«150 հազար դրամից պակաս գնով անհնար է 1-2 սենյականոց բնակարան վարձակալել: Բնակարանների գները խայտառակ թանկացել են»,-այսօր այսպիսի դժգոհություն հայտնեցին կառավարության առջեւ հավաքված մի խումբ քաղաքացիներ: Նրանց խոսքով, բողոքի ցույցի նպատակը կառավարության ուշադրությունը «բնակարանների՝ աբսուրդի հասնող վարձակալության գներին հրավիրելն է, որպեսզի մի լուծում գտնեն»:
Ասում են՝ ինչ սկսվել են թանկացումները տանտերերը բնակարաններից հանում են վարձակալներին՝ ավելի բարձր գնով տալու նպատակով, եւ ընտանիքները անչափահաս երեխաները ձեռքներին մնում են փողոցում: Իսկ մանկահասակ երեխաներով ընտանիքներին խուսափում են կամ մեծ դժվարությամբ են համաձայնում բնակարան տալ:

Երիտասարդ կնոջ խոսքով, կառավարությունը պետք է նման ընտանիքների համար հիպոթեքային հարմար պայմաններով ծրագրեր առաջարկեի, որպեսզի վարձ տալու փոխարեն մարդիկ բնակարան վերցնեն ու իրենց բնակարանի համար վճարեն:
Կարդացեք նաև

«Մարդկանց վարձերի պատճառով ամուսինները բաժանվում են, իրար երես չեն տեսնում՝ կինը ուրիշ տեղ է ապրում, ամուսինն՝ ուրիշ, մեկը զոքանչի տուն է տեղափոխվում, երեխաներին դպրոցից դպրոց են տանում: Արդեն հոգնել ենք, չենք կարողանում մեր առօրյան կազմակերպել, նորմալ մարդու նման քնել, առավոտյան գնալ գործի, երեկոյան գալ քո տուն: Արդեն ամեն ամիս մտավախություն կա՝ հանկարծ էս ամիս չբարձրացնեն: Մարդիկ կաշվից դուրս են գալիս, որ վարձ վճարեն, այդ գումարները գոնե կուղղեն հիպոթեքի մարմանը»:
Ասում են՝ 50-70 հազար դրամով միայն ավտոտնակներ են առաջարկում ապրելու համար:
Կառավարության առաջ էին նաեւ Արցախից տեղահանված ընտանիքներ: Նրանց խոսքով այսօր բազմազավակ ընտանիքներին երեխաներով հանդերձ դուրս են հանում վարձատուները, լույսը, գազն անջատում են, քանի որ մարդիկ չեն կարողանում կոմունալների վարձերը վճարել:

Արցախցիների խոսքով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպել են, քննարկել են, սակայն խնդիրը չի լուծվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































