Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ-ն խոստանում է թեժ աշուն. «Ցանկանում ենք որսալ այն պահը, երբ չեկիստական համակարգն այնքան թուլացած կլինի, որ այս անգամ ապագաղութացումը տեղի կունենա անպայման»

Օգոստոս 08,2022 21:02

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային- ժողովրդավարական բեւեռը Աղավնո համայնքի 73 բնակիչների ստորագրությամբ ստացել էր նամակ-դիմում՝ խնդրելով այն հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, վարչապետ Փաշինյանին եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներին ուղղված նամակում, մասնավորապես, նշվել է. «Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից: Իրականացվող գաղտնի գործարքը Երևանի և Բաքվի միջև՝ հանդիսանում է ոչ այլ ինչ՝ քան ցեղասպանության տարատեսակ և ի դեմս մեզ՝ փախստականների նոր խմբաքանակի առաջացում: Արցախի վարչախումբը՝ մեզ մոտ էմիսարներ է ուղարկել, որոնք բացահայտորեն մեզ կոչ են արել լքել մեր տները, որովհետև գյուղի դավաճանական փոխանցումից հետո անկարող են լինելու ապահովել մեր անվտանգությունը, իսկ տեղի ռուսական զորքը հեռանալու է այս տարածքից: Մենք չունենք այլևս այլ հույս՝ քան ձեր՝ Մինսկի Խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ երկու պետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների միջամտությունն ու միջնորդությունը՝ վերահաս և անխուսափելի թվացող հումանիտար աղետը կանխելու նպատակով»:

Այսօր Բեւեռի ներկայացուցիչները նամակ-դիմումը հանձնեցին երկու դեսպանատներին: ԱԺԲ խորհրդի անդամ Մարգարիտա Սադոյանը նշեց, որ Աղավնոյի բնակիչներին այսօր ստիպում են լքել իրենց բնօրրանը, եւ եւս մեկ անգամ տեղի է ունենում հայ ժողովրդի բռնի էթնիկ զտում, Արցախի հայաթափում, մարդու իրավունքների բոլոր միջազգային պայմանագրերի եւ օրենքների խախտում: Նա ներկայացրեց նաեւ ԱԺԲ-ի այն հայտարարությունը, որը հրապարակել են մայիսի 18-ին՝ ցույց տալով, որ դեռեւս ամիսներ առաջ զգուշացնում էին՝ ինչ է տեղի ունենալու. «Ադրբեջանը, հետեւողականորեն շարունակելով Արցախն ամբողջությամբ կլանելու եւ էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը, արագացված տեմպերով կառուցում է Բերձորի միջանցքով անցնող այնպիսի այլընտրանքային երթուղի՝ (Կոռնիձոր-Լիսագոր) ունեցող ճանապարհ, որը շրջանցում է միջանցքում գտնվող հայաբնակ Բերձոր քաղաքը: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ դրանից հետո այդ բնակավայրերի բնակչությունը կտեղահանվի բռնի կերպով կամ անխուսափելի բռնության սպառնալիքի ազդեցությամբ։ Այս նպատակի համատեքստում ս.թ. մայիսի 16-ին զինված ադրբեջանցիներն, այսպես կոչված, ռուսական խաղաղապահների հետ համաձայնաբար ու նրանց ուղեկցությամբ փորձել են էլեկտրականություն անցկացնել Աղավնո գյուղի տարածքով դեպի Արցախի զավթած բնակավայրեր, ինչի շնորհիվ գյուղն իրենց համար կդառնար սպասարկման գոտի, ըստ այդմ` մատչելի ու խոցելի։ Ադրբեջանցիների այս ապօրինի նախաձեռնությունն առայժմ խափանվել է Աղավնոյի հայ բնակչության միահամուռ բողոքի շնորհիվ։ Սակայն ակնհայտ է, որ Ալիեւը եւ Պուտինը չեն հրաժարվելու իրենց հանցավոր պլանի իրագործումից։

Ալիեւը շտապում է մինչ տարածաշրջանից իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անխուսափելի հեռացումը պայմաններ ու նախադրյալներ ստեղծել միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Ազգային-ժողովրդավարական բեւեռը դիմում է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպաններին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների, խնդրելով նրանց անհապաղ միջամտությունը էթնիկ զտման անմիջական ու իրական վտանգի ենթակա Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի հայ բնակիչների տեղահանումը կանխելու նպատակով այդ բնակավայրերը շրջանցող ճանապարհի կառուցումն ու հետագա շահագործումը թույլ չտալու հարցում»:

Դեսպանատներից դուրս եկան ներկայացուցիչներ ու լսեցին ԱԺԲ անդամներին:

ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանն էլ ասաց, որ դեսպանատան աշխատողներին փոխանցել են, որ սա պայմանավորված առեւտուր է՝ հայկական շահերի հաշվին. «Թուրքիան ՌԴ-ի վերջին հույսն է՝ սանկցիաները շրջանցելու նպատակով: Ասացի, որ Փաշինյանի իշխանությունը խամաճիկ է, որը ծառայում է Կրեմլին, Բաքվին եւ Անկարային, բայց ոչ երբեք սեփական ժողովրդին եւ ազգային շահերին: Մենք հետեւողական կլինենք այս հարցերում»:

Նա նշեց, որ ԱԺԲ-ին հաճախ կշտամբում են, թե զիջում ենք, կորցնում ենք, դուք ո՞ւր եք, ի՞նչ եք անում. «Մենք այստեղ ենք, ցանկանում ենք որսալ այն պահը, երբ չեկիստական համակարգը այնքան թուլացած կլինի, որ այս անգամ ապագաղութացումը տեղի կունենա անպայման եւ վերջնական ու այս անգամ ժողովրդի ընդվզումը արյան մեջ չի խեղդվի, ինչպես դա եղավ Մարտի 1-ին եւ Սարի թաղում: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայ մարդու կյանքն ու առողջությունը: Այդ պահը մոտենում է: Նույնիսկ վրացի ժողովուրդն ասում է, որ արդեն այդ պահը մոտենում է եւ աշունը թեժ է լինելու այդ երկրում եւ հետխորհրդային տարածքի երկրներում: Նրանք բոլորը սպասում են պուտինյան ռեժիմի տապալմանը, որից հետո շունչ կքաշեն, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը, կբռնեն զարգացման ճանապարհ: Շաբաթը ուրբաթից շուտ է գալու, Խերսոնում ռուսական բանակը ջախջախվելու է, դրան հետեւելու է  Կրեմլի ռեժիմի տապալումը: Դրանից հետո հայ ժողովուրդն իր խոսքն ասելու է Երեւանի հրապարակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Մարգարիտա Սադոյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031