Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ե՞րբ ԲԴԽ-ում ճգնաժամ չէր, ճգնաժամային չէ՞ր, որ Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց՝ ԱԱԾ-ի միջամտությամբ եւ հիմա Վանեցյանը խոսում է ժողովրդավարության մասին». Սաքունց

Հոկտեմբեր 12,2022 16:42

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն իր թիմակիցներին՝ արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին եւ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին այսպես ասած գործուղեց ԿԸՀ եւ ԲԴԽ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «ԿԸՀ, ԲԴԽ նախագահների ընտրության քաղաքական պատճառներն ու հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց. «Դա նահանջ է  ժողովրդավարական այնպիսի կարեւոր սկզբունքից, ինչպիսին են ազատ ու արդար ընտրությունները»:

Կարեն Անդրեասյանը, երբ նախարար էր, հայտարարել էր․ «Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը վստահ է՝ Անդրեասյանը հենց իր այս խոսքերի համար էլ ընտրվել է ԲԴԽ նախագահ. «Դա այսօրվա քաղաքական իշխանության համար ամենակարեւոր առանձնահատկությունն է ու լուսանկարը կախելը կարեւոր է: Ես չեմ զարմանում, որովհետեւ ընդհանուր տխուր պատկերի մեջ տեղավորվող է: Կարեն Անդրեասյանի հետ կապված կա մեկ այլ մտահոգիչ բան՝ կա կուլիսային պայմանավորվածություն, որ ինքը դառնում է ԲԴԽ նախագահ, որովհետեւ ԲԴԽ-ն այդքան ժամանակ չէր ընտրում նախագահ, սպասում էր ու հենց Անդրեասյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, նույն օրը ԲԴԽ-ն նիստ արեց ու միանգամից նրան ընտրեց նախագահ: Այսինքն, նախարարի պաշտոնը թողնելուց ինքը գիտեր, որ գնում է՝ ԲԴԽ նախագահ դառնալու եւ ոչ թե անդամ: ԲԴԽ անդամներից մեկի՝ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականը եւս խոսում է այն մասին, որ եղել են խնդրահարույց խմորումներ, կուլիսային խնդիրներ, որոնք չպիտի լինեին»:

Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Դատական օրենսգրքով։ Իհարկե, ես կարող էի մնալ եւ շարունակել պայքարը Խորհրդի եւ դատական իշխանության անկախության համար, բայց գործընկերներիս մեծամասնության իներտությունը եւ նրանց կողմից աջակցության բացակայությունը ինձ հուշում են, որ ես այլեւս Խորհրդում անելիք չունեմ»:

Արթուր Սաքունցը, արձագանքելով Բեքմեզյանին, ասաց. «ԲԴԽ-ն ե՞րբ ճգնաժամի մեջ չի եղել, որ: Խնդիրն այն է, որ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ինչ-որ հատվածային ժամանակահատվածի համար են գնահատական տալիս: Ճգնաժամային չէ՞ր, որ Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց՝ ԱԱԾ-ի միջամտությամբ: Եվ հիմա Վանեցյանը խոսում է ժողովրդավարության մասին: Ընտրեցին մի մարդու, որին ասում էին՝ դե հա, ընկերն է, ի՞նչ անենք: Կամ ճգնաժամային չէ՞ր Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար գտնվելու ժամանակահատվածում: ԲԴԽ-ի աշխատանքը մշտապես է եղել խնդրահարույց: Պարզապես արձանագրում ենք, որ հերթական անգամ իշխանությունը այնպիսի քայլերի է գնում, որոնք չեն համապատասխանում իրենց բովանդակությամբ հայտարարված նպատակին: Գուցե չե՞ն հասկանում դատական իշխանության նշանակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31