Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հավատարիմ մնալով ընթացիկ թատերաշրջանի սկզբին որդեգրած քաղաքականությանը՝ խաղացանկ վերադարձնել ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած բեմադրությունները, օրերս, տարիների ընդմիջումից հետո, ներկայացրեց Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան։ Այն 1993թ. իրականացրել են ռեժիսոր Տիգրան Լեւոնյանը եւ դիրիժոր Օհան Դուրյանը։ Լեւոնյանական ռեժիսուրայով վերականգնված օպերան ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Գլխավոր դերերգերով հանդես եկան հրաշալի ձայներ՝ սոպրանո Անահիտ Մխիթարյանը (Պաոլինա), տենոր Պերճ Քարազյանը (Պողիկտոս), բարիտոն Առնոլդ Քոչարյանը (Սեւերո), բաս Հայկ Տիգրանյանը (Կալիստեն)։ Նշյալ մեներգիչներին միանշանակ հարկ չկա ներկայացնելու, նշենք միայն, որ նրանց, ինչպես նաեւ երգչախմբի ու նվագախմբի բարձրարվեստ կատարումը գոհացրեց հանդիսատեսին այնպես, ինչպես 29 տարի առաջ պրեմիերայի առաջին օրը։
Հետաքրքիր է այս օպերայի ճակատագիրը։ Սկսենք Հայաստանից։ «Պողիկտոսի» պարտիտուրը մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի խնդրանքով Հայաստան է բերվել 1970-ականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին վեհափառի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Իսկ ինչո՞ւ մինչեւ 1993թ. չի բեմադրվել, որովհետեւ խորհրդային տարիներին կրոնի քարոզը չէր խրախուսվում։ Մինչ օրս Ռուսաստանի օպերային թատրոններում, այդ թվում՝ Բոլշոյ եւ Մարիինյան, անդրադարձ չի եղել այս գործին. Երեւանի օպերային թատրոնն է մեկ անգամ՝ 1995թ., Բոլշոյում ներկայացրել «Պողիկտոսը», ինչի առիթով «Իզվեստիա» թերթը գրել էր. «Մեր թատրոնը վաղուց չէր տեսել նման ներկայացում։ «Պողիկտոսը» համաշխարհային կարգի ներկայացում է, որը պետք է շրջագայի բոլոր մայրցամաքներում…»։ Իտալացի սցենոգրաֆ Վիտտորիո Ռոսսիի խոսքերով էլ՝ «Հայաստանում ռեժիմների բախում է, սով, ցուրտ ու մթություն, իսկ Երեւանի օպերայում հայերը քրիստոնեությունը գովերգող «Պողիկտոս» են բեմադրում…»։

Այդ տարիներին «Առավոտի» հետ զրույցներում, բացի գովեստի խոսքերից, հետաքրքիր մտքեր են արտահայտել մեր արվեստի մեծերը։ Գրականագետ Լեւոն Հախվերդյանը հակիրճ ասել էր. «Եկա, տեսա, հաղթեցի», ակադեմիկոս Ռուբեն Զարյանն էլ՝ «Հիացած նայեցի, լսեցի եւ գնում եմ տուն հպարտ մարդու զգացումով»։ Դերասան Սոս Սարգսյանի խոսքերով՝ «Արցախի ռազմաճակատներում տարած հաղթանակների շարքում պետք է դասել այս բեմադրությունը, քանի որ ժողովուրդները հաստատվում են ոչ միայն զենքով, այլեւ բարձրաճաշակ, ճշմարիտ արվեստով եւս»։ Խորեն Աբրահամյանը հետեւյալ միտքն էր արտահայտել. «Եթե մի երկրում այսպիսի օպերա է ծաղկում, այդ երկիրը ապրելու է միշտ…»։ Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ձեւակերպմամբ՝ «Այս ներկայացումը կարելի է ցուցադրել ամեն տեղ, ուր սիրում ու հասկանում են իտալական օպերան, դասական արվեստը։ Եվ ի՜նչ ուրախություն, որ օպերան իր վերածնունդը Հայաստանում ապրեց»։
Կարդացեք նաև



Անդրադառնալով «Պողիկտոսին», մտաբերեցինք Տիգրան Լեւոնյանի՝ մեզ հայտնած հետեւյալ միտքը. «Ինձ համար համաձուլվածքային թատրոնը կյանքի մոդելն է՝ այս ներդաշնակ ու աններդաշնակ, այս հաշտ ու հակասական, համաձույլ ու անմիաբան, այս հրճվելից ու ողբերգական աշխարհի մոդելը»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տեսարաններ վերականգնված «Պողիկտոսից»։
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի
«Առավոտ» օրաթերթ
16.07.2022

























































