Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գյուղերը թուրքերին կուտան, 2 մետր հող չեն տա, կանգնինք, փող աշխատինք»․ Գյումրեցի առևտրականներ

Օգոստոս 24,2022 17:16

Գյումրու քաղաքապետարանը Վարդանանց հրապարակի մոտակայքում գտնվող փողոցների մայթերում (Շահումյան փողոցի սկզբնամասից մինչև Արագած փողոց և Հաղթանակի պողոտա) բացօթյա առևտուրն արգելել է՝ առևտրականներին տեղահանելով ու առաջարկելով ժամանակավորապես կանգնել կենտրոնական շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում կամ այսպես ասած «Գարենի շուկայում», որը մասնավոր է։ Այս առաջարկները, սակայն, դուր չեն եկել մայթերից տեղահանված առևտրականներին, որոնք գրեթե ամեն օր բողոքով գալիս են Գյումրու քաղաքապետարան։


Նրանք դժգոհում են, որ 20 օր է՝ փող չեն աշխատում, վարկերի տակ են, քաղաքապետարանի առաջարկած տարբերակները պիտանի չեն․ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում անհնար է 40 հոգու տեղավորելը, ընդամենը 3 հոգի են տեղավորվել, իսկ «Գարենի շուկայում» մեծածախ առևտուր են իրականացնում, հետևաբար և անհնար է այնտեղ փող աշխատելը։

«Լաչին, Գարեն, խելռցրել են, գնացեք, թող Գարենը գա քաղաքապետ աշխատի, հարցի լուծումը Գարենը տա։ Մեծածախ առևտուր է «Գարենի շուկայում», մարդիկ առավոտ գնացել են դեղձ առնին 200 դրամով, որ ծախեն 250-ով, գնացել, տեսել են՝ ումից որ առել են, նա դրել, 150 դրամով կծախե։ Ի՞նչղ կմտածեք, մեծածախը մանրածախի հետ կաշխատի՞։ Թող ավտոկայանի շուկան սարքեն, երթանք , տեղավորվինք, մենք չենք ասում, թե փողոցի համար հոգի կուտանք, չէ, թող շինեն, երթանք, կանգնինք։

Ամսի 2-ից մինչև օրս չենք աշխատի, մեզ հանել են, գեղերը կուտան թուրքերին, 2 մետր չեն տա իրենց ժողովրդին, որ կանգնին, փող աշխատին։ Չգիտենք՝ ինչ ենենք։ Մեզի տեղահանելու ժամանակ ապրանքս էլ բերեցին, քաղաքապետարանի հետևը լցրեցին, սաղ թափել են, 230 հազար դրամ գնաց, կորավ։ Գլուխներն ուտե, հիմի ի՞նչղ ենենք, էս հարցի լուծման համար ո՞ւմ դիմենք, ո՞ւմ մոտ երթանք»,- ասաց Հակոբյան Մեխակը։

Նա նաև նեղսրտում էր, որ հենց քաղաքապետարան են մտնում, հրահանգում են իրենց դուրս անելու։


Մեկ այլ առևտրական՝ Սուսաննա Հակոբյանն էլ դժգոհեց․«Լաչինում» անհնար է 40 հոգու տեղավորելը․ 40 հոգուց 3 հոգուն են տեղավորել։ Մեզ հանել, փողոց են նետել, հայտնվել ենք անելանելի վիճակի մեջ, երկրաշարժից հետո էս քաղաքում ոչ մի աշխատատեղ չի ստեղծվել, հիմի մենք մեր գլուխը պահում ենք, ուզածներն ի՞նչ է։ Թող ավտոկայարանի տարածքում շուկան սարքեն, մենք էլ գնանք կանգնենք, ոչ թե շուկայի հարց չլուծած՝ մեզ տեղահանեն։ 5 երեխա ունեմ, կասե՞ք ինչ ձևի դպրոց ուղարկեմ։

Մեր ընտանիքները փաստացի սոված են մնացել։ Գիտեք՝ ինչքան վնաս տվեցին մեզ մայթերից հանելու ժամանակ, ապրանքները տարան, լցրեցին քաղաքապետարանի հետևը։ 400-500 հազար դրամի ապրանք են լցրել, հիմա ես ինչքա՞ն պիտի աշխատեմ, որ այդ ապրանքի փողը հանեմ։ Թող մեզ ընդառաջեն մինչև դեկտեմբերի 31-ը, թույլ տան, որ մենք էլ մնանք մեր տեղում, ինչո՞ւ են «Լաչինի միջանցքում» կանգնողներին ժամանակ տվել մինչև տարեվերջ, մեզ՝ ոչ»։

30 տարի շարունակ առևտուր անող Հռիփսիկ Ստեփանյանն էլ դժգոհեց, որ քաղաքապետարանի առաջարկած մասնավոր «Գարենի շուկա»-ում առևտուր անելն անհնար է, այստեղ մեկ գծամետրի համար նախատեսված 300 դրամի փոխարեն 1500 դրամ են ուզել։

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն էլ պարզաբանեց, որ մայթերից տեղահանված առևտրականների մեծ մասը տեղավորվել են, նրանք ընդունել են քաղաքապետարանի առաջարկած տարբերակները, ըմբոստանում են միայն 5-6 հոգի։ Ըստ փոխքաղաքապետի, առևտրականները «կապրիզներ են անում», եթե անգամ նրանց քաղաքապետարանի շենքն առաջարկես, դարձյալ չեն գալու։

Դավիթ Առուշանյանը

Նրա պարզաբանմամբ, Գյումրու քաղաքապետարանն ապօրինի առևտրի դեմ պայքարը սկսել էր հունվար ամսին, երբ գրություն էր ստացել ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից, սակայն ի նկատի ունենալով, որ Գյումրին սոցիալապես վատ վիճակում գտնվող քաղաք է, հետաձգել էին։

Փոխքաղաքապետը նաև պարզաբանեց, որ առևտրականների հետ համատեղ քննարկել են հարցի լուծման չորս տարբերակ, մի մասն ընդունելի է եղել, սակայն հետո այդ նույն առևտրականները փոշմանել են։ Ավտոկայանի տարածքում քաղաքապատկան շուկա կառուցելու ծրագիրը ևս ստիպված են հետաձգել, քանի որ սկզբում ոգևորությամբ է ընդունվել, հետո առևտրականները նորից առարկել են՝ պատճառաբանել, թե հեռու է, փոշի է, թոզ է, անհնար է առևտուր անել։

«Իրենց մոտ ուղղակի էն է, որ մենք պիտի մնանք մեր տեղը և վերջ։ Այդ տարբերակը կառուցողական չէ, ես իրենց ասել եմ՝ ավելի լավ է նստենք, բոլորով մտածենք շուկա կառուցելու մասին, քան իրար վիճենք, վեճը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

«Լաչինի միջանցքի» առևտրականներին մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ ենք տվել, և իմ կողմից խնդիր է դրվել, որ մայթերից տեղահանված առևտրականներն այնտեղ պիտի տեղավորվեն։

Նույն այդ առևտրականները, որոնք ասում են տեղ չկա «Լաչինի միջանցքում», ես գիտեմ, որ նույնիսկ խանութի տերերն են առաջարկել իրենց խանութի դիմաց կանգնել, ապրանք վաճառել։ Մի քանի հոգի, իմ ունեցած տվյալներով, արդեն միկրոյի շուկայում են տեղավորվել, մի քանի հոգի «Լաչինի միջանցքում» են տեղավորվել, ըմբոստները երևի 5-6 հոգի են մնացել, որոնք պատկերացնում են, թե կարողանալու են իրենց ասածն առաջ տանել»։

Փոխքաղաքապետը նշում է նաև, որ միկրոյի շուկայում միայն մեծածախ առևտրով չեն զբաղվում, այնտեղ նաև մանրածախ առևտուր են, իսկ առևտրականները հազար ու մի պատճառ են բռնում այլ տեղ չգնալու համար։

«Իրենց մոտ կապիզներ են, մտածում են, որ մի քիչ պայքարեն, կկարողանան նորից մայթերի վրա առևտուր անել, ես ուզում եմ հասկանալ՝ այդ առևտրականները պայքարում են քաղաքի դե՞մ, որովհետև մեր քաղաքի արտաքին տեսքն է, մեր քաղաքացիների սննդի որակի ապահովությունն է, ո՞ւմ դեմն են էդ 5-6 հոգին պայքարում»,-ասում է փոխքաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031