Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին զանգ՝ մեկ շրջանավարտով․ տխուր պատկեր Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում

Հունիս 06,2022 20:55

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Լեռնուտ գյուղի դպրոցում այսօր հնչեց վերջին զանգը։ Դպրոցի թե՛ 9-րդ և թե՛ 12-րդ դասարանները ավարտում էին ընդամենը մեկական աշակերտներ։

Ավագ դասարանն ավարտող Աբրահամ Մելոյանը դեռ չի որոշել ՝ որտեղ պիտի շարունակի իր ուսումը, սակայն մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ 12 տարիների ընթացքում դասարանի միակ աշակերտ լինելը իրեն չի ձանձրացրել, դպրոցում այնքան դրական ու հաճելի մարդիկ են աշխատում, որ տխրելու ժամանակ չի եղել։

«Դպրոցը իմ երկրորդ տունն է, ես իմ տան մեջ եմ եղել, իմ դասատուները իմ երկրորդ ծնողներ են», -հպարտորեն ասում է տղան։

Դպրոցն ունի ընդամենը 14 աշակերտ, պարզվում է գյուղաբնակներից ոչ բոլորն են իրենց երեխաներին ուղարկում Լեռնուտի դպրոց։

Գյուղի առնվազն 8-9 աշակերտ կրթվում են Գյումրիի դպրոցներում։

Գյումրիից մոտ 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղի ճանապարհն անմխիթար վիճակում է, դպրոցի պայմանները՝ ևս։ Դպրոցը գտնվում է տնակներում, որի կտուրը անձևներից կաթում է, հատակը՝ փտում։

Դպրոցի տնօրենը Արմեն Կոստանյանը գյուղի երեխաներին Գյումրիի դպրոցներ ուղարկելը պատճառաբանում է հենց այս երկու խնդիրներով։

«Մեկ շրջանավարտ ունենալու պատճառը ես կասեի թե՛ գյուղի սոցիալական պայմաններ են, թե՛ դպրոցի շենքային պայմանների և թե՛ ճանապարհների վիճակն է։ Հենց այդ պատճառով շատ ծնողներ գերադասում են երեխաներին տանել քաղաքի դպրոցներ, որովհետև այնտեղ երեխայի գլխին անձրև չի կաթում, մնում են հարազատների տանը, գնալ-գալու, ճանապարհ հարթելու խնդիրն այդքան բարդ չի լինի, ինչքան ձմռանը։

Գյուղի վերևի հատվածից դեպի դպրոց գալը շատ դժվար է, ճանապարհներն են փակ, դպրոցի կտուրը կաթում է, մի խոսքով, շատ պատճառներ կան, որ հետևանքով, երբեմն, ձգտում են գյուղից հեռանալ։

Համայնքի սիրտը դպրոցն է, իսկ համայնքի զարկերակը ճանապարհ է, որը պիտի բարեկարգ լինի, որպեսզի գյուղը ծաղկի, փթթի։ Իսկ եթե համայնքը չունեցավ դպրոց ու ճանապարհ, բնականաբար, այդ համայնքը կսկսի դատարկվել, ծնելիությունն էլ ինքնըստինքյան կնվազի», -ասում է տնօրենը։

Վերջինս ասաց, որ համայնքի նախկին մշակույթի ակումբի շենքը վերանորոգել են ու հնարավոր է մի հատված տրամադրվի դպրոցին։ Չնայած ճանապարհների անբարեկարգ լինելուն՝ ՆԶՊ-ի, ֆիզկուլտուրայի, օտար լեզվի ուսուցիչները Գյումրիից են գալիս գյուղ՝ կրթելու երեխաներին։ Դպրոցի տնօրենը փոքր-ինչ մտահոգության մեջ է, հնարավոր է սեպտեմբերից մաթեմատիկայի ուսուցչի կարիք ունենան, քանի որ իրենց ուսուցիչն անցնելու է այլ աշխատանքի։

Վերջին զանգին մասնակցում էր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Մարզպետը իր ելույթում ևս շեշտադրեց բարեկարգ ճանապարհ ու դպրոցի նորմալ շենքային պայմաններ ունենալու անհրաժեշտությունը։

Ի դեպ, աշակերտները հումորային սցենար էին պատրաստել վերջին զանգի միջոցառմանը ու մարզային իշխանություններին նրբորեն հիշեցրեցին իրենց այս խնդիրների մասին։

Շիրակի մարզպետն ասաց․ «Անչափ մեծ է հուզմունքը, անկախ շենքային պայմաններից, անկախ աշակերտների թվաքանակից՝ նույն հուզմունքը կա, սրտի թրթիռը կա և նույն հոգատար վերաբերմունքը կա, ինչի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ ուսուցիչներին, և՛ տնօրենին։

Այս փոքրիկ միջոցառման ընթացքում զգացվեց, որ դպրոցում բնականոն ընթացք է՝ համեստ պայմաններում, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում, ինը շատ կարևոր է։

Ես ցանկանում եմ, որ մեր աշակերտների համար յուրաքանչյուր օրը տոն դառնա և դպրոց գալը իսկապես լինի իրադարձություն։

Պատահական չէր ընտրված դպրոցը, համայնքը։ Սովորական երևույթ է եղել, երբ տարբեր պաշտոնյաների տարել են և ցուցադրել են մարզի լավագույն դպրոցները՝ որպես էտալոնային։

Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Կարապետյանին (խոսքը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի մասին է, Ա․Ն․), որ մենք աշխատանքային մոդել ենք փոխել․ գալիս ենք այնտեղ, որտեղ խնդիր կա։

Գալիս ենք խնդիրը տեսնելու և մեր հնարավորությունների շրջանակում այս խնդրին լուծում տալու համար, մեր երեխաներն արժանի են լավագույնին, որ ավելի լավ պայմաններում կրթություն ստանան։ Ես կասկած չունեմ անգամ, որ շենքային պայմանները, դպրոցի խորդուբորդ ճանապարհը բովանդակության վրա ազդեցություն ունի, ավելի լավ կլիներ, որ դասարաններն ընդարձակ լինեին, շենքային պայմաններն ավելի բարվոք լինեին և այդ ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք։

Այսօր դպրոցի ավագ դասարանը մեկ շրջանավարտ ունի, բայց ես վստահ եմ, որ ի դեմս մեր փայլուն պատանու՝ մենք տեսնում ենք մեր երկրի վաղվա ապագան», -ասաց մարզպետը։

Ըստ մարզպետի, կարևոր է բարիք ստեղծել այնտեղ, որտեղ ծնվել ես։ Նա հույս հայտնեց, որ դպրոցի շրջանավարտները որտեղ էլ լինեն, կրթվելուց հետո չեն մոռանա իրենց ծննդավայրը, որի զարգացման համար կներդնեն իրենց լուման։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզի 15 դպրոցներ այս տարի ունեցել են մեկ կամ երկու շրջանավարտ։ Դրանք հիմնականում Ամասիայի և Աշոցքի գյուղական համայնքներում են։

Ըստ պաշտոնյայի, Շիրակի մարզի ավագ դպրոցներն այս տարի ավարտում են 1689, հիմնական դպրոցները՝ 2890 աշակերտներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930