«ՔՊ-ն առաջարկում է համակեցության պայմաններում քննարկել ու հաշտվել: Քննարկել է առաջարկությունների փաթեթ: Այս հայտարարությունը ակնարկում է՝ սպասեք նոր զիջումների, դա կլինի միջանցքի տեսքով, թե տարածքային զիջումներ՝ չեմ կարող գուշակել»,- ՀՀ ԱԺ-ի առաջ հայտարարեց 44–օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հարազատ Եղիշե Զաքունցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այսօր վաղ առավոտից ՀՀ ԱԺ-ի դիմաց ցույց են անում:
Եղիշե Զաքունցը մտահոգություն հայտնեց՝ 44-օրյա պատերազմից հետո երկու տարվա ընթացքում մեր բանակը ոչ մի կերպ չզինվեց:


Կարդացեք նաև
Եղիշե Զաքունցը նաև մտահոգություն հայտնեց, որ այս օրերին զինկոմիսարիատները ոչ մեկին կամավոր չեն ընդունում, որ գնան սահման. նույնիսկ ծնողներին թույլ չեն տալիս, որ գնան իրենց երեխաների մոտ:
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը վստահեցրեց՝ իրենց պահանջը մեկն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա տեղեկացրեց, որ երեկվանից իրենք ՀՀ ԱԺ-ի դիմաց են: Փաստեց, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն առաջարկել է, որ երեք նախագահները, Վեհափառը, Արցախի նախագահները, նախկին ԱԳ նախարարները հանդիպեն, առաջարկվի վարչապետի թեկնածու, և ՀՀ ԱԺ-ում սկսվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը: Նաիրա Մելիքյանն այս առիթով ասաց. «Մենք հայտարարեցինք, որ միանում ենք Սաղաթելյանի կոչին, մենք էլ կոչ-պահանջով դիմում ենք բոլոր նախագահներին, Վեհափառին, որպեսզի համաձայնության գան: Երեկ մեզ պատասխանում էին, որ փորձում են այդ ձևաչափն իրականություն դարձնել, բանակցություններ են գնում: Ցավոք, երեկ ոչինչ էլ չլսեցինք: Այսօր էլ նույնն ենք պահանջում՝ Փաշինյանի հեռացում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ























































