Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսարան՝ Գյումրիից․ դպրոցականները Նժդեհից են խոսում ու անվադողեր, դեղորայք հավաքում

Սեպտեմբեր 17,2022 22:20

Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց այսօր ականատես եղանք հայրենասիրության դրսևորման տեսարանի։ Մի խումբ դպրոցական տղաներ՝ տարբեր տարիքի, անվադողեր, դեղորայք ու ծխախոտ էին հավաքում՝ սահման ուղարկելու համար։ Նրանցից մի քանիսը իրենց փոքրիկ ձեռքերով հազիվ էին գլորելով բերում անվադողերը։

Թաղի բնակիչներից մի քանիսի պատմելով, նրանք դռներն են թակել՝ հորդորելով մեքենաների անվադողերը հանել ու հանձնել հայրենիքի պաշտպանությանը։

Մոտեցանք նրանց ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են արկղեր դրել, ինչո՞ւ են ծխախոտ, դեղորայք, հագուստ կամ սնունդ հավաքում զինվորների համար, երբ Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ ոչնչի կարիք չունեն մեր զինվորները։

Մանկահասակ տղաները պատասխանեցին․ «Ինչպես թե զինվորը մեր կարիքը չունի, զինվորը մեր հոգատարության կարիքը միշտ ունի՝ լինի պատերազմ, թե խաղաղություն։ Մենք անձամբ ենք խոսացել, մեր շրջապատից զինծառայողներ կան, նրանք ասացին՝ ինչի կարիք կա, մենք էլ պարտավորվեցինք այդ գործը կազմակերպել»։

Տղաներից մեկը՝ Երվանդ Միկոյանը, պատմեց․ «Ես ու Խաչոն որոշեցինք, որ հայրենիքի պաշտպանությանը պարտադիր պիտի մասնակից լինենք, թեկուզ էս ձևով,  կարո՞ղ ենք հանգիստ նստել, երբ սահմանին դաժան մարտեր էին։ Գնացինք խանութից արկղեր բերեցինք,քաղցրավենիք, տաք շոր, ծխախոտ,  ջրեղեն,  դեղորայք հավաքեցինք։

Երեկ անվադողեր ուղարկել ենք, քաղաքապետարանը մեքենա  տրամադրեց, այսօր էլ կուղարկենք: Ճիշտ է հրադադար է, բայց կարող է պատերազմն ամեն վայրկյան վերսկսվի, ինչքան հնարավոր է օգնելու ենք մեր զինվորին»։

Մեր հարցին՝ պատրա՞ստ  եք խաղաղության օրակարգի, հաշտության,  13-ամյա Նորայր Ալեքսանյանն ասաց՝  «Թշնամու հետ երբեք»։

15-ամյա  Երվանդ Միկոյանն էլ մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը․ «Լավ է ասում Նժդեհը՝ թուրքը թրի հոգնակին է, բազմաթիվ թրեր, որոնք մխրճված են հայի սիրտը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930