Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողները հոգնեցին մեզ այդ հարցը տալուց եւ սեփական ենթադրությունն արեցին՝ հանգելով մեկ բանի»․ Չալաբյանի պաշտպան

Օգոստոս 30,2022 17:09

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերաքննիչ քրեական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի առնչությամբ որոշում կայացնելու․ այն հրապարակվելու է վաղը։

Բողոքի քննության ընթացքում Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը նախ մատնանշեց, որ Ավետիք Չալաբյանի վարույթի մասին ԶԼՄ-ներում այս ընթացքում եղել են 8300-ից ավելի հրապարակումներ, եւ պաշտպանները, հարազատներն ու համախոհները բազմաթիվ հարցազրույցներ են տվել․ «Լրագրողներին հիմնականում մի հարց է հետաքրքրել՝ ի վերջո ո՞րն է Ավետիք Չալաբյանին անազատության մեջ պահելու դրդապատճառը։ Փաստարկված պատասխաններ տալու համար մենք պետք է հղում անեինք այն դատական ակտին, որի համաձայն՝ նա անազատության մեջ է, բայց չենք կարող, որովհետեւ դրանում չկան պատճառաբանություններ։ Լրագրողները հոգնեցին մեզ այդ հարցը տալուց եւ սեփական ենթադրություններն արեցին՝ հանգելով մեկ բանի․ քաղաքական հետապնդում։ Երբ մենք ասում ենք քաղաքական հետապնդում, դրանում իրավական բովանդակություն ենք դնում։ 2016թ․-ին ՄԻԵԴ-ը Վրաստանի նախկին վարչապետի գործով անկյունաքարային, եթե կուզեք՝ դարակազմիկ որոշում կայացրեց։ Չորս ամիս նա անազատության մեջ մնաց, եւ դատարանը մակերեսային քննության էր ենթարկել կալանքի հարցն ու առանց պատճառաբանության՝ ապահովել կալանքի շարունակականությունը։ ՄԻԵԴ-ն արձանագրեց կոնվենցիոն խախտում։ Չալաբյանի գործի դեպքում էլ ի սկզբանե չի եղել նրան կալանքի տակ առնելու փաստական հիմք, սակայն առաջին ատյանի դատարանը նրան կալանավորեց՝ հարցի մակերեսային քննությամբ եւ առանց պատճառաբանությունների»։

Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ ապագայում իրենք ընդգծելու են կոնվենցիոն խախտումները, եթե այս գործը մի օր հասնի ՄԻԵԴ, մինչդեռ եթե առաջին ատյանի դատարանի ակտը լիներ պատճառաբանված, այն կցրեր պաշտպանների եւ հանրության մոտ առկա կասկածները․ «Առաջին ատյանի դատարանը միայն արել է մեկ նախադասությամբ ենթադրություն, թե առկա է Չալաբյանի կողմից գործին խոչընդոտելու հավանականություն, մինչդեռ ՄԻԵԴ-ը կալանքի շարունակականությունը գնահատելու համար անհրաժեշտ է համարում փաստական հանգամանքների առկայությունը»։

Պաշպանի բնորոշմամբ՝ ամենադժվար իրավիճակում հիմա վերաքննիչ դատարանն է, որովհետեւ այս դեպքում վիճող կողմեր չկան․ «Թեեւ մենք գտնում ենք, որ խափանման միջոցի կարիք չկա, բայց կողմերի միջեւ կա լուռ փոխհամաձայնություն, որ գրավն ունակ է ապահովելու Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը։ Նախաքննության ընթացքում, ինչպես քննիչն է մատնանշել, վկաներից որեւէ մեկը չի հայտնել, թե Չալաբյանը կապի է դուրս եկել իր հետ եւ փորձել ներազդել իր վրա»։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Հատկանշական է, որ կալանքի ժամկետը լրանալուց հետո մեղադրող կողմն այն երկարաձգելու միջնորդություն չէր ներկայացրել եւ առաջարկել էր ազատության համար գրավ կիրառել, սակայն առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերջերս որոշել էր երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031