Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագա Հայկականի» համաժողովը տարբերվում է մինչ այս տեղի ունեցած Հայաստան-սփյուռք համաժողովներից. Արտակ Ապիտոնյան (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2022 23:03

2022թ. նոյեմբերին 11-13-ին Երեւանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին համաժողովը:

«Ապագա Հայկականը» այսօր առաջարկում է մի ծրագիր, որը չունի նախադեպը հայության նորագույն պատմության մեջ: Այսօր այս մասին ասաց «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պարոն Ապիտոնյանը պաշտոնական արարողությամբ ազդարարեց «Ապագա Հայկականի» Համաժողովի մեկնարկի միջոցառումների մասին:

Նրա խոսքով 2022թ. նոյեմբերին 11-13-ին Երեւանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ «Համաժողովի մասնակիցները՝  Հայաստանի Հանրապետությունից, Արցախից եւ Սփյուռքից, քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները եւ ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Համաժողովին նախորդելու են թեմատիկ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, որոնց մասնակցությունը բաց է լինելու բոլոր մասնագետների համար»,-ասաց Արտակ Ապիտոնյանը։

Նրա ներկայացմամբ, առաջին համաժողովում քննարկելու են «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» եւ «Բնակչության աճը»։

Դիվանագետը նշեց, որ «Ապագա Հայկականի» այս համաժողովը տարբերվում է մինչ այս տեղի ունեցած Հայաստան-սփյուռք համաժողովներից նրանով, որ այստեղ մասնակիցները սովորական քաղաքացիներն են, որոնք ընտրվել են վիճակահանությամբ եւ, ըստ Արտակ Ապիտոնյանի, ներկայացնում են «ազգի մանրակերտը՝ բնակության երկրի, վայրի, սեռի, տարիքի, կրթության մակարդակի բոլոր համամասնություններով»:

Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ներկայացվեցին համաժողովի նպատակները եւ դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները, մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաեւ հատուկ անդրադարձ  կատարվեց մայիսին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին:

Պանելային քննարկումների ընթացքում էլ բանախոսներ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախյան ֆորումի մասնակից Անահիտ Մխիթարյանը, ինչպես նաեւ «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը եւ Արամ Բեկչյանը անդրադարձան Արցախյան ֆորումի արդյունքներին եւ կարծիքներ փոխանակեցին հանրային քննարկումների ձեւաչափի եւ դրա արդյունքների իրականացման կարեւորության շուրջ:

Պանելային երկրորդ քննարկումը «Ապագա Հայկականի առաջին Համաժողովի եւ քննարկվելիք թեմաների վերաբերյալ էր, որի բանախոսներն էին «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը եւ Արտակ Ապիտոնյանը:

Հիշեցնենք, որ «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնություն է, որը հանդես է գալիս որպես հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առջեւ ծառացած խնդիրների միասնական հասցեագրման գործում համահայկական գիտելիքները եւ ներուժը համախմբող հարթակ: Այն մեկնարկել է 2021թ. ապրիլին տարբեր երկրներում բնակվող անվանի վեց հայորդիների նախաձեռնությամբ:

Փորձագիտական լայն մասնակցությամբ մշակվել են 15 նպատակներ, որոնք միտված են ծառայելու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զարգացմանը եւ անվտանգության ապահովմանը, Սփյուռքում հայապահպանությանը եւ կառույցների հզորացմանը։Նախաձեռնությանը միացել եւ նպատակների իրականացմանն իրենց աջակցություն են հայտնել ավելի քան 109 000 անձ` 108 երկրներից:
«Ապագա Հայկական» համաժողովին կարող են մասնակցել բոլորը՝ գրանցվելով պաշտոնական կայքում:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031