1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն հաղթանակի կերտման մեջ։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետև բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։

Գրքի ստեղծման գաղափարն ու մտահղացումը լրագրող, «Կինոաշխարհ» էլ․ կայքի խմբագիր Ռուզաննա Բագրատունյանինն է։ Ժողովածուն չորս տարիների աշխատանքի արդյունք է (2018-2022թթ․)։ Գրքի տպագրությանն (300 օրինակ) աջակցել են սփյուռքահայ բարերար, լուսահոգի Գրիգոր Քյուրքչյանը, լիբանանահայ գործարար Միքայել Վայեջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը (հետազոտական աշխատանքի անհատական դրամաշնորհ) և YES ՀԿ-ն ։ Արցախյան գոյամարտի 116 բուժաշխատողները իրենց զրույցների ժողովածուն՝ նվեր են ստացել։ Մնացած տպաքանակը կվաճառվի, որից ստացած հասույթը կուղղվի գրքի անգլերեն թարգմանությանը։
Գրքում ամփոփված են Արցախյան գոյամարտի տարիներին՝ ռազմաճակատի առաջին գծում, դաշտային և զինվորական հոսպիտալներում, վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած անձանց պատմությունները, որոնք յուրօրինակ առերեսում են սեփական պատերազմի հետ. պատերազմ՝ մարդկային դեմքով, մարդկային սրտով՝ առանց գունազարդումների, անկեղծ, պարզ, երբեմն էլ իրենց կատարածը թերագնահատելով՝ «բժշկի հերոսությունը զինվորի կյանքը փրկելն է» ասելով։ Իսկ նրանք փրկել են շատ կյանքեր։
Կարդացեք նաև
Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված «Նրանց ժամանակը» աշխատանքը ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։ Բուժաշխատողների պատմությունները գրքում հաճախ են խաչվում, նույնանում, որովհետև նրանք պատերազմի ժամանակ նույն դեպքերի ականատեսը, վկան ու մասնակիցն են եղել։ Հենց սա է փաստավավերագրությունը, երբ նույն պատմությունը պատմում են տարբեր մարդիկ։

Սույն ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել և ամենակարևորը՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերել և՛ վիրավոր ադրբեջանցի գերիներին, և՛ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները, հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ թե բուժքույր առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։ Հենց այս պատմությունների պատճառով էլ առաջիկայում գիրքը նախատեսվում է թարգմանել նաև անգլերեն, որպեսզի օտար ընթերցողին էլ հասանելի դառնան կարևոր այդ դրվագները, որպեսզի միջազգային ատյաններում համեմատականներ չտարվեն հայերի ու ադրբեջանցիների միջև։ Պատերազմական օրագիր հիշեցնող գրքի պատմությունները մարդասիրության դասագրքի բացառիկ օրինակ կարող են հանդիսանալ։
Երեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կամ զոհվել է պատերազմի տարիներին, կամ մահացել պատերազմից հետո։ Բուժաշխատողների նախնական ցուցակը տրամադրել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, ռազմական բժիշկ, գնդապետ Սամվել Գևորգյանը, սակայն գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերն, այսպես ասած, կորել են, որոշները տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։
Հրատարակության հիմնական նպատակն էր գտնել բոլոր այն նվիրյալ բուժաշխատողներին, ովքեր շարունակաբար (շաբաթներ, ամիսներ, տարիներ) եղել են ռազմադաշտի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում, գնահատել և արժևորել նրանց հերոսական աշխատանքը թեկուզ և այս կերպ։ Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներն են ասում․«Վերև՝ Աստված, ներքև՝ բժիշկը»։ Օրեր շարունակ վիրահատարանից դուրս չեկած բուժաշխատողները տեսել են պատերազմի ամբողջ սարսափը՝ իրենց ձեռքերի մեջ։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ չարժանանալով անգամ պարզ շնորհակալության։ Շատերի անունները չենք գտնի գրքերում ու հանրագիտարաններում, բայց նրանք դեռ սպասում են, որ մի օր կգա իրենց ժամանակը։


















































