Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղապետն ինձ առաջարկ է արել, որ բաժնի պետի աշխատանքից դուրս գամ՝ առաջարկելով ինձ մանկապարտեզի տնօրեն». Լիանա Դավթյանը՝ յուրացման մասին

Հունիս 21,2022 13:51

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ ոստիկանության Մալաթիայի բաժին հունիսի 14-ին ստացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարից գրություն, որ նույն վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ՝ Լիանա Դավթյանը սպորտային միջոցառումների մասնակիցներին օրական սահմանված 1.200 դրամի սննդի գումարի դիմաց տրամադրել է նշված գումարից էականորեն պակաս արժեքով սնունդ: Նախապատրաստվում են նյութեր:

Այս առնչությամբ մենք խոսեցինք Լիանա Դավթյանի (լուսանկարում) հետ: Նա ասաց, որ անակնկալ է եղել իր համար այդ լուրը, մամուլից է տեղեկացել. «Դա ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա: Վարչական շրջանի ղեկավարը ինչ մարտի 4-ին նշանակվել է աշխատանքի, մոտ 41 աշխատողի աշխատանքից ազատել է, բոլոր բաժնի պետերին, ընդհուպ մոտեցել է ինձ, առաջարկ է արել, որպեսզի ես աշխատանքից դուրս գամ՝ առաջարկելով ինձ մանկապարտեզի տնօրեն, որը ես բացարձակ չեմ համաձայնել: Խնդրել եմ, որ ժամանակ տա ինձ՝ հասկանալով, որ չի ուզում ինքը ինձ հետ աշխատի, ասել եմ՝ ես պատրաստ եմ գնալ վերապատրաստման դասընթացների, հետո թողնեմ պաշտոնս, գնամ: Ինքը դրա հետ չի համաձայնել ու դրանից հետո սկսել է իմ նկատմամբ հետապնդում իրականացնել: Ինձ անընդհատ հանձնարարականներ է տվել, որոնք ես շատ պատշաճ կատարել եմ՝ երկու անգամ: Հետո հասկացել է, որ չի կարողանում, որովհետեւ ես ունեմ այդ հարգանքը ու իմ աշխատանքը շատ նորմալ կարողանում եմ կատարել, ես այստեղ 8 տարի բաժնի պետ եմ եւ նախորդ վարչական շրջանի ղեկավարի կողմից ես դեկտեմբերի 25-ին պարգեւատրվել եմ լավ աշխատանք կազմակերպելու համար: 2021-ի դեկտեմբերին պարգեւատրվել եմ, ինքը մարտին նշանակվել է ու որոշում է, որ ես պիտի անպայման իր ասածն անեմ: Ինքը որոշել է հանձնարարականներ տա ինձ, ես պատշաճ կատարել եմ բոլոր հանձնարարականները, ինքը որոշել է, որ ծառայողական քննություն իրականացնի իմ նկատմամբ: Այդ ընթացքում, ինչի մասին ինքը ասել է սպորտլանդիայի հետ կապված, ասեմ, որ սպորտլանդիան եղել է ապրիլի 28-ին, ապրիլի 28-ին ես ստացել եմ հանձնարարական՝ 24 ժամվա ընթացքում իրականացնեմ, ես ներկա չեմ եղել այդ սպորտլանդիային, բացարձակ ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել, տեղեկացված չեմ եղել ոչ մի բանից ընդհանրապես, բայց ինքը, իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով՝ ուզում է ուղղակի վարկաբեկել իմ անունը: Այսքանը: Ինձ ո՛չ ոստիկանությունից են զանգել, ո՛չ թաղապետարանից են ասել: Ծառայողական քննության ժամանակ հանձնաժողովի անդամն ինձ հարցրել է, ես այդ հարցերին պատասխանել եմ, ոնց որ հենց հիմա պատասխանում եմ ձեզ՝ ներկա չեմ եղել, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել: Ես ընդհանրապես տեղեկացված չեմ եղել: Սպորտլանդիայի առաջին օրը եղել եմ օրվա երկրորդ կեսին՝ դիտորդի կարգավիճակով, երկրորդ օրը չեմ եղել, որովհետեւ հանձնարարական եմ կատարել, վարչական շրջանի ղեկավարը ամբողջ պատասխանատվությունը գցել է ինձ վրա եւ բոլոր աշխատողներին բաժնից տարել է: Այսինքն, այդ ամբողջ աշխատանքը մենակ ես եմ իրականացրել: Ես ֆիզիկապես ի վիճակի չէի էլ լինելու մասնակցեի սպորտլանդիային, որ տեսնեի: Տեղյակ եղեք՝ ինչը գրված է, իրականությանը չի համապատասխանում: Դա իրենց հերթական մանիպուլյացիան է: Իրենք չեն կարողանում ինչ-որ բան իմ վրա բռնեն, գտնեն՝ սա են արել»:

Լիանա Դավթյանը հորդորեց բաժնի մյուս աշխատողներին եւս հարցում անել ու պարզել իրականությունը:

Դավթյանը վստահ է՝ վարչական շրջանի ղեկավարը հետապնդում է իրեն զուտ այն բանի համար, որ չի ազատվել պաշտոնից. «Ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն իմ անունը»:

Դավթյանը նաեւ վստահեցրեց, որ սպորտային միջոցառման հետ կապված բոլոր փաստաթղթերը թաղապետն ինքն է ստորագրել ու որպես ապացույց ուղարկեց միջոցառումից նկարներ, որոնք հրապարակվել են թաղապետարանի էջում՝ ցույց տալու, թե ովքեր էին այդ միջոցառման այսպես ասած «գլխավոր դերերում» ու ինչքան գոհ է եղել վարչական շրջանի ղեկավարը այդ օրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930