Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվոր Արտակ Միքայելյանի հայր. «Ժողովուրդը վերջապես զարթնելո՞ւ է, թե՞ ոչ»

Սեպտեմբեր 23,2022 16:08

44-օրյա պատերազմում զոհված, գերեվարված եւ անհետ կորած մեր զինվորների ծնողներն ու հարազատները հիմա էլ խորը ցավ են ապրում վերջին՝ եռօրյա պատերազմում, իրենց զավակների ճակատագրին արժանացած երիտասարդների համար: Նրանք նաեւ գիտեն, թե ծնողի համար ինչ դաժան է անորոշությունը, երբ չեն հրապարակվում հայրենիքի պաշտպանության համար նահատակված իրենց հերոս զավակների անունները, ճիշտ թվերը, անհայտ է իրենց զավակների ճակատագիրը: Ինչպես 44-օրյա, այնպես էլ այս եռօրյա պատերազմում զոհվածների, գերեվարվածների ու անհետ կորածների ծնողների ձեռք բերած թվերը գերազանցում են պաշտոնական տվյալները:

Զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի հարազատ Եղիշե Զաքունցը «Հայելի» ակումբում ասաց. «Ահավոր ցավալի է, որ հերթական անգամ ես վերապրում նույնը, ինչ ունեիր 44-օրյա պատերազմում: Անտանելի է, երբ ինֆորմացիա չէին տալիս զոհվածների եւ անհետ կորածների մասին: Հիմա նույն վիճակում բազմաթիվ նոր ծնողներ են հայտնվել: ՊՆ-ն ոչ մի տեղեկություն չի տալիս: Զզվելիներ, բավական է պոպուլիզմով զբաղվեք, թվերը թաքցնեք: Մարդկանց ինֆորմացրեք, տառապանքի մեջ նոր հայտնված ծնողներին ասեք՝ ինչ է կատարվում, այլ ոչ մեր նման, որ զանգում էինք ՊՆ, մեզ ասում էին, թե երեխաները բունկերներում են, մի անհանգստացեք: Խաբելով պահեցիք, խաբելով բերեցիք՝ ազգին գցեցիք այս օրը: Հիմա պահանջում ենք, որ ծնողներին վերաբերվեք հարգանքով:

Ինֆորմացիա կա, որ այս պատերազմի հենց առաջին գիշերը շուրջ 220 զոհ ենք ունեցել: Անուններ չեն հրապարակում, որովհետեւ բավականին մեծ թվեր են: Դրա փոխարեն սեպտեմբերի 21-ին տեսանք, թե նահատակված մեր տղաների ծնողների նկատմամբ ինչ վերաբերմունք ցույց տվեցին Եռաբլուրում: Ժողովուրդը պետք է հասկանա, որ իր պարտականությունը պատերազմի զոհերի ծնողների կողքին գտնվելն է»:

Իսկ զոհված զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը, շարունակեց. «Ժողովուրդը վերջապես զարթնելո՞ւ է, թե՞ ոչ: Մենք ինքներս մեկ տարի երեք ամիս մեր երեխաներին էինք որոնում: Այսօր նույնը կրկնվում է: Երբ ասում էինք, որ պետությունը ոչինչ չի անում նույնիսկ տղաների որոնողական աշխատանքները կազմակերպելու համար, երեւի չէին հավատում կամ իրենց հետաքրքիր չէր: Որոշ ծնողներ ուրախացել էին, որ Ղարաբաղը վերջապես տվեցին ու պրծանք այնտեղից, երեխաները ավելի մոտ, Հայաստանում կծառայեն: Եվ ինչ ունեցանք: Շատ ավելի վատ վիճակ: Ամբողջ Հայաստանի սահմանը դարձավ առաջնագիծ, ոչ մեկն ապահովագրված չի, որ տվյալ բնագծում հարձակում, կրակոցներ, պատերազմ չի լինի: Բարձիթողի վիճակ է, չկա երկիր: Նվաստացրել են երկիրն ու բանակը: Իսկ ժողովուրդը սպասում է չգիտես ինչի:

Այսօր, թերեւս, ամենաանվտանգ վայրը Արցախն է, որովհետեւ այնտեղ ռուս խաղաղապահներն են կանգնած: Նույնիսկ Երեւանը անվտանգ չէ: Թուրքի ախորժակն արդեն բացվել է: Ու մեր ժողովուրդը ի՞նչ է մտածում: Ես կորցրել եմ ու միշտ ասել եմ՝ չեմ ուզում, որ իմ վիճակում նոր ծնողներ հայտնվեն: Բոլորն էլ մեր երեխաներն են: Խնդրում եմ: Ընդամենը երկու-երեք օր է պահանջվում պայքարելու եւ այս իշխանությանը վռնդելու: Սրանից վատ անհնարին է, որ լինի: Բանակը կվերականգնվի: Նախկիններ կլինեն, նորեր կլինեն՝ կոալիցիոն կառավարություն կլինի, բայց առանց փողոցից հավաքված այս ավելցուկների»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930