Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիրներն ասում էին, թե խոչընդոտել են, որ գործող իշխանություններն իրականացնեն հավելյալ զիջումներ Ադրբեջանի նկատմամբ, ինչին հետեւեցին վերջին զարգացումները». Նորիկյան

Օգոստոս 12,2022 16:28

Երբ խորհրդարանական ընդդիմությունն անցավ փողոցային պայքարի ու «Դիմադրության շարժումը» սկսեց հանրահավաքներ, ցույցեր անել, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն ասում էր, որ Արցախի, Հայաստանի զարգացումը տապալած քաղաքական ուժերը չեն կարող Արցախը փրկել, նրանք ավելի շատ նպաստում են, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնա, քան հեռացնում են նրան իշխանությունից:

Aravot.am-ը Նորիկյանին հարցրեց՝ հիմա խորհրդարանական ընդդիմությունը այլեւս հանրահավաքներ, ցույցեր չի նախաձեռնում, հարթակն ազատ է, ի՞նչ է անում արտախորհրդարանական ընդդիմությունը՝ իրավիճակը շտկելու համար, հա՞շտ է Աղավնոյի, Բերձորի հանձնման հետ:
Նա պատասխանեց. «Խորհրդարանական ընդդիմությունը, հանձինս ամենաբարձր մակարդակով ներկայացուցիչների, ընդգծեց, որ իրենք իրենց հրապարակային գործունեությամբ կասեցրել են Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում գործող իշխանությունների պարտվողական դիրքը: Այսինքն, ասում էին, թե խոչընդոտել են, որ գործող իշխանություններն իրականացնեն հավելյալ զիջումային քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ, ինչին հետեւեցին վերջին զարգացումները: Այսինքն, խորհրդարանական ընդդիմության ասածն իրականությունից հեռու էր:

Բացի այդ, այստեղ մի ֆունդամենտալ տարբերություն կա արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ խորհրդարանականների միջեւ՝ կապված ռեսոււրսների, պատասխանատվության, հնարավորությունների հետ: Խորհրդարանական ընդդիմությունը յուրովի օրենսդիր իշխանություն է, եւ իրենք իրենց հանրային վերահսկողական իրավասությունն ունեն գործադիր իշխանության նկատմամբ, ինչը հնարավոր չէ ասել արտախորհրդարանական ուժերի մասին: Կոնկրետ մեր ուժի մասով կարող եմ ասել, որ մենք չափից դուրս ակտիվ ենք հրապարակային մեր դիրքորոշումներով, առաջարկություններով, մեր պատկերացումները հանրության տարբեր շրջանակներին ներկայացնելով, հենց իշխանությանը՝ ամենաբարձր մակարդակով իրենց կողմից վարվող քաղաքականության թերությունները, բացթողումները ներկայացնելով: Մենք այս փուլում այդ հնարավորությունը ունենք, դա կարող ենք անել: Արտախորհրդարանական ուժերից ակնկալել հավելյալ ռեսուրսներ, կարծում եմ, մի փոքր մաքսիմալիստական է»:

Հարցին՝ այսինքն, դուք այնպես չի, որ հաշտ եք ստեղծված իրավիճակի հետ, բայց քանի որ ռեսուրսները սահմանափակ են, ինչ-որ բան չե՞ք ձեռնարկում՝ Նորիկյանը պատասխանեց. «Քաղաքական գործունեությունը միայն միտինգ անելը չէ, միայն հանրությանը հավաքելն ու պիկետներ կազմակերպելը չէ: Քաղաքական գործընթացը բազմաթիվ գործողությունների համալիր է: Օրինակ՝ մենք պատրաստվում ենք մեր համագումարին, որտեղ հստակ քաղաքական գնահատականներ կտրվեն, ճանապարհային քարտեզ կուրվագծվի, առաջիկա ժամանակահատվածում քաղաքական գործընթացների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու հնարավորությունների մասին խոսք կգնա: Մենք նաեւ պատրաստվում ենք սահմանադրական բարեփոխումների հնարավոր ընթացքի վերաբերյալ մեր պատկերացումները ներկայացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031