Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն քաշը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Բայց ավելի մեծ քաշով եւ դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցը նույն պատասխանատվությանն է ենթարկվում, ինչ համեմատաբար նվազ քաշ ունեցող եւ ավելի քիչ վնաս հասցրած տրանսպորտային միջոցը: Հիմա կառավարությունը գտնում է, որ այդ մոտեցումը արդյունավետ չի, եւ իրավախախտումը չի կանխվում: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցող՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանն ասաց, որ առաջարկում են սահմանել քաշը գերազանցելու համար 200 հազար դրամ տուգանք եւ դրանից ավելի յուրաքանչյուր 1 տոննայի համար եւս 200 հազար դրամ տուգանք:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ վիճակագրություն կա՞, շա՞տ են խախտումները, Դանիելյանը պատասխանեց, որ չեն ուսումնասիրել, վիճակագրություն էլ չունեն:
Կարդացեք նաև

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
















































