33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում՝ կապված իրենց սեփականությունների դիմաց փոխհատուցման անհամարժեքության, սեփականատերերի հաշվին մասնավոր ընկերությունների համար գերշահույթ ապահովելու հարցի հետ: Նրանք նամակ էին պատրաստել վարչապետին փոխանցելու համար ու նաեւ հույս ունեին հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ու անձամբ նրան փոխանցել իրենց բողոքներն ու դժգոհությունը:

Մեկ այլ բնակիչ՝ Վազգեն Փխլիկյանի խոսքով ինքը ամենամեծ հողակտորի սեփականատերն է՝ մոտ 2000 քմ: «Այդ ի՞նչ օրենք են գրել, որ ես իմ տան մեջ նստած, իրենք իմ տունը վերցնեն կալանքի, իրենք որոշեն՝ ով պետք է գնի ու ինձ ինչ գումար պետք է տա: Ի՞նչ գերակա շահ: Այստեղ գերակա շահ չկա, սա գերշահույթ է: Մեր հողը բացառիկ հող է քաղաքում, որը մեզանից վերցնում են բացառիկ շահի անվան տակ: Մենք իրենցից ոչինչ չենք ուզում: Մենք ուզում ենք ապրել մեր տներում: Իսկ եթե զոռով պետք է մեզ հանեն, քառակուսի մետրի գինը մեզ չի հետաքրքրում: Թող այնքան գումար վճարեն, որ կարողանանք մոտակայքում կառուցվող նորակառույցներում բնակարան գնել: Անգամ դա էլ էական չի: Գումարը չե՞ն ուզում տալ, ուրեմն, թող մոտակա շենքերում մեզ հասանելիք քառակուսի մետրով բնակարան տան ու այդ 15 %-ն էլ իրենց պահեն: Ո՞վ եւ ի՞նչ իրավունքով են մեզ ստիպում քաղաքի կենտրոնում գտնվող մեր հայրական օջախներից դուրս գալ ու գնալ ծայրամասեր, եթե իհարկե, իրենց առաջարկված գումարով ծայրամասում էլ հնարավոր լինի տուն գնել»,-ասաց նա:
Ֆիրդուսի բնակիչները դժգոհում են, որ արդեն 20 տարի իրենց տները կալանքի տակ են: «Մենք հո պետության, կառավարության ձեռքը գերի չե՞նք ընկել: Չեն թողնում տնօրինել մեր սեփականություն հանդիսացող գույքը, ասենք, տունը վաճառել: Գնորդներ կան, որ պատրաստ են փոխշահավետ գումարով ձեռք բերել մեր բնակարանները: Բայց արի ու տես, որ կառավարությունը չի թողնում: Անգամ ընթացիկ նորոգում արդեն չենք կարողանում անել այս անորոշության պատճառով»,-ասում են նրանք:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































