Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարի ձեւաչափը փոխելու որոշումը շատ կարեւոր է․ թարմության կարիք կա»․ Դավիթ Ջամալյան

Հունիս 21,2022 16:23

«Այս մեկ տարին աշխատեց ի վնաս նիկոլական խունտայի, եւ իրական պետականակենտրոն ուժերը դժվար պայքարի են դուրս եկել։ Այժմ վստահ եմ, որ ձգձգվող պայքարի արդյունքում հաջողությունը լինելու է, անխուսափելի է դառնալու։ Իսկ իշխանության քայլերն ավելի են ապալեգիտիմացնում Նիկոլին իր խունտայով»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Դիմադրության շարժման պայքարի ընթացքին՝ հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Նրանք կառչել են մեր պետականության օրգանիզմից։ Հանրության առողջ հատվածը, պետականամետ ուժերը զբաղված են պետականությունից նրանց ճանկերը կտրելով։ Ամեն անգամ մի բան ապացուցում է սրանց ազգադավ լինելը։ Ամեն անգամ սա փոքրիկ քայլ է դառնում դեպի վերջնական հաղթանակ։ Մենք մեզ երբեմն թույլ ենք տալիս լավատես լինել, ժամկետներ ենք սահմանում, տրամադրվում, որ ինչ-որ կարեւոր իրադարձության նախաշեմին կլինի իշխանափոխություն, սակայն չի ստացվում, որովհետեւ սրանք մագիլներով շատ խորն են մխրճված պետականության մեջ։ Հուսահատության պահ է։ Պետք է լավատես, բայց իրատես լինել»,-համոզմունք հայտնեց Դավիթ Ջամալյանը։

Նա շարժման պայքարի ձեւաչափը փոփոխելու որոշումը շատ կարեւոր է համարում, որովհետեւ թարմության կարիք կա․ «Երբ երթեր էին լինում, միջինում տասը հոգի պատուհաններից հետեւում էր։ Անտարբեր մարդիկ պատուհաններից չեն նայում։ Մյուս վեցը վախվորած, պասիվ համակրություն ունեն։ Երեքը ակտիվ աջակցում են, իսկ մեկը մարմնի վուլգար շարժուձեւով հավատարմություն է արտահայտում։ Պետականամետ ուժերի խնդիրն այդ վեց հոգուն ակտիվացնելն է, որովհետեւ նրանք ունեն վախ, համակրանք եւ հետաքրքրություն։ Ճիշտ քաղտեխնոլոգիաների միջոցով նրանք կներգրավվեն։ Վստահ եմ, որ այս պայքարի վերջը հաղթանակն է։ Միակ բանը, որը հստակ չէ, դա ժամկետն է»։

Փորձագետի բնորոշմամբ․ «Սա տեւական պայքար է, հեշտ չի լինելու, բայց զգալի ճանապարհ արդեն անցել ենք։ Հուսամ՝ պայքարի ձեւաչափի փոփոխության արդյունքում կունենանք վերջնական հաջողություն։ Հաջողությունը սարերի հետեւում չի, բայց պատրանք պետք չի ունենալ, թե կարճ ժամանակում ենք հասնելու արդյունքի։ Սա նյարդերի պայքար է, եւ ժամանակն աշխատում է ի օգուտ պետականամետ ուժերի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930