Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանը հրավիրել էր գործընկերներին, հանդիսատեսին՝ միասին նշելու երկու հոբելյաններ՝ ծննդյան եւ բեմական գործունեության։ Երրորդն էլ մենք հիշատակենք՝ մանկավարժական գործունեության։
Օպերային ճանաչված երգչուհու կարիերայի սկիզբը դժվարին 1990-ականներին էր։ Մեծանուն Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ ասպիրանտուրայում ուսանելու տարիներին կայացավ նրա մենահամերգը, որին հաջորդեց հրավերը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից՝ հանդես գալու Փառանձեմի դերերգով՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում։




Կարդացեք նաև
Յուրաքանչյուր երաժշտի համար ձեռքբերում է նաեւ ելույթ ունենալ հեղինակավոր սրահներում. հայ երգչուհին բեմ է բարձրացել Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում… Երգչուհու ձայնի տեմբրով տպավորված, որոշ կոմպոզիտորներ ստեղծել են երկեր։ Օրինակներից մեկը Տիգրան Մանսուրյանի ալտի, ձայնի եւ դաշնամուրի համար Իսահակյանի բառերով գրված «Գիշեր- երգ» վոկալ շարքն է։ Ժամանակին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հնչած այդ ստեղծագործության պրեմիերայից հետո անվանի կոմպոզիտորը մեզ հայտնեց ու հավաստիացրեց, որ հիշյալ վոկալ շարքը ստեղծել է Քրիստինե Սահակյանի մասնակցությամբ Պերգոլեզիի Stabat Mater-ում մեցցո սոպրանոյի պարտիան լսելուց հետո եւ դրա ազդեցության տակ:
Արդեն երկու տասնամյակ Քիստինե Սահակյանը կոնսերվատորիայում ունի իր մասնագիտական դասարանը։ Դոցենտի ուսանողներից երկու անուն վստահ կարող ենք առանձնացնել՝ ՀՀ նախագահի մրցույթի առաջին մրցանակակիր, սոպրանո Մարիաննա Հովհաննիսյան եւ Գերմանիայի Շտուտգարդ-օպերայի երիտասարդական ծրագրի մեներգչուհի, մեցցո սոպրանո Մարիամ Ալոյան։
Մի բան էլ. երբ խոսք է գնում Քրիստինե Սահակյան երգչուհու մասին, շեշտվում է, թե նա այն եզակիներից է, որ երբեք չի հետաձգել կամ չեղարկել որեւէ բեմել՝ ձայնի առողջականի պատճառով։ Կատակում էլ են. եթե Արքիմեդն ասում էր՝ տվեք ինձ հենման կետ եւ ես շուռ կտամ աշխարհը, ապա Քրիստինեին բավական է բեմ ու հանդիսատես…
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2022





















































