Մայիսի 26-ին ՀՀ Նկարիչների միությունում բացվեց ճանաչված գեղանկարիչ Գեղամ Ասատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին վարպետի որդին և թոռը։
Ներկայացվել է նկարչի 81 աշխատանք, որոնցից 17-ն արդեն ցուցադրված եղել են։
Գեղամ Ասատրյանը յուրահատուկ սեր է ունեցել գուաշի հանդեպ, իսկ այս ցուցահանդեսի բոլոր նկարներն արված են հենց այդ նյութով։
Որդին՝ Լևոն Ասատրյանը, նշեց, որ դժվարությամբ են կարողացել նկարները տեղափոխել, քանի որ դրանք ապակեպատ են և ծանր։ Գեղամ Ասատրյանը 8 տարի եղել է մարտական ծառայության մեջ, մասնակցել Հայրենական պատերազմին, բայց դա երբեք չի անդրադարձել նկարչի աշխատաոճի վրա։ Նկարիչը երբեք չի պատկերել պատերազմը, այլ փորձել է իր կտավներում արժևորել կյանքը։ Լևոն Ասատրյանը ընդգծեց, որ հոր ստեղծագործություններում գերակշռում է մեր ազգայինը, այն ինչ եղել է մեր մեջ դարեր շարունակ։« Իսկ ազգային մտածողությամբ ստեղծագործությունները միշտ այժմեական են»,- հավելեց նա։
Կարդացեք նաև




Նկարչի թոռ Արմեն Ասատրյանն էլ ասաց, որ թեև հասարակության շրջանում արվեստի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, բայց ցուցահանդեսը չի կազմակերպվել ինչ-որ ակնկալիքներով, այն պարզապես պիտի լիներ, որովհետև ունի ասելիք։
Աննա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ


















































