Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ռուսական ռազմաբազան՝ հայ-վրացական հարաբերությունների առանցքում. Թինա Խիդաշելի

Հոկտեմբեր 18,2022 21:50

44-օրյա պատերազմի օրերին խոսակցություններ տարածվեցին, որ Վրաստանը չի թույլատրում իր տարածքով դեպի Հայաստան զենք տեղափոխել. խոսակցություններին հետեւեցին պաշտոնական պարզաբանումները: Ըստ այդմ՝ պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ իր տարածքով զենքի տեղափոխումն արգելվել է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ պատերազմող մյուս կողմի՝ Ադրբեջանի համար: Ավելի ուշ՝ 2022 թվականի ապրիլի 29-ին, ADA համալսարանում «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ. «Մենք հետևել ենք բոլոր ուղղություններով՝ Ռոստովից, Մոզդոկից։ Մենք մեր վրացի բարեկամներին խնդրել ենք փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Մենք նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա էլ են արել, և մենք շնորհակալ ենք նրանց»: Ալիեւի փոխանցմամբ՝ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Իրանն անտեսել էին Բաքվի խնդրանքը:

Aravot.am-ի հետ այս թեմայի շուրջ զրույցում 2015-16 թվականներին Վրաստանի պաշտպանության նախարար պաշտոնավարած Թինա Խիդաշելին կարծիք հայտնեց, որ իր երկիրը մի շարք միջազգային համաձայնագրերի է միացել, համաձայն որոնց, պարտավորվել է պատերազմող երկրների միջեւ հավասարակշռություն ապահովել՝ այդ թվում կամ հիմնականում զենքի մատակարարման, իր տարածքով տարանցման մասով: Տվյալ դեպքում, տարածաշրջանում հավասարակշռության ապահովման համար Վրաստանը կարող էր իր տարածքը տրամադրել Հայաստանին՝ զենքի տարանցման համար, բացառապես այն պարագայում, երբ Ադրբեջանը նույնպես նման խնդրանքով կդիմեր, եւ այն եւս կբավարարվեր: Տվյալ պահին կոնկրետ հարցով վրացի պաշտոնյաներից ո՞վ եւ ինչպիսի՞ որոշում է կայացրել, մեր զրուցակիցը չի կարող ասել, բայց այն փաստաթղթերը, որոնց Վրաստանը միացել է, պահանջում են բացառապես հավասարակշռված մոտեցում: Ադրբեջանի նախագահի նման հայտարարություններն էլ մեր զրուցակիցը տարակուսելի է համարում, քանի որ ինքը լավ հիշում է՝ երկու կողմերն էլ Վրաստանից այդ ժամանակ ակնկալիքներ ունեին եւ երկու կողմերն էլ հավասարապես դժգոհություն էին արտահայտում:

Առհասարակ, ըստ Թինա Խիդաշելիի, այս առումով Վրաստանի եւ Հայաստանի միակ, թերեւս հիմնական խնդիրը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան է. «Անընդհատ կա մտահոգող հարց՝ ո՞ւմ համար է այդ զենքը՝ հայկական կողմի՞, թե՞ ռուսական ռազմաբազայի: Այդ պատճառով էլ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ մենք ունենք հատուկ համաձայնություն, ըստ որի, Հայաստանում Վրաստանի դեսպանատան ռազմական կցորդը կարող է, այսպես ասենք, ուղեկցել համապատասխան բեռը՝ հավաստիանալու համար, որ այն իրապես հայկական կողմի համար է եւ այն չի հայտնվում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում»:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանն այս առիթով Aravot.am-ի հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ էին Հայաստանում մտածում, որ Վրաստանը թույլ կտա զենքի տարանցումը: Ադրբեջանն էլ է հարեւան, Թուրքիան էլ: Ավելին, տնտեսական առումով Վրաստանը կախված է Թուրքիայից: Հայերի մոտ շատ են սպասելիքները Վրաստանից՝ էմոցիոնալ հարթությունում, որոնք գործնականում իրական քայլերով ամրապնդված չեն: Այսինքն, եթե Վրաստանից նման քայլ ես ակնկալում, պետք է հասկանաս, որ դա արվելու է Վրաստանի շահերի, անկախության հաշվին, ուստի, եթե նման ակնկալիք կա, պետք է հասկանաս, որ ամենաքիչը համարժեք քայլ էլ Հայաստանը պետք է Վրաստանի համար անի: Պետք է հաշվի առնել նաեւ, որ Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական բացարձակ այլ միավորման մեջ է: Բացի այդ, Հայաստանում այսօր դեռ կան կուսակցություններ, որոնք  ասում են, որ Ջավախքը հայկական տարածք է եւ այլն: Նաեւ՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերը գրեթե զրոյական են. ավելին, այս առումով, Հայաստանն է Վրաստանից կախված, Վրաստանը Հայաստանից կախված չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Թինա Խիդաշելիի եւ Առնոլդ Ստեփանյանի հետ հանդիպումները կայացել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31