«Փեթակ» առեւտրի կենտրոնը օգոստոսի 14-ից Սուրմալուի պայթյունից հետո մինչ օրս փակ է․ այսօր «Փեթակի» աշխատակիցներն ու տնտեսվարողները հավաքվել էին կենտրոնի մոտ եւ պահանջում էին թույլտվություն՝ վերսկսելու աշխատանքը։

«Փլուզումն են պատճառաբանում, բայց այդ շենքը մեզանից շատ հեռու է, եթե փլուզում էլ լինի՝ մեզ չի հասնի, էդ շենքը 200 մետր հեռու է մեզանից։ Պատճառ չկա, որ թույլ չտան աշխատենք»,-ասացին աշխատակիցները։

Կարդացեք նաև
Տնտեսավարողներից մեկն էլ ասաց, որ վարձու աշխատողները, բանվորներն արդեն սկսել են այլ աշխատանք փնտրել․ «Ասենք՝ որ բացվենք ու աշխատող չունենանք, հիմա էլ ընկնենք աշխատող փնտրե՞նք։ Կամ օրինակ՝ բանվորին օրը 5 հազար դրամ էի տալիս, մարդը տուն է պահում, քանի օր է՝ չի աշխատում, մեկը մտածե՞լ է՝ էդ բանվորներն ու վաճառողները ո՞նց են ապրում էս քանի օրը»։


ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․ ««Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։
Ցույցի մասնակիցները նշեցին, որ եթե խնդիրն այսօր չլուծվի եւ իրենց վերջանական պատասխան չտան՝ վաղը կրկին բողոքի ցույց են անելու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































