Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ մայոր Վահե Ղազարյանին այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական տարածքում գտնվող մթա 2-րդ-1-ին հազարամյակների «Դամբարանադաշտի» պահպանական գոտու տարածքում պեղումներ իրականացնող հայ-գերմանական արշավախմբի հայտնած տեղեկություններով, մի խումբ անձանց կողմից կատարվել են հողատարածքի չափումներ, պեղումների ավարտից եւ արշավախմբի հեռանալուց հետո չափումների ուղեծրով տեխնիկայի կիրառմամբ անօրինական փորվել է երկար խրամուղի: Հաղորդումը, զեկուցագիրը եւ կից փաստաթղթերը ուղարկվել էին Սևանի քննչական բաժին:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից: «Տվյալ դեպքը գրանցվել էր Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Դամբարանադաշտի» տարածքում, որը թվագրվում է 2-րդ-1-ին հազարամյակներ: Այն հանրապետական նշանակության հուշարձան է, որի տարածքում 2020-21թթ մի շարք իրավախախտումներ էին տեղի ունեցել, որոնց հետ կապված տարբեր գրություններով անընդհատ դիմել էինք ոստիկանություն՝ բոլոր դեպքերով: Ոստիկանությունից այժմ ստացել ենք պատասխան, որ քրեական գործ կա հարուցված, եւ նախաքննություն է իրականացվում, հանգամանքները պարզվում են»,- ասաց ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Հետաքրքրվեցինք, թե քանի՞ մարդ է այդ գործով անցնում: ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետն ասաց, որ այդ մանրամասներին չեն տիրապետում, ապա հավելեց. «Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած իրավախախտման դեպքում մենք պարտավոր ենք դիմել համապատասխան մարմիններին: Հանցակազմի դեպքում քրեական գործեր են հարուցվում: Հույս ունենք, որ այս դեպքում էլ իրավախախտում կատարած անձինք կբացահայտվեն եւ օրենքով սահմանված կարգով կպատժվեն»:

Կարդացեք նաև
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից


















































