Երեւանում էր Կուբանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Շլիկովը
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն առաջին անգամ 1956թ. բեմադրել է Լեոնիդ Յակոբսոնը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, երկրորդ անգամ՝ 1958թ., Իգոր Մոիսեեւը՝ Մոսկվայի «Բոլշոյում»։ 1968թ., դարձյալ «Բոլշոյում, «Սպարտակը» ներկայացվել է, այս անգամ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով։ Երեւանի ազգային օպերային թատրոնում առաջին անգամ այս բալետը 1961թ. իրականացրել է Եվգենի Չանգան։ Շուրջ տասը տարի անց դարձյալ անդրադարձ է եղել ստեղծագործությանը՝ Վիլեն Գալստյանի խմբագրմամբ։ Օրերս մեր թատրոնում կայացած «Սպարտակի» հերթական ներկայացումը 2009թ. իրականացվել էր Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով, որտեղ գլխավոր դերապարով հանդես եկավ Կրասնոդարի բալետի թատրոնի մենապարող, Կուբանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Շլիկովը։

Երբ լեգենդար խորեոգրաֆին խնդրել էինք առանձնացնել իր նախընտրած սպարտակների, կրասոսների, ֆրիգիաների անունները, նա նախ նշել էր, թե նրանց թիվը տասնյակների է հասնում, բայց, այնուամենայնիվ, բարձրաձայնել էր մեկ-երկու անուն, այդ թվում՝ Ալեքսեյ Շլիկովի անունը. «Ալեքսեյը տիրապետում է բալետարվեստի ոչ միայն ամենաբարդ տեխնիկային, այլեւ նրա յուրաքանչյուր ժեստի անզուսպ ուժն ու շարժումների մասշտաբը հանդիսատեսին պահում են հուզական լարվածության մեջ ողջ ներկայացման ընթացքում։ Այս դեպքում խոսքս նրա Կրասոսի մասին է, որտեղ արտիստը իսկապես համոզիչ է որպես իսկական հրամանատար, նվաճող։ Նույն բարձր կարծիքին եմ նաեւ նրա ներկայացրած Սպարտակի մասին»։ Ի դեպ, ուղիղ 20 տարի առաջ Ալեքսեյ Շլիկովն ընդունվել է Յուրի Գրիգորովիչի՝ Կրասնոդարի բալետի թատրոն։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներում մասնագետները անդրադառնալով այս արտիստի բեմական գործունեությանը, նշում են ոչ միայն նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, այլեւ կատարողական ինքնատիպ ոճը։
Հայաստանցի հանդիսատեսը ծանոթ էր Ալեքսեյ Շլիկով արտիստին. նա շուրջ 5 տարի առաջ մեզ մոտ հանդես էր եկել Կրասոսի դերապարով, հիմա էլ հիանալի էր նրա Սպարտակը, ինչի վկայությունն էին ներկայացման ընթացքում եւ ավարտին հյուրախաղորդ արտիստին ուղղված բրավոները։ Այս անգամ ներկայացումը վարում էր դիրիժոր Աթանես Առաքելյանը։ Զարմանալի զուգադիպությամբ վերջերս Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնում «Սպարտակ» էր ղեկավարում Կարեն Դուրգարյանը, որը ոչ միայն երեւանյան, այլեւ Սանկտ Պետերբուրգի, Մյունխենի, Բրյուսելի, Աստանայի, Կազանի, Նովոսիբիրսկի թատրոններում հանդիսանում է այդ ներկայացման բեմադրող դիրիժորը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2022




















































