Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման թեմաներով

Հուլիս 07,2022 19:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը: «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգային հարցերի համատեքստում պարոն Շամխանիի այցը կլինի արդյունավետ:

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին կարևորել են առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները ևս փոխանցել ինչպես նախագահ Ռայիսիին, այնպես էլ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031