի եկան, բոլորն ապշած ասում էին՝ ո՞նց կարող է այսպես լինի։ Ես հույս ունեմ և առաջին օրվանից նշել եմ, որ դա ոչ թե պետք է լինի միայն զբոսաշրջիկների համար, այլ առաջինը՝ գյումրեցիների։ Այն պիտի դառնա գյումրեցիների այգին, դուք պետք է գնաք և զգաք, որ ձեր այգին է, ոչ միայն զբոսաշրջիկը, որ գա, փող ծախսի, դուք ուրախանաք, որ մարդիկ իրենց լավ են զգում։ Դա ձեր այգին էլ պետք է լինի»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։







«Զբոսայգու վերակառուցման ծրագրին միացել է նաև Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրով, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Այս ծրագրի շրջանակում այգում կկառուցվի սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր, և Վերնիսաժի 20 տաղավարներ»,-տեղեկանում ենք մամլո հաղորդագրությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի




















































