Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։
Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ:

Կարդացեք նաև
Խոսելով Գալյա Նովենցի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ նա բոլոր ժամանակներում կմնա ամենասիրելի արտիստներից մեկը. «Այն էմոցիաները և զգացմունքները՝ ազգային, մարդկային, գեղագիտական, որ ունեցել ենք կինոմատոգրաֆում և բեմում Գալյա Նովենցին տեսնելիս, նրա ամենամեծ արժևորումն ու նշանավորումն են»:
Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին հիշատակի խոսքով հանդես են եկել նրանց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անվանի արվեստագետների կյանքի ու գործունեության մասին հիշողություն դարձած պատմությունները՝ որպես ուղերձ, փոխանցելով երիտասարդ սերնդին:
Նշենք նաև, որ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակի հեղինակներն են ճարտարապետ Վարդան Հարությունյանը և քանդակագործ Արմենակ Համբարձումյանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































