Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճում, իսկ ադրբեջանցին խայտառակում է իր երկիրը

Հուլիս 03,2022 14:20

Հռոմում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը լավ է հանդես գալիս: Մինչեւ այս պահը մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: 70 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Հայկ Պապիկյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին ու արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Թիմակցից հետ չմնաց 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որը առավելության հասավ վրացի մրցակցի նկատմամբ ու նույնպես արժանացավ ոսկե մեդալի: Ընդ որում, այս գոտեմարտն ավարտվեց այն ժամանակ, երբ վրացի ըմբիշը հաշվի մեջ առջեւում էր: Ու մինչ նա նշում էր իր հաղթանակը, մեր ըմբիշի մարտավկաները բողոք նետեցին գորգի մրցավարի որոշման դեմ: Կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարական հանձնաժողովը հենց տեղում շտկեց սխալը՝ մեր ըմբիշին տալով իրեն հասանելիք միավորները եւ հաղթանակը շնորհեց հայաստանցի մարզիկին:

Հետաքրքիր իրադարձությունները այսքանով չավարտվեցին: Պարգեւատրման արարողության ժամանակ, երբ ի նշան հայ ըմբիշի հաղթանակի դահլիճում հնչեց Հայաստանի օրհներգը, ադրբեջանցին ցուցադրաբար ցինիկ կերպով լքեց պատվանդանը: Հայաստանի պատվիրակությունը անմիջապես բողոքեց ադրբեջանցու ՝ մարզիկին ու մարդուն ոչ վայել վարքագծի դեմ, ինչի արդյունքում Ջաֆարովը ոչ որակազրկվեց, այլեւ նրանից հետ վերցվեց արծաթե մեդալը:

Երեկ Հայաստանի հաշվարկին մեկ արծաթե մեդալ էլ բերեց  57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Իսկ այսօր չեմպիոնական ոսկու համար գոտեմարտելու է գերծանր՝ 125 կգ քաշային Լյովա Գեւորգյանը: Բրոնզի հավակնություն ունեն նաեւ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացած Հայկ Աբրահամյանը՝ 61 կգ, եւ  Սերգեյ Գասպարյանը՝ 92 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031