Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանական չի՞, երբ պայմանավորվում են, հավաք ենք կազմակերպում, իրենք հետո իշխանական սպառնալիքների տակ փոխում են իրենց որոշումը». Կիմ Բալայանը մանրամասնում է

Օգոստոս 24,2022 15:14
Kim Balayan

Երեկ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ անցկացվեց ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ, որին հրավիրվել էին ԳԽ նախկին պատգամավորներ:

Նիստի ժամանակ որոշում կար ԳԽ պատգամավորական ակումբի անունից հայտարարություն տարածել, բայց ԳԽ նախկին պատգամավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը (լուսանկարում) հայտարարեց, որ դեմ է. «Դեմ եմ, որ հայտարարություն լինի ակումբի անունից, քանի որ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահությունն իրեն ամբողջությամբ վարկաբեկեց: Նախաձեռնողի կարգավիճակով հանդես եկավ, որոշման նախագիծ ներկայացրեց Ռուբեն Թորոսյանը, այնուհետեւ դավաճանաբար այս իշխանությունների քայլերին համահունչ որոշում կայացրեցին նիստին չմասնակցել»:

Թե ինչ էր կատարվել իրականում, Aravot.am-ի հետ զրույցում Կիմ Բալայանը մանրամասներ պատմեց. «Գերագույն խորհրդի ակումբի նախագահության քայլը դավաճանական է, որովհետեւ մենք հավաքվեցինք, ընդլայնված նախագահության նիստ արվեց, նիստում որոշվեց օգոստոսի 23-ին հրավիրել նիստ ու քննարկել նախագծեր: Ռուբեն Թորոսյանը ԱՄՆ-ից նախագիծ ուղարկելով հանդերձ՝ ինքը դեմ է քվեարկել, որ այդ հավաքը կայանա: Նախագահությունը չէր եկել: Դավաճանական չի՞, երբ ասում են, պայմանավորվում են, որ Անկախության հռչակագրի օրվան նվիրված մենք հավաք ենք կազմակերպում, իրենք հետո իշխանական սպառնալիքների տակ փոխում են իրենց որոշումը»:

Հարցին՝ այսինքն, մտածում եք՝ իշխանություննե՞րն են ճնշում գործադրել եւ չեղարկել իրենց որոշումը՝ Բալայանը պատասխանեց. «Չեմ մտածում, համոզված եմ, որովհետեւ փաստեր ունեմ: Պարզապես չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետեւ մարդկանց անձնական կյանքին է վերաբերվում: Նախագահության անդամների վրա ճնշում է գործադրվել՝ կապված իրենց հարազատների հետ, եւ դրա համար որոշումը փոխվել է»:

Ճշտեցինք՝ եթե իրենք գային, նախագիծն ընդունվեր, ինչո՞վ էր խանգարելու իշխանություններին, ի՞նչ խնդիր պիտի ստեղծեր, որ կանխել են՝ Բալայանը պատասխանեց. «Իրենց չգալով՝ նիստը չի տապալվել, նիստը կայացել է, բայց ես համոզված էի, որ առնվազն 100 պատգամավոր կգա: Իրենք նիստի օրն են մեզ ասել, որ հրաժարվում են եւ չեն գալու, այլապես մենք կտեղեկացնեինք: Պատգամավորներից շատ շատերը տեղյակ չեն եղել: Երեկ ԳԽ մի շարք պատգամավորների ես տեսա հրապարակում, ասեցի՝ բա ինչի՞ չէիք եկել, ասացին՝ մեզ չէին ասել: Իսկ այդ պարտավորությունը նախագահության վրա էր դրված, որ իրենք պետք է բոլորին տեղեկացնեին»:

Երեկվա նիստում Կիմ Բալայանն ասել էր, որ ակումբում 5 նախագիծ է քննարկվել, առաջարկեց ստեղծել խմբագրական հանձնաժողով, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ նախագծերն ընդունեն: Քանի որ Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը նախկինում ներկայացվել են Սուրեն Զոլյանի կողմից, առաջարկվեց խմբագրական հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակել հենց Զոլյանին ու նախագծի հեղինակներին էլ ընդգրկել հանձնաժողովի կազմում:

Հարցին՝ կոնկրետ ինչի՞ մասին են այդ նախագծերը՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «Անկախության հռչակագրի դրույթների պահպանմանն են վերաբերվում, այդ թվում նաեւ Արցախին, բնական է, որովհետեւ ըստ հռչակագրի, Արցախը վերամիավորված է Հայաստանին»:

Մենք նաեւ հստակեցրինք՝ եթե գտնում եք, որ ԳԽ պատգամավորական ակումբի նախագահությունը վարկաբեկել է իրեն այդ քայլով, հնարավո՞ր է նոր կազմ ընտրվի՝ Կիմ Բալայանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է, ես այդպես էլ մտածում եմ, որ պետք է ԳԽ ակումբի նոր նիստ վարել եւ նախագահության նոր կազմ ընտրել: Ակումբի աշխատանքը փաստորեն տապալվելու փորձ արեց այդ նախագահությունը, ո՞նց կարելի էր նման բան անել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031