Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պայքարող տեսակ ենք»․ Հայկ Առաքելյան

Սեպտեմբեր 12,2022 21:21

Սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի համայնքի ավագանու համամասնական ընտրություններին կմասնակցի նաեւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը:

Aravot.am-ը զրուցել է «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանի հետ։

 

ԱՅՑԵՔԱՐՏ։ Հայկ Առաքելյանը ծնվել է 1984թ.-ին, Բռնակոթ գյուղում: Բռնակոթի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում` ստանալով ճարտարագետի որակավորում: 2008 թ.-ից ղեկավարում է Առաքելյանների ընտանիքին պատկանող ֆերմերային տնտեսությունը: 2009-2017 թթ.-ին եղել է «Սիսիան ՋՕԸ»-ի խորհրդի նախագահ, 2015 թ.-ից՝ «Արոտ օգտագործողների սպառողական կոոպերատիվ»-ի նախագահ։ 2017թ․-ին ընտրվել է ու այս պահին Սիսիանի համայնքի ավագանու անդամ է, անկուսակցական է։

Ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին:

Ամուսնացած է, ունի, երկու որդի, շուտով կծնվի երրորդ զավակը:

-Պարոն Առաքելյան, ֆերմերային տնտեսության ղեկավարից համայնքի ղեկավար. ինչու՞ որոշեցիք հանգիստ աշխատանքից անցնել այսպես ասած հոգսաշատ առօրյայի ու դժվար աշխատանքի։

-Ես դժվար աշխատանքի սովոր եմ, ծնվել եմ գյուղացու ընտանիքում, սկսել եմ աշխատել դպրոցական հասակից: Երկար տարիներ աշխատել եմ մեր ֆերմերային տնտեսությունում, որը այսօր ղեկավարում եմ:

Իմ գնահատմամբ, ամենադժվար աշխատանքը գյուղացու աշխատանքն է, որը սկսվում է առավոտյան ժամը 5-ից, ավարտվում ուշ երեկոյան՝ առանց հանգստյան օրերի: Ես այդ ռիթմի մեջ եմ դպրոցական տարիներից մինչ օրս: Եվ ես կարող եմ ավելի հոգսաշատ ու դժվարին աշխատանքներ կատարել:

Կոփված եմ:

-«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքն եք ներկայացնում, եթե ճիշտ հասկացա, այն նաեւ Ձեր կարգախոսը կարելի է դիտարկել ։ Ո՞ր կամ ինչպիսի՞ աշխատանքը կտանի արդարության։

-Ազնիվ եւ արդար աշխատանքը կտանի արդարության:

– Գաղտնիք չէ, որ Դուք ընդդիմության թեկնածուն եք․ ընտրվելուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը կառավարության, Սյունիքի մարզպետարանի հետ։ Մտավախություն չունե՞ք, որ կխոչընդոտեն համայնքապետարանի աշխատանքը։

-Ես աշխատելու եմ իմ լիազորությունների սահմաններում ինչպես կառավարության, այնպես էլ մարզպետարանի հետ, ոչ մի մտավախություն չունեմ, որ որեւէ մեկը կխոչընդոտի համայնքապետարանի աշխատանքները:

-Ընտրական հանդիպումներից մեկում ասել եք, որ ձեր թիմը համախմբված է ու վստահելի։ Ի՞նչպես ստացվեց, որ կարողացաք նման թիմ ստեղծել ։

-Ես նպատակադրված չեմ եղել կրկին առաջադրվելու որպես ավագանու թեկնածու, սակայն ավագանու որոշ անդամների, համայնքապետարանի աշխատակիցների, մեր համակիրների հետ քննարկումների ընթացքում եզրակացրեցինք, որ տարիների կատարած մեր աշխատանքի արդյունքները վերջին մեկ տարում փոշիացվել են: Մենք ունենք մեր մոտեցումը համայնքի կառավարման գործում եւ մեր պարտքը համարեցինք մասնակցել ընտրություններին եւ առաջիկա 5 տարիներին ծառայել համայնքին:

-Նկատեցի, որ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ընտրացուցակի 63 թեկնածուի մեջ կան նաեւ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներ, նախակրթարանների, դպրոցների աշխատակիցներ, վարչական ղեկավարներ։ Ճնշում չի՞ գործադրվում նրանց նկատմամբ։

-Ճիշտ եք նկատել, մեր ցուցակում ընդգրկված են ամենեւին ոչ պատահական մարդիկ: Ունենք ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, գործարարներ: Բնականաբար ճնշումներ կան, սակայն դրանք ազդեցություն չունեն մեր նախընտրական պայքարի վրա, քանի որ մենք պայքարող տեսակ ենք:

-Փողոցների բարեկարգում, խմելու ջուր, ներհամայնքային տրանսպորտ, թափառող շների խնդիր, աղբահանություն, շենքերի մուտքերի ու տանիքների նորոգում․ կարծես թե Սիսիան համայնքի բոլոր խնդիրները ներառված են ձեր ծրագրային դրույթներում։ Կա՞ մի խնդիր, որ չեք նախատեսել ու ընտրողներն են բարձրաձայնել ու ընդհանրապես, ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը։

-Այո՛, կան այդպիսի խնդիրներ, քանի որ բոլոր հարցերը հնարավոր չէր ներառել նախընտրական ծրագրում: Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում շատ հարցեր են բարձրացվել, եղել են բազմապիսի առաջարկություններ: Ընտրություններից հետո առաջիկա երկու ամիսների ընթացքում աշխատանքային ծրագիրը մշակելիս այդ առաջարկությունները կներառվեն ծրագրի մեջ:

-Պարոն Առաքելյան, մեջբերում ձեր նախընտրական ծրագրից․ կիրականացնենք քայլեր համայնքում վերականգնելու արդարությունը, համերաշխությունն ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը․ ի՞նչ մթնոլորտ է հիմա համայնքում, ըստ ձեզ։

-Յուրաքանչյուր ընտրության նախաշեմին ամենուրեք մթնոլորտը շիկանում է, այդպես է նաեւ Սիսիանում:

-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը․առողջ մթնոլորտում է արդյո՞ք ընթանում։

-Այս փուլում քարոզարշավը ընթանում է մրցակցային մթնոլորտում:

-Բացի ձեզնից առաջադրվել են եւս 6 քաղաքական ուժ։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերը։

-Բոլոր վեց քաղաքական ուժերի, ինչպես եւ մեր շանսերը շատ բարձր եմ գնահատում:

-Եթե չհաջողվի անհրաժեշտ քվեները ստանալու՝ 50+1–ը, ո՞ր ուժի հետ եք պատկերացնում կոալիցիան։

– Այդ հարցը չենք քննարկել, քանի որ ակնկալում ենք ստանալ քվեների մեծամասնությունը:

–   Եվ այսպես իմ ավանդական հարցը, որ տալիս եմ բոլորին․ կա՞ մի հարց, որ կցանկանայիք ինքներդ ձեզ տալ, ու իհարկե՝ պատասխանել։

– Հայկ, դու վստա՞հ ես, այո՛ ես վստահ եմ, որ հաղթելու ենք:

-Պարոն Առաքելյան, անցնենք բլից–հարցերին, եթե չեք առարկում։ Եվ այսպես՝ Ձեր քվեաթերթիկի համարը 13-ն է։ Ասում են՝ լավ թիվ չէ:

-13-ը պարզապես թիվ է:

-Ինչի՞ց եք վախենում:

-Դավաճանությունից:

– Ո՞ւմ խորհուրդն եք հաշվի առնում կյանքում։

-Իմաստուն խորհուրդները:

– Սիսիանից բացի, ուրիշ որտե՞ղ կապրեիք։

-Ծնվել եմ, ապրում եմ եւ ապրելու եմ Բռնակոթում:

-Ձեր սիրած կենացը։

-Խաղաղություն եւ բարգավաճում մեր բոլորի օջախներին:

-Անկեղծության ձեր բանաձեւը։

-Ատում եմ սուտը:

-Հանդուրժող եմ, մինչեւ․․․

-Չեմ հանդուրժում դավաճանությունը:

-Եթե հանդիպեիք Աստծուն, առաջինը ի՞նչ կխնդրեիք:

-Արդարություն:

-Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, ձեզ եւ ձեր դաշինքին հաջողություն ենք մաղթում։

 

Հիշեցնենք, բացի «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից, Սիսիանի ավագանու անդամի ընտրություններին են առաջադրվել են «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցությունները եւ «Զարգացող համայնք» դաշինքը, որը ներկայացնում են «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությունները։

 

Լուսանկարները` Հայկ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:

Զրուցեց Արմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930