Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեպարի վարչական ղեկավար․ «Այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի»․ «Հրապարակ»

Հուլիս 12,2022 09:55

Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: «Հրապարակի» տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:

«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:

Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:

Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:

Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»:

Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին  նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»:

Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի: «Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031