Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական լինենք ու ամեն ինչ ստացվելու է»․ Արտակ Բուդաղյան

Մայիս 29,2022 11:13

Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը։

Հերթական պարգեւը գեներալ-մայորի համար, իհարկե, պարտավորեցնող է, բայց երբեք ոչինչ չի արել փառքի համար։ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Միասնական լինենք ու ամեն ինչ ստացվելու է»,-ասում է Արտակ Բուդաղյանը։

Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝Հատուկ բանակային կորպուսի հրամանատար  Արտակ Բուդաղյանի հետ այցելեց Սյունիքում տեղակայված մարտական դիրքեր։  Նրանք ծանոթացան դիրքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ 44-օրյա պատերազմից հետո կահավորվել են խրամատները, նոր ժամանակակից տնակ-վրաններ են տեղադրվել։ Գեներալ-մայոր Բուդաղյանը ներկայացնում է՝  ձեռք են բերել  այնպիսի զենքեր ու սարքավորումներ, որոնք այս պահին հակառակորդը չունի։ Շատ մանրամասներ են ներկայացվում, որոնք, սակայն, բարձրաձայնել պետք չէ։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մինչեւ մարզպետ նշանակվելը, որպես վարչապետի խորհրդական ու Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար պարբերաբար այցելել է առաջնագիծ։ «Երկար ժամանակ չէի եղել այս հատվածում։ Բավականին փոփոխություններ կար, բավականին բարելավված է վիճակը։ Առաջնագծում կանգնած զինվորը պիտի  ամուր լինի»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետն ու Արտակ Բուդաղյանը  զինծառայողների հետ զրույցում կարեւորեցին  նաեւ միասնականության գաղափարը։ «Երբ միասին ենք եղել՝ հաղթել ենք։ Տղերք, սա է մեզ պետք այսօր։ Հաղթանակները գնահատել, նրա հերոսներին հիշել ու օրինակներով ոգեշնչվել միշտ է պետք»,- նրանց  հորդորն է առաջնագծում կանգնած զինվորներին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031