Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյանը չմեկնաբանեց իր տեղակալ Արսեն Պետրոսյանի՝ ընդդիմադիրներին վիրավորելու վարքագիծը

Մայիս 11,2022 16:18

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը չի կարդացել, թե իր տեղակալ Արսեն Պետրոսյանն ի՞նչ գրառում է կատարել, Ֆեյսբուք սոցիալական ցանցում, չի էլ ցանկանում մեկնաբանել իր տեղակալի վարքագիծը:

Հիշեցնենք, Վաղարշապատ համայնքի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն իր մի գրառման մեջ, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ընդդիմադիրների եւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հասցեին:

Aravot.am-ի հետ զրույցում, Դիանա Գասպարյանը, համենայնդեպս, հստակեցրեց, որ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը քաղաքական է, համայնքային ծառայողի համար նախատեսված իրավակարգավորումները համայնքի ղեկավարի վրա տարածելի չեն: Արսեն Պետրոսյանն էլ ՔՊ-ի ցուցակում է ընդգրկված եղել, ընտրվել է ավագանի եւ ավագանու որոշմամբ ընտրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:

Հստակեցնող հարցին՝ դատելով ձեր բացատրությունից՝ արդարացնո՞ւմ եք նրա վարքագիծը, Դիանա Գասպարյանը պատասխանեց, որ որեւէ այլ մարդու արարքների համար ինքն ընդհանրապես բացատրություն չի տալիս:

Իսկ Արսեն Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց այն որակումները, որոնք տվել է գրառման մեջ: Ըստ նրա, դեռ ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանը բազմիցս հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, խոսել է մարդու իրավունքների ոտնահարման մասին, երբ իր կարծիքով ընդդիմության իրավունքներն են ոտնահարված եղել, բայց երբ «նույն ոճով իշխանության ներկայացուցիչների իրավունքներն են ոտնահարվել՝ Արման Թաթոյանից ձեն չենք լսել»: Մեր զրուցակիցը հստակ դեպքեր չնշեց, թե ե՞րբ, ի՞նչ պայմաններում կամ իրավիճակներում են իշխանության ներկայացուցիչների իրավունքները ոտնահարվել, իսկ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Արման Թաթոյանը անտեսել է դրանք: Անպատասխան մնաց նաեւ հարցը՝ արդյոք ՄԻՊ պաշտոնը զբաղեցրած ժամանակ Արման Թաթոյանի կողմից քաղաքական հայտարարություններ հնչեցնելը հիմք է կամ իրեն իրավունք է վերապահում նրա հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: Մեր հարցերին ի պատասխան՝ Արսեն Պետրոսյանը շարունակեց իր տեսակետը պնդել, միայն այս անգամ էլ հավելելով, որ Արման Թաթոյանը շատ քիչ դեպքերում է իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին անդրադարձել. «Շատ քիչ դեպքերում, դա էլ զուտ, ոնց որ ասած՝ բալանսը չխախտելու համար, բայց իրականում, բալանսը էնքան ա խախտվել, որպես մարդու իրավունքների…սա իմ կարծիքն է ընդամենը»:

Հարցին՝ իբրեւ իշխանության ներկայացուցիչ՝ ճի՞շտ է գնահատում իր վարքագիծը՝ երկրում հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու առումով, Արսեն Պետրոսյանը պատասխանեց՝ ասելով, որ միգուցե որոշակի էմոցիոնալ ֆոն է եղել իր գրառման մեջ. «Բայց էն մթնոլորտը, որը ստեղծվում ա ընդդիմության կողմից ու ժամանակին ՄԻՊ եղած Արման Թաթոյանը դրա հանդեպ լոյալ ա գտնվել, այդ ամեն ինչը բերել ա այ դրան»:

Իշխանության ներկայացուցիչը ընդդիմության կողմից ագրեսիվ պահվածք է արձանագրել. «Առավոտից երեկո՝ վիրավորական արտահայտություններով երթեր ու ցույցեր անելը, մարդկանց ծեծելը, ժողովրդին ժեխ ասելը, ուսանողությանը ասել՝ թքեք ձեր երեսին… էդ ակնհայտ բաները, որ ամբողջ ֆեյսբուքով լցված ա, դրանք չգիտեք, բայց…»: Ապա նա մեղադրեց ինձ՝ ընդդիմության հանրահավաքները լուսաբանող լրագրողիս, որ տեղյակ չեմ «էն ակնհայտ բաներից, որ բոլորի աչքի առաջ տեղի են ունենում, ամբողջ համացանցով ու ամբողջ լրատվականներով տարածվում ա էդ արատավոր պահելաձեւը, էդ ագրեսիվ պահելաձեւը՝ ժողովրդի ու իշխանության նկատմամբ, բայց դուք էդ ամեն ինչը չեք նկատում, բայց իմ՝ ընդամենը մի էմոցիոնալ գրառումը, որին բերել ա էս ընդդիմության գործելաոճը, էդ արդեն ձեր աչքից չի վրիպել»:

Բայց զրուցակիցս նաեւ մեծահոգի է եւ կողմ է մարդկանց ազատ արտահայտման իրավունքին, չի կարծում, որ ընդդիմությունը չպետք է հանրահավաքներ չանի:

Հիշեցմանը եւ դիտարկմանը՝ 2018-ին հայտարարվեց սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, եւ այդ ժամանակվա իշխանական գործիչների տների մոտ սեւ դագաղներ էին դրվում, սեւ ժապավեններ, սգո ծաղկեպսակներ, ասֆալտին փռելու եւ համանման այլ հայտարարություններ էին արվում, բայց դա նորմա՞լ էր, քաղաքական գործընթա՞ց էր որակվում, մինչդեռ այժմ, երբ իշխող քաղաքական ուժը մեղադրվում է դավաճանության մեջ՝ ագրեսի՞ա է եւ անընդունելի՞, Արսեն Պետրոսյանը պատասխանեց, որ 2018-ի հեղափոխությունը սիրո եւ հանդուրժողականության էր, դա փաստ է, այն համաժողովրդական էր, պարալիզացված էր ամբողջ հանրապետությունը եւ, որ իրենց հեղափոխության ժամանակ ագրեսիվ պահվածք չի եղել, մարդ չեն ծեծել, անգամ ծառի ճյուղ չեն կոտրել, իսկ «էսօր մենք տեսնում ենք այս փոքրաթիվ զանգվածը, ով փրկիչ ա իրեն հորջորջել, ինչ պահվածք ա դրսեւորել փողոցներում. անհնարին ա անգամ իրենց երթերի կողքով անցնելը, իրենք հանրային վտանգ են ներկայացնում»:

Նա նաեւ ոստիկանությանը մեղադրեց անգործության մեջ՝ ասելով, որ որոշ դեպքերում պատշաճ վարքագիծ չեն դրսեւորում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031