«Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության` միայն 2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել»,-այս արձանագրումն արել է արդեն երրորդ ամիսը կալանքի տակ գտնվող «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հանրային զորակցության թիմը:
Ըստ տարեթվերի, վիճակագրությունը հետեւյալն է.
2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ,
2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ,
Կարդացեք նաև
2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ,
2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ,
2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ
Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր` դատարանի դահլիճում:
«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ, մասնակիցների արձանագրմամբ, ՀՀ-ում աննախադեպ է դարձել կալանավորումը որպես պատժամիջոց, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միջոց ու վախի մթնոլորտ տարածելու մեխանիզմի կիրառումը:
Քննարկման սկզբում, Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը հնչեցրեց Ավետիք Չալաբյանի խոսքը կալանավայրից. «Արդեն երեք ամիս է, ինչ իշխանությանը տիրացած այս ապազգային վարչակարգը ապօրինաբար զրկել է ինձ ազատությունից։ Ուզում են հաշվեհարդար տեսնել իմ ու ընտանիքիս անդամների նկատմամբ։ Իմ պաշտպանական թիմի փայլուն աշխատանքի ու մեր բազմաթիվ համախոհների ջանքերի արդյունքում ինձ հաջողվեց կալանավայրից դուրս գալ, սակայն նրանք չէին կարող հաշտվել այն հանգամանքի հետ, որը ՀՀ քաղաքացին պարզ ճակատով կարող է կրկին ընդդիմանալ նրանց: Ինձ նորից զրկել են ազատությունից՝ առանց որևէ իրավական հիմնավորման։ Այսօր Հայաստանում հալածանքի ենք ենթարկվում ոչ միայն մենք, այլ արդարադատությունն առհասարակ։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել ու մնալ ազատության մեջ։ Իսկ մնացած քաղաքացիները զրկված են սեփական շահերը պաշտպանելու իրավունքից։ Մենք դրան չէինք արժանի, մենք արժանի էինք ապրելու երկրում, որտեղ դատական իշխանությունը անկախ է գործադիրից»:
Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց՝ վերջնականապես համոզվեցինք մեկ բանում՝ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, ապահովելու Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված այն մեխանիզմները, որ երբ մարդը՝ հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, կունենա պաշտպանվելու նվազագույն հնարավորություններ, ըստ էության չեն գործում, երբ քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել: Նա պնդում է, որ կալանավորումը ՀՀ-ում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է, որպես պատիժ եւ գործող քաղաքական իշխանությունները, հույս չդնելով վերջնական դատական ակտի առկայության վրա, որով հնարավոր ազատազրկման ձեւով պատիժ կկիրառվի, կալանավորումը կիրառում է որպես պատիժ:
Փաստաբանը հիշեցրեց, որ մոտ 1,5 տարի առաջ, դատավորների հետ մի հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ գործերով ինչո՞ւ կալանավորումը չի կիրառվում, իբրեւ խափանման միջոց, որին հետեւում է դատավորների՝ աշխատանքի լծվելը: Փաստաբանը դրա հետեւանք է համարում նաեւ Գագիկ Ջհանգիրյանին խախտումով ԲԴԽ նախագահ նշանակելը:
Քաղաքական զգայուն գործերով, ըստ պաշտպանի, առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են դատավորներ Մնացական Մարտիրոսյանը կամ Կարեն Ֆարխոյանը, ովքեր մշտապես իշխանական քմահաճույքները կատարելու համբավ ունեն: Վարազդատ Հարությունյանը նրանց համարում է պետական ռեպրեսիվ համակարգի անխափան աշխատող դետալներ:

Նա պատահական չի համարում, որ այս գործերով դատավոր է ընտրվել Մնացական Մարտիրոսյանը. հիշեցնում է՝ Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին դատող դատավորն է եւ անձնական վրեժխնդրությունից ելնելով, հիմա Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր գործերը նրան է հանձնարարում:
Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում մարդու իրավունքների խախտումների հարցերով պարբերաբար դիմում է միջազգային ատյաններին, բայց վերջիններիցս արձագանք չի ստանում: Պատճառն, իր գնահատմամբ, այն է, որ դրանք վերածվել են «քաղաքական գործիքի»:


ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն էլ կարեւորեց նաեւ հասարակության հետ աշխատանքը եւ ճիշտ աշխատանքը: Նա հիշեցրեց գործող իշխանության՝ դատավորների նկատմամբ սկսված արշավը, որին հասարակությունը անհաղորդ եւ անտարբեր մնաց:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































