Ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը
Լույս է տեսել ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գիրքը, որը հասցեագրված է ապագա դերասաններին եւ ոչ միայն: Գիրքը երեք մասից է բաղկացած. «Խոսքը եւ բեմը»՝ տեսական եւ գործնական բաժիններով, «Բանավոր խոսքի լեզուն» եւ «Բեմական խոսքի արվեստը»:
«Առավոտի» հետ զրույցում Գրետա Մեջլումյանն ասաց, որ ուսանողը պետք է նաեւ տեսական գիտելիքներ ստանա, եւ իմանա իր օրգանիկան, արտասանական օրգաններն ինչպես են աշխատում, որն ինչ ֆունկցիա է կատարում եւ այլն: Դրան էլ միտված է գիրքը՝ տեսական եւ գործնական մասերով:
«Տարիներ շարունակ պրպտումների մեջ եմ: Դրան շատ օգնել է մանկավարժական աշխատանքս. ամեն անգամ ինքս էլ մի բան գտել, ըմբռնել եմ, թե ինչն ինչպես անել, որ ուսանողը կարողանա հաղթահարել: Ցանկացել եմ նաեւ այս կերպ օժանդակել ուսանողներիս,-նշել է Գրետա Մեջլումյանը, անդրադառնալով նաեւ հայոց լեզվի դերին ու նշանակությանը,-մեր լեզուն աստվածային, հարուստ, արքայական լեզու է: Բեմական խոսքը հենվում է լեզվի վրա: Եթե լեզվի օրինաչափությունները մենք գիտենք, ապա ամեն ինչ ավելի դյուրին է դառնում: Սակայն մի բան՝ լեզուն արժեք է, որը մինչեւ կյանքի վերջ պետք է սովորել, քանզի մարդն անընդհատ կատարելագործվում է, անընդհատ վերահսկում, կառավարում է իր լեզուն»:

Կարդացեք նաև
Զրուցակիցս համամիտ չէ այն կարծիքին, որ երբեմն ասում են՝ այդպես բնական չէ խոսքը, ինչու «է»-ով խոսել, ոչ թե «ա»-ով: «Ո՛չ, բնական չէ: Բնականը դերասանի ներքին զգացողությունից է գալիս եւ կերպարը ճիշտ ըմբռնելուց»,-վստահեցնում է Գրետա Մեջլումյանը, օրինակ բերելով «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, որտեղ միլիցիոները՝ Սոս Սարգսյանը, ասում է՝ ուսիդ կեղտը մաքրիր, իսկ Իշխանը (դերակատար Մհեր Մկրտչյան) պատասխանում է՝ սա կեղտ չի, սա թրիք է:
«Նա չի ասում՝ սա թրիք «ա», այլ ասում է՝ թրիք «է»: Նույնն էլ «Աշնան արեւ» ֆիլմում, որտեղ Աղունը նույնպես «է»-ով է խոսում: Բայց տեսեք՝ ինչ բնական ու օրգանական է»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ հայ թատրոնը որտեղից ուր է գնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ միշտ մտածում է՝ երբ գալիս է մի վառ անհատականություն, տաղանդաշատ մարդ, նա թատրոն է ստեղծում եւ տանում իր հետեւից:
«Թատրոնը պետք է լինի տաղանդների խումբ՝ իրենց բեմադրիչով: Եվ այդ թատրոնը պետք է ծաղկի, առաջ գնա: Վառ օրինակ բերեմ. այսօր ամենալավ վիճակում Համազգային թատրոնն է, որտեղ ամեն անգամ հետաքրքիր, ինքնատիպ, տարբերվող եւ նորովի մատուցմամբ ներկայացումներ են բեմադրվում: Նրանք հանգիստ չունեն, անընդհատ աշխատում եւ ստեղծում են: Կարող եմ ասել՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումները համաշխարհային ցանկացած բեմում վստահաբար կարող են բարձր պահել հայ թատրոնի պատիվը»,-եզրափակեց Գրետա Մեջլումյանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2022


















































