Օրերս ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված արտասահմանցի լրագրողների մասնակցությամբ քառօրյա այց էր կազմակերպել Հյուսիսային Կովկաս: Խմբում ընդգրկված էին համարյա բոլոր ԱՊՀ պետությունները Ռուսաստանում ներկայացնող թղթակիցները, ինչպես նաև՝ Լատինական Ամերիկայի և Վիետնամի գործընկերները: Նպատակը՝ երկրամասի տուրիստական ներուժի հետ ծանոթացումն էր և, առանց չափազանցության կարող եմ նշել, որ չքնաղ այդ երկրամասը տպավորեց քննադատության սիրահար լրագրողներիս խմբին:

Ինքնաթիռը վայրէջք է կատարում Գրոզնի մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ օդանավի պատուհանից արդեն մեզ դիմավորում են Չեչնիայի Հանրապետության նախկին նախագահ Ա.Ա. Կադիրովի մեծադիր լուսանկարներն ու պատգամները: Ընթացքում նկատում ենք, որ նրա, նրա որդու՝ Չեչնիայի ներկայիս նախագահ Ռ. Կադիրովի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի լուսանկարները Գրոզնու փողոցներում ամենուր են: Քաղաքացիների հետ շփման ժամանակ ընդգծված հարգանք է նկատվում վերջիններիս նկատմամբ:

Կարդացեք նաև
Չեչնիայի ազգային – ազգագրական թանգարանը, որը հիմնադրված է եղել դեռ 1924 թվականին և գործել է նույնիսկ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին, չեչենական վերջին պատերազմի ժամանակ քարուքանդ է եղել համարյա ամբողջությամբ: Թանգարանային ֆոնդից թալանվել ու ոչնչացվել է նմուշների 90 տոկոսը՝ գրքեր, ազգային հագուստի և հին զենք – զինամթերքի նմուշներ, ինչպես նաև գեղանկարների հարուստ հավաքածու՝ այդ թվում Ֆրանց Ռուբոյի, Վասիլի Տրոպինինայի, Իլյա Րեպինի և Հովհաննես Այվազովսկու գործերը:
Թանգարանը հիմնովին վերանորոգվել և իր դռներն է բացել 2007 թվականին: Թանգարանային հավաքածուն համալրվել է արվեստի նոր գործերով, հնարավորինս հավաքագրվել են ցրված նմուշները և շարունակվում է փնտրտուքը մնացյալ կորսված գործերի:
Գրոզնիում հյուրերին տպավորում է «Չեչնիայի սիրտը» անվանումը կրող մզկիթը, որը կառուցվել է 2006-2008 թվականներին: Մզկիթը համարվում է մուսուլմանական աշխարհի ամենամեծ հոգևոր և կրթական (տարածքում գործում է Ռուսական Իսլամական Համալսարանը) կենտրոններից մեկը՝ զբաղեցնելով 14 հեկտար տարածք: Հոգևոր տոնակատարությունների ժամանակ տարածքում կարող են հավաքվել 10 հազարից ավելի այցելուներ: Մզկիթի ներսում հարդարանքը ճոխ է, սակայն՝ ճաշակով: Գորգերի գունային գամմաները և զարդանախշերը մտածված ու ընտրված են մանրակրկիտ, առաստաղներից կախված են 36 ջահեր, որոնցից գլխավորը՝ հսկայածավալը հենց կենտրոնում է: Ջահերի հավաքածուի վրա ծախսվել է 2,5 կիլոգրամ բարձր որակի ոսկի: Կանանց և տղամարդկանց աղոթասրահները առանձնացված են՝ ունեն առանձին մուտքեր:

Սակայն ներկայումս քիչ տղամարդիկ են պատրաստ նման պատասխանատվության՝ ֆինանսական առումով, այդ իսկ պատճառով բազմակնությունը, կարծես թե, հարուստ տղամարդկանց առավելությունն է: Ամուսնություններն ու ընտանիքում ծնվող երեխաների քանակը՝ չորս և ավելի, ողջունելի են թե հասարակության, և թե պետության կողմից: 2018 թվականին, ամուսնությունները խրախուսելու նպատակով, Չեչնիայի նախագահ Ռ. Կադիրովը կազմակերպել է հավաքական հարսանիք Գռոզնու «Ծաղիկների այգում», որտեղ միաժամանակ պսակադրվել է 200 զույգ: Հիշյալ այգին ևս նորաթուփ է, բացվել է 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ չեչեն կնոջ օրվանն ընդառաջ: Զբաղեցնում է 4,5 հեկտար տարածք, որտեղ առկա են տոթը խոնավեցնող բարձր շատրվաններ և ծաղկում են մոտ 150 հազար տարատեսակ ծառ, ծաղիկներ ու թփեր:
Մեր խմբի երեկոյան զբոսանքը ավարտվում է «Աստիճաններ դեպի երկինք» դիտակետում, որտեղից լույսերի մեջ թաղված ողջ քաղաքը ափի մեջ կարելի է առնել: Մենք վերադառնում ենք հյուրանոց՝ ճանապարհին անհույս փորձեր կատարելով խանութներում գտնել ալկոհոլ կամ ծխախոտ: Ալկոհոլը, բացատրում են մեզ, վաճառվում է մի քանի մասնագիտացված խանութներում հատուկ նախատեսված ժամերի, իսկ ծխախոտ կարելի է գնել մեկ-երկու փոքրիկ մթերայիններում՝ ամենաներքևի աննկատ պահարանին շարված:

Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կենսագրության մասին պատմող տեղեկագրերից մեկում հանդիպել եմ մտքի, թե նա գրող դառնալու իր որոշումը կայացրել է հենց Կովկասում ճանապարհորդելու ժամանակ: Ինգուշեթիայի վեհ ու լայնախոհ լեռների ստորոտին կանգնած՝ ես հասկացա, թե ինչ զգացողություններ է ապրել մեծանուն գրողը՝ նման որոշման հանգելիս: Աննկարագրելի և անիրական գեղեցիկ է տեղանքի բնաշխարհը: Ժամանակակից պոլիսների ու մեգապոլիսների խելահեղ ռիթմի մեջ կյանքի անիվը մաշող և սեփական ներաշխարհի հետ հաշվի նստելու ժամանակ չունեցող նյութականացված աշխարհի բնակիչներիս՝ այդ հզոր լեռնաշղթաներն ասելիք ունեն:
Միջնադարյան մարտական և պաշտպանական նշանակության աշտարակները, որոնք Ինգուշեթիայի լեռներում կառուցվել են վաղ միջնադարում և մինչ օրս կանգուն են՝ ամբողջական պատկերացում են տալիս ինգուշ ժողովրդի անցած պատմական ուղղու և անկոտրում ոգու մասին: Ուսումնասիրողների հավաստմամբ՝ հայտնաբերված այդ աշտարակների թիվը այս պահին 120-ի է հասնում, սակայն կան տեղանքներ, որոնք դժվարանցանելի են և դեռևս մնում են չբացահայտված:
Ժայռերի բարձրադիր կետերում կառուցված այդ բրգաձև աշտարակները ծեփ չունեն, այսինքն` քարերը ընտրվել և շարվել են մեկը մյուսին հենած: Նման շինարարությունը հատուկ վարպետություն և գիտելիքներ է պահանջել, ինչին տիրապետել են քչերը, այդ իսկ պատճառով աշտարակաշեն՝ ժամանակակից լեզվով ասած ճարտարապետը, համայնքի ամենահարգված անձն է հանդիսացել և համագյուղացիները դողացել են նրա կյանքի ու առողջության վրա: Լեռնեցիների համար կենսական անհրաժեշտության կառույցներ են եղել նման պատսպարանները, քանզի հարձակվող թշնամին, մինչ գնդացիրների ի հայտ գալը, որ մի կերպ չի կարողացել ավերել աշտարակը կամ ներս ներխուժել:
Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում առաջին բանը, որ անում եմ, տեղի հայկական եկեղեցին գտնելն է: Այն քաղաքի կենտրոնում է գտնվում, կառուցվել է 1868 թվականին, Տերսի շրջանը այդ պահին ղեկավարող, լեգենդար ռազմական և քաղաքական գործիչ Միխաիլ Լորիս-Մելիքովի անմիջական վերահսկողությամբ: Վերջինս ղեկավարության տակ երկրամասը գտնվել է մոտ տասը տարի և Թավշյա դիկտատորը, ինչպես նրան հիշատակում է Ցարական Ռուսաստանի պատմագրությունը, անջնջելի հետք է թողել շրջանի թե պաշտպանական, թե վարչական և, թե մշակութային ոլորտների կայացման գործում:
Հյուսիսային Օսիայի հայկական համայնքը ձևավորվել է դեռ Պետրոս Մեծի օրոք, սակայն, ստվարացել է հատկապես Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած վայրագություններից հետ, երբ Եղեռնից մազապուրծ հայերը ապաստան են գտել նաև աշխարհի այս անկյունում: Այսօր, նույնպես, հայկական համայնքը Հյուսիսային Օսիայում մեծաքանակ է:
Հարևան սրճարանում համտեսելով Օսական խոհանոցի յուրահատուկ ուտեստները՝ մեր խումբը շարունակում է ճանապարհը դեպի լեռներ, դեպի մի վայր, որը իր նախատիպը չունի աշխարհում: Դա «Մեռյալների քաղաքն» է՝ Դարգավաս դամբարանային համալիրը:
Այն գտնվում է Վլադիկավկազից 40 կիլոմետր հեռավորության վրա: Ասել, որ պատմական հուշարձանը ցնցեց մեր երևակայությունը, նշանակում է չասել ոչինչ: Դամբարանային համալիրը իրենից ներկայացնում է փոքրիկ տնակների մի քաղաք, որոնցում մոտ վեց դար առաջ հուղարկավորվել են մահացածներին: Նրանց չեն թաղել, այլ ընդամենը, հատուկ սարքված՝ նավակի ձև ունեցող պատգարակի վրա փակել են մահացածների մարմինն այդ տնակներում, որը երկու կողմից ունի փոքրիկ պատուհաններ:
Լեռնային քամիները ժամանակի ընթացքում բնական զմռսման են ենթարկել դիակը: Այսօր, ներս նայելով այդ փոքրիկ պատուհաններից, կարելի է տեսնել ամբողջական կմախքներ: Տեսարանը սահմռկեցուցիչ է, էմոցիոնալ առումով ազդեցիկ, ես կասեի ճնշող, սակայն, վեհ ու դարավոր լեռների ստորոտում թառած այդ մեռյալ քաղաքի պատերի ներսում, կողք կողքի, սթափեցնող ռեալությամբ կանգնած են տիեզերական Հավերժությունն ու մարդկային կյանքի ակնթարթային ունայնությունը, որը ստիպում է մտորել, թե արդյոք ճիշտ ես ապրում քեզ տրված այդ ակնթարթը:
Հուշակոթողը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ մշակութային ժառանգության պահպանման ֆոնդում:
Ստորև ներկայացված տեսաֆիլմում առավել մանրամասն է ներկայացված Հյուսիսային Կովկաս կատարած ուղևորությունը:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա



























































