Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինարեն սովորեք, պատրաստ եղեք», հորդորեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Հուլիս 23,2022 13:00

Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ժամանակ աշխատած վկան չգիտեր՝ որպես ինչ էր ձեւակերպված եղել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում երեկ շարունակվեց վկաների հարցաքննությունը: Դատարան էին ներկայացել երեք վկա՝ Սմբատ Այվազյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Սուրեն Հակոբյանը:

Նրանք ներգրավված էին «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի, գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի, Մարինե Գեւորգյանի, համակարգող Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի, «Սուրեն Ղալեչյան Արտեմի» Ա/Ձ որպես կազմարար Նաիրա Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որպես վկաներ: 6 մեղադրյալներից 3-ը կանայք են: Կար 7-րդ մեղադրյալ, որի գործի մասն անջատված է: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ բոլոր վկաներին ծանուցագրեր են ուղարկվել դատարան գալու համար, եւ քանի որ այստեղ չինական ընկերության անունն էլ է շոշափվում, տողատակով դիմելով պաշտպանության կողմին, ասաց՝ «Չինարեն սովորեք, պատրաստ եղեք»:

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ, Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը՝ Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության, Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, «Սինոհիդրո քորպորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, եւ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի եւ ընկերության գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ միասին, կազմակերպել եւ ղեկավարել է «Սթոնս» ՍՊ ընկերությունից առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ տրամադրելու միջոցով, ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելը: Սեդրակ Առուստամյանը Սուրեն Ավագյանի եւ Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «M1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում եւ բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու եւ գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու եւ օրինական շրջանառություն մտցնելու եւ այդ կերպ նաեւ «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ»: Մեղադրյալներից մեկը «խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, օգտագործելու նպատակով» կեղծել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դրամարկղային գիրք:
ՓՊ Հանրային գրասենյակի փաստաբան, պաշտպան Թամարա Բաղդասարյանը միաժամանակ իրականացնում էր երկու մեղադրյալների՝ Սեդա Մելիքյանի եւ Մարինե Գրիգորյանի պաշտպանությունը: Մեղադրյալներից բոլորն ունեին պաշտպաններ:

Այս գործն անցյալ տարվա դեկտեմբերի 29-ից դատարանում է, անդրանիկ նիստը հրավիրվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին:
6-ից 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ, 3-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցները: Կարծես թե հիշում եք, երբ 20 միլիոն գրավ կիրառվեց Սեդրակ Առուստամյանի համար:

Վկան՝ ընկերության ինժեներ-նախագծող Սմբատ Այվազյանը հայտնեց, որ աշխատել է Հյուսիս-հարավ շինարարական ընկերությունում, զբաղվել ժամանակավոր երթեւեկության կառավարման սխեմաներով: Մեղադրողի հարցին, թե ծանո՞թ է չինական ընկերությանը, ծառայություններ մատուցե՞լ է, ում էր ճանաչում շինարարությունից, վկան ասաց, որ ճանաչում էր միայն Սուրեն Հակոբյանին, ով դատարան էր ներկայացել, իսկ նա աշխատած ժամանակահատվածում հիշում էր տնօրեններից՝ Ազիզյան, Ավագյան……պաշտպաններից մեկի հարցին, թե ծանո՞թ է իրավական փաստաթղթերին, վկան պատասխանեց՝ ոչ:

Ներկայումս պահեստապետ աշխատող վկա Գեւորգ Մանուկյանը հինգ տարի առաջ մեկ ամիս է աշխատել, ծանոթ չի եղել՝ պատվիրատուն ով է, չէր հիշում, որպես ինչ էր ձեւակերպվել ընկերությունում, ծանոթ չէր «Սթոնս» ՍՊ ընկերությանը, բանավոր պայմանավորվածությամբ «վերահսկել է բանվորների աշխատանքը»:

Երրորդ վկան՝ ներկայումս իքս-պրոյեկտի ղեկավար, տեխնիկական վերահսկիչ Սուրեն Հակոբյանը 2018 թվականի ապրիլից մոտ մեկ տարի աշխատել է շինարարությունում, որպես որակի եւ ծավալի ինժեներ: Հայտնեց, որ կատարված աշխատանքների գծագրական մասն է նախագծել, հաշվարկել, զբաղվել է նախահայտի տրամադրմամբ: Ըստ այս վկայի՝ պատվիրատուն չինական ընկերությունն էր, եւ «սաղ աշխատանքներն իրենց համար էր»: Վկան չհիշեց՝ պայմանագրո՞վ է աշխատել, թե՞ ոչ: Մեղադրողները հակասություն տեսնելով վկայի՝ դատարանում հնչեցրածի ու նախաքննության ժամանակ հայտնածի միջեւ, հրապարակեցին 2019թ. նոյեմբերի 19-ի հարցաքննությունից հատված: Վկան ասել էր, որ աշխատել է առանց պայմանագրի: Դատարանում հավելեց, որ ստացել է նաեւ աշխատավարձ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 4-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. «Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ միայն 5 տոկոսն է կառուցված, սակայն վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ են ընթանում»,- հունիսի մեկին անդրադառնալով պատգամավորների հարցերին՝ ասել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատասխանելով «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Ըստ նրա՝ «Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք: Մեծ խնդիրը հետեւյալն է, որ տարիներ անց այսքան քննարկված, այդքան կարեւոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված: Սա վատ լուրն էր: Լավ լուրն էլ այն է, որ նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կմ ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն էր»:

«Առավոտ» օրաթերթ
22.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031