Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյան․ «Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք, ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին։ Ասում են՝ դա շատ ցավալի է, բայց շահեկան»

Հոկտեմբեր 05,2022 15:32

Moderna-ի համահիմնադիր, գործարար Նուբար Աֆեյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապին, ասաց՝ դրանք թուլացած են, քանի որ տեղեկատվության պակաս կա։

«Սփյուռքը Հայաստանին օգնելու իր կարողությունների 1/1000 մասն է օգտագործում»,-ասաց գործարարը։

Co-Founder of FAST, Founder and CEO of Flagship Pioneering, Co-Founder and Chairman of ModernaInc Noubar Afeyan holds a speech during the ‘Global Innovation Forum’ at Dvin Music Hall of Yerevan, Armenia

Նրա ներկայացմամբ՝ պարզ է, որ հնարավոր չէ ամբողջովին բաց պատմել այն ամենը, ինչ է տեղի ունենում, բայց մյուս կողմից էլ, եթե որեւէ տեղեկություն չի լինում, հայերը տարբեր երկրներում կասկածի մեջ են ապրում․ «Լոս Անջելեսում կամ Կալիֆոռնիայում նստած հայերն ասում են` հիմա մենք ինչ անենք, ինչով օգնենք։ Ու ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես կարող է օգնել Հայաստանին։ Մենք մեզ հեռու ու հեռացած ենք զգում։ Այդ զգացումը շատ ցավալի է: Հարկավոր է գտնել այն միջոցը, ուժը, որ սփյուռքի ու Հայաստանի միջեւ կապերի հզորացումը դառնա ավելի կարեւոր։ Այս նպատակն այսօր Հայաստան–սփյուռք առաջնահերթությունների նույնիսկ առաջին տասնյակում չկա»։

Նրա դիտարկմամբ` սփյուռքի ուժը ավելի դժվար է դարձնել առավել շոշափելի, այդ ուղղությունը կարծես կարող է արդյունքի չհանգեցնել․ «Սփյուռքը մեկ անձ, մեկ կազմակերպություն չէ, դա էլ է խնդիր»։

Նրա կարծիքով՝ սփյուռքի խնդիրներից մեկն էլ այն է, որ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբում չկա, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունը չի տալիս հստակ նպատակ, ծրագիր, որով սփյուռքը պետք է գործի արտերկրում։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, նա նշեց՝ որպես ամերիկահայ, Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ շփվելով այդ երկրի իշխանությունների հետ, միշտ նկատել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի անբաժանելի գործընկեր, ուստի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում սպասում էին, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, բայց սպասելիքները չարդարացան, եւ ԱՄՆ-ի համար առիթ դարձավ, որպեսզի «զբաղվի» Հայաստանով։

Սա, ըստ Աֆեյանի, ԱՄՆ-ի հայ համայնքի համար առիթ է դարձել, որպեսզի Հայաստանի դեմ ագրեսիան օրակարգային հարց դարձնի։

Աֆեյանի խոսքով՝ այն, ինչ լավ գիտի սփյուռքը, դա այն է, ինչ անել, որպեսզի մարդիկ զբաղվեն Ցեղասպանության ճանաչման խնդրով, հիմա էլ փաստորեն նույն խնդրի մասին է խոսքը․ «Հարկավոր է կազմակերպչական նույն հնարավորությունները տրամադրել այս թեմային, քանի որ ներկա պահին մեզ սպառնում են նոր ցեղասպանությամբ։ Հիմա էլ մեզ սպառնում են ցեղասպանությամբ, նույն հրեշներն են, որոնք 100 տարի առաջ իմ պապին ու նրա եղբորը դատապարտել են մահվան»։

Նա վստահեցրեց, որ ՄԱԿ-ի վերջին համաժողովի ժամանակ խոսել է Իսրայելի նախկին վարչապետի հետ․ «Ես իրեն շատ պարզ բան ասացի՝ դուք, որ ցեղասպանված ազգ եք, ինչպե՞ս եք ընդունում, որ ներկա պահին ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին։ Ասում են՝ դա շատ ցավալի է, բայց շահեկան։ Ես էլ ասացի, որ այդ նույն շահերն էին, որ 70 տարի առաջ իրենց ցեղասպանության դատապարտեցին։ Այդպես է, աշխարհն այսօր հիմնված է շահերի վրա, Հայաստանը, ցավոք, աշխարհի համար որեւէ շահ չի ներկայացնում։ Իսկ այսօր ամբողջ աշխարհում մարդասիրությունը որեւէ արժեք չունի»։

Անդրադառնալով որոշ երկրների ակտիվացմանը Հայաստանի շուրջ առաջացած խնդրի առնչությամբ, Աֆեյանն ասաց՝ կամ Հայաստանի հարցով նրանց մոտ ինչ–որ շահ է առաջացել, կամ էլ այդ երկրների ղեկավարների մեջ վախ է առաջացել, որ իրենց հասարակությունները կարող են պահանջել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկել։

Նուբար Աֆեյանը, հիշեցնենք, մասնակցում է Երեւանում այսօր մեկնարկած Գլոբալ նորարարական  5-րդ ֆորումին (GIF)։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31