Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք:


Կարդացեք նաև
Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































