Արցախի Հադրութի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններից Ադրբեջանի նախաձեռնած 2020թ․-ի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվածներն այսօր ՀՀ կառավարության դիմաց էին՝ բարձրաձայնելու մի շարք խնդիրների մասին։ «Մենք հարցեր ունենք այս եւ Արցախի իշխանությանը, ժողովրդին։ Քնա՞ծ է ժողովուրդը, քնած-չզարթնած․․․կրկին դիմում ենք ՀՀ կառավարությանը ու կրկնում պահանջները։ Առաջնահերթ, պահանջում ենք Արցախի հայկական կարգավիճակ։ Այն պետք չէ մեզ՝ փախստականներիս, այն պետք է ողջ հայությանը՝ Արցախից մինչեւ Լոս Անջելես։ Եթե չկա Արցախի հայկական կարգավիճակ, ապա «դամոկլյան սուրը» կախվելու է հայության ինքնության վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանուն Հադրութի» հ/կ նախագահ Լեւոն Հայրյանը։
Նա շեշտեց, որ առանց Արցախի անվտանգության՝ սպառնալիքի տակ է լինելու հայության ինքնությունը։ Մյուս պահանջը փախստականի կարգավիճակի ճշգրտումն է, որը որոշակիորեն կապված է նաեւ Արցախի կարգավիճակի ճշգրտման հետ։ «Մենք այս վիճակում ենք հայտնվել Արցախի սուվերենության խախտման հետեւանքով։ Հայաստանի իշխանությունը պետք է սրան պատասխանի, այն սովոր է ՀՀ-ի եւ Արցախի միջեւ տարանջատում դնել։ Թեեւ տարօրինակություն կա, որովհետեւ երբ բանը հասնում է Արցախի հողերը զիջելուն կամ Բերձորն ու Աղավնոն դատարկելուն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հարցերը լուծում։ Իսկ երբ Արցախի փախստականները դիմում են բնակարանի կամ այլ սոցիալական հարցերով, ապա ասում են՝ Արայիկ Հարությունյանին դիմեք։ Սա ի՞նչ հետաքրքիր տարանջատում է»,-հարցադրում արեց Լեւոն Հայրյանը։
Կարդացեք նաև
Նա ՀՀ-ի եւ Արցախի իշխանություններին կոչ արեց դադարեցնել ժողովրդի հետ խաղեր խաղալ ու խնդիրները «պասերով» իրար վրա գցել․ «Իշխանությունը պետք է մեկը լինի եւ աշխատի հայության, սուվերենության պահպանման ուղղությամբ։ Հադրութը, Քաշաթաղը կորցրինք։ Պատկերացրեք՝ դրանք ՀՀ-ի մասերն էին, որոնք մեր հարեւան Թուրքիան եւ Ադրբեջանը կտրելով, «անդամահատելով» գալիս են։ Ի դեպ, այդ երկուսն ասում են, որ իրենք մի ազգ-մի պետություն են, իսկ մենք մեր սփյուռքին ենք «տշում»։ Մեր հարեւանների նպատակակետը Երեւանն է, եւ դա չեն թաքցնում։ Փախստականներին եմ դիմում՝ ինչո՞ւ չեք հավաքվում եւ ձեր հարցերը բարձրաձայնում, միայն այս մի քանի տասնյակ հոգի՞ս ենք գալիս այստեղ։ Որ մենք էլ հոգնենք, ո՞վ է բարձրաձայնելու»։


Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































