Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչներն ու դատախազները մատը մատին չեն խփում․մեր տղաների գործերն այսպես շարունակվում են»․ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայր

Հուլիս 07,2022 16:53

«Խորհրդատվական եզրակացությունները մեր ձեռքին են, բայց ի՞նչ են արել կամ անելու։ Եթե քննիչը, դատախազն եղել են հանցագործ, նրանք ավելի բարձր պաշտոններ են ստանում, մատները մատներին չեն խփում, ու մեր տղաների գործերն այսպես շարունակվում են»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ վրդովվեց ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի իրավահաջորդը՝ նրա մայր Իրինա Ղազարյանը։

2021-ի մայիսից մինչ օրս կազմվել և իրավասու մարմիններին (դատախազություն, Քննչական կոմիտե) չորս քրեական գործերով ներկայացվել են խորհրդատվական եզրակացություններ։ Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողների խոսքով՝ մինչ օրս այդ գործերը շարունակվում են քննվել չափազանց անարդյունավետ։

Իրինա Ղազարյանը վրդովվեց․ «Եզրակացությունն ինձ տվել են հունվարին, բայց առ այսօր թեկուզ մեկ էջ թուղթ չի ավելացել։ Մեր քննիչը մատը մատին չի խփել ու ոչ մի գործողություն չի արել։ Եզրակացությամբ բոլոր խախտումները հանված, դրված են, բայց դատախազ, քննիչ ոչինչ չեն ուզում անել»։

Իրինա Ղազարյանն ասում է՝ եթե իր որդին ունեցել է հիվանդություն ու դրանից է մահացել, թող համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն․ «Առ այսօր ոչ մի փաստաթուղթ չունեն։ Այս չորս տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իմ տղայի գործը կարճումից հանեց․միայն դա էր»։

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդը՝ նրա մայր Գոհար Օհանջանյանն էլ հայտնեց, որ խորհրդատվական եզրակացությունը ստացել է անցյալ տարվա մայիսի 11-ին ու շարունակեց․«Այդ ժամանակվանից սկսած հատուկ գրությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, և դրանից հետո պիտի գնար նախաքննությունը։ Հետևողական եղել եմ, թե երբ է սկսվել նախաքննությունը, ինչ քայլեր են ձեռնարկվում։ Հունվարին կապվեցի գործող քննիչ Գոռ Թադևոսյանի հետ, մեզ հրավիրեց քննչական կոմիտե, և այդտեղից սկսվեց նախաքննությունը։ Մի տարի անընդհատ նախաքննության փուլում գործերին ծանոթանալուց հետո մեր փաստաբանը միայն հավաքվեց մի երկու հատոր մակուլատուրա։ Այսքան տասնհինգ տարիների ընթացքում ոչ մի անգամ Հայկազ Բաղմանյանը չի հարցաքննվել, մինչդեռ հենց իր թիկնապահների սենյակի պատուհանի տակ է դեպքը կատարվել։ Շատ ուրախացա, որ Աննա Վարդապետյանը 150 էջանոց ապացույցի մասին հայտարարեց։ Պարզվեց, որ այսքան տարիների ընթացքում միակողմանի քննություն են արել։ Արդարացվել են մեղավորները Բայց թեկուզ 15 տարի հետո ապացուցվել է, որ ռադիոռելեային կայանը չի կարող հոսանք արտադրել ու մարդու կյանքին մահ սպառնալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031