Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ՝ նվիրված անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին։
Հենրիկ Իգիթյանն անջնջելի հետագիծ է թողել հայ կերպարվեստի զարգացման մեջ և հասարակական կյանքում։ Նա դարձավ իր ժամանակի արվեստագետների սերնդի տեսաբանն ու առաջնորդը, նա կոտրեց կերպարվեստագիտության մեջ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր, պատկերացումներ ձևավորեց արդի նկարչության մասին՝ պաշտպանելով ամեն մի փորձարարություն ու նորարարություն։ 1970թ. իր կնոջ՝ Ժաննա Աղամիրյանի հետ Հենրիկ Իգիթյանը հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ մեկտեղելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները, որոնք ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Ավելի ուշ պատկերասրահի գոյությամբ ոգեշնչված՝ Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Գեղագիտության ազգային կենտրոն, և որի մասնաճյուղերը գործում են Հայաստանի տարբեր քաղաքներում։ Իգիթյանը հիմնադրել է ժամանակակից արվեստի թանգարան՝ հաղթահարելով խորհրդային տարիներին բնորոշ դիմադրությունները։
Համերգից առաջ Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ներկայացված էին աշխատանքներ Մանկական արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսից։
Կարդացեք նաև
Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Անդրեաս Օտտենսամերի ղեկավարությամբ ներկայացրեց Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և Թիվ 3 սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես եկավ ջութակահար Սերգեյ Դոգադինը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ




















































